...

37 թվի մեկ օրը. Ինչպես էր Քոչարյանը հիմնավորում Տեր-Պետրոսյանին եթեր չտալը

37 թվի մեկ օրը. Ինչպես էր Քոչարյանը հիմնավորում Տեր-Պետրոսյանին եթեր չտալը

Վերջին օրերին 4rd.am-ը հանդես եկավ մի շարք հրապարակումներով, որտեղ հիշեցնում էինք, թե ինչ հալածանքների են ենթարկվել ՀՀ քաղաքացիները, ընդդիմության ներկայացուցիչները Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին: Այդ հրապարակումները զայրույթի մեծ ալիք բարձրացրեցին, նրանցում նշված փաստերը շատերի համար «ամերիկա հայտնաբերելու» պես մի բան էին: Պարզվեց, որ նոր են իմանում, թե ինչ տառապանքների, խոշտանգումների, հալածանքների միջով ենք անցել: Սա վերաբերում է հատկապես երիտասարդ սերնդին, որը 10-20 տարվա վաղեմության իրադարձություններին նոր է ծանոթանում: Շատերը պահանջում են պատժել այդ տարիներին մարդկանց խոշտանգումների, բռնությունների ենթարկած պաշտոնյաներին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին: 

Բայց ամենազարմանալին այն է՝ այս հրապարակումների վերաբերյալ ոչ մի ծպտուն չի լսվել նրանցից, որոնք վերջին շրջանում առիթ-անառիթ 37 թվի մթնոլորտի մասին են խոսում: Քոչարյանական լրատվամիջոցները չեն տարածում մեր նյութերը, քոչարյանական վարձկան-իրավապաշտպանները չեն արձագանքում «հերոսի» տարիների սահմռկեցուցիչ փաստերին: Սա բնական է, ի՞նչ խոսեն, ի՞նչ ասեն, դրա համար իրենց չեն վճարում:

Իսկ մենք շարունակելու ենք ներկայացնել քոչարյանական-սարգսյանական տարիների 37 թվին բնորոշ փաստերը հիշեցնել: Այս անգամ ներկայացնում ենք «ՉԻ» հրապարակումներից մեկը, որը քոչարյանական վարչախմբի հանցագործությունների ընդամենը 1 օրվա քրոնիկոնն է: Նշենք, որ այս բոլորը մարտի 1-ի նախօրեին էր տեղի ունեցել: 

«ՉԻ», մարտի 1, 2008

ՀԻՄԱ ԷԼ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԴԵՄ

Երեկ Գլխավոր դատախազություն է հրավիրվել Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Երջանիկ Աբգարյանը:«Գործ է հարուցվել Աբովյանի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեղադրանքով: Ես կանչվել եմ որպես վկա: Պայմանավորվել ենք, որ երկուշաբթի օրը կներկայանամ փաստաբանիս հետ», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Երջանիկ Աբգարյանը:

Նրա վկայությամբ, ընտրությունների օրը ինքը, Գուրգեն Եղիազարյանը և Լյուդմիլա Սարգսյանը կարճ ժամանակով այցելել են նշված տեղամասը: «Ես հասկացա, որ կազմվել է անօրինական գործ, որպեսզի կոծկվի հանցագործությունը մեր դեմ՝ այդ ծեծ ու ջարդը», - կարծիք հայտնեց Երջանիկ Աբգարյանը: Ընտրությունների օրը ժամը 11-ի սահմաններում 28/06 տեղամասի մատույցներում ծեծի են ենթարկվել Երջանիկ Աբգարյանը, Գուրգեն Եղիազարյանը (վերջինս այժմ Ռ. Քոչարյանի մոլի պաշտպան ու համախոհ է դարձել, խմբ.) և վերջինիս որդին` Համբարձում Եղիազարյանը:

ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Երեկ Ազատության հրապարակում, երթի ավարտից հետո, Նիկոլ Փաշինյանը պատմել է երթի ժամանակ տեղի ունեցած մի իրադարձության մասին: Անցյալ տարվա հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երթի ժամանակ, որ նպատակ ուներ մարդկանց տեղեկացնել Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի մասին, մի ոստիկան հարվածել էր երթի մասնակիցներից մեկին: Երեկ երթի ժամանակ այդ քաղաքացին ոստիկանների շարքում նկատել է այդ նույն ոստիկանին, մոտեցել նրան և կատակով թփթփացրել փորին: Ոստիկանը ճանաչել է քաղաքացուն, ժպտացել, և նրանք ողջագուրվել են: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ոստիկանների և ժողովրդի միջև տարաձայնություններ չկան: Եթե նախկինում երթերի ժամանակ ոստիկանները լարված էին լինում, ապա հիմա նրանց դեմքին հանգստություն կա, ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՕԵԿ-Ը` 20 ՀՈԳԱՆՈՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Երեկ մի շարք ՕԵԿ-ականներ Ազատության հրապարակում պատռեցին իրենց կուսակցական տոմսերը` նրանք հիասթափված են իրենց առաջնորդի վարմունքից: Օրինակ` ՕԵԿ անդամ Համլետ Գրիգորյանը պատմեց, թե երբ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց, իրենց կուսակցությունից շատերը հեռացան, իսկ ինքը մնաց, իսկ երեկ երբ հեռուստացույցով տեսել է Արթուր Բաղդասարյանին Սերժ Սարգսյանի հետ երջանիկ համաձայնագիր ստորագրելիս, անմիջապես որոշել է լքել այդ կուսակցությունը: Սակայն մի քանի ՕԵԿ-ականներ չկարողացան նույնպես պատռել իրենց կուսակցական տոմսերը: Դա թույլ չտվեց Լ. Տեր-Պետրոսյանը:

«Ես կխնդրեմ չայրել կուսակցական տոմսը, որովհետև հենց այսպիսի դեպք է լինում, կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, թե մենք այդպիսի անդամ չունենք»,- ՕԵԿ կուսակցականներին ասաց ՀՀ Առաջին նախագահը:

Ավելի ուշ ՕԵԿ մամուլի ծառայությունը տարածեց պարզապես արտառոց մի հաղորդագրություն, որում մասնավորապես ասված էր. «Այսօր Ազատության հրապարակում երկու քաղաքացի ելույթ են ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության անունից` ի ցույց դնելով անդամատոմսերը: Անհրաժեշտ ենք համարում հասարակությանը իրազեկել, որ դրանք ՕԵԿ անդամներ չեն, քանի որ ՕԵԿ անդամատոմսերի հին նմուշները դեռևս Արթուր Բաղդասարյանի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո ճանաչվել են անվավեր, իսկ նոր նմուշի կուսակցական տոմսեր ստացել են առայժմ միայն վարչության անդամները!!!!»: Ստացվում է, որ այսօր ՕԵԿ անդամ են միայն այդ կուսակցության վարչության անդամները, այսինքն, մի 10-20 հոգի: Սա նույնիսկ գրպանային կուսակցության էլ չի ձգում:

ԲԼՈԿԱԴԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՑ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ

Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը երեկվա հանրահավաքում դիմել է Կարմիր Խաչի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին: Ալիկ Արզումանյանի խոսքով, գիշերը անհնար է դարձել Ազատության հրապարակում գտնվողներին սնունդ և վառելափայտ հասցնելը, քանի որ իշխանությունը պատերազմական վիճակի նման կիրառում է շրջափակման քաղաքականություն: Ալեքսանդր Արզումանյանը խնդրում է Կարմիր խաչին տրամադրել մեքենաներ, որոնցով հնարավոր լինի սնունդ և վառելափայտ հասցնել Ազատության հրապարակ:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մեր հույսը Կարմիր խաչի վրա չէ, այլ ժողովրդի հավաքականության:

ՍՏԱԼԻՆԻ ԵՎ ԲԵՐԻԱՅԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը` քաղաքացիներ Յուրի Մամյանի և Ժորա Սիրադեղյանի նկատմամբ 2 ամսով կալանքը որպես խափանման միջոց ընտրելով: «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի կարծիքով` որոշումը կանխատեսված էր. «Քանի գործը իրավական հարթության մեջ չէ, նրանց նկատմամբ շարունակվելու է բռնի ուժ կիրառվել»: Տավուշի մարզի բնակիչներ` 73-ամյա Ժորա Սիրադեղյանը(Կոթի գյուղ) և 63-ամյա Յուրի Մամյանը (Նոյեմբերյան քաղաք) ձերբակալվել էին երկու օր առաջ ապօրինի զենք պահելու կասկածանքով: Նրանց բնակարանում խուզարկությամբ հայտնաբերվել էր զենք և փամփուշտներ:

«Ըստ էության գործընթացում իրավական ձևակերպում չկա, դատարանը միանշական է գործում` առանց որևիցե բան հաշվի առնելու, օրինակ` որ հայտնաբերվածը փամփուշտ էր: Եվ կապված տարիքի հետ կասկածյալը փախչող չէ, որ նա որպես այդպիսին իր գործողություններով չի կարող խանգարել քննչական մարմնի գործողություններին»,- «Ա1+»-ին հայտնեց Տեր-Եսայանը` նշելով, որ դա նվազագույնը «հրահանգ է, որ այդ երկու քաղաքացիները անազատության մեջ լինեն»:

Նրանց բնակարանները խուզարկել էին Լևոն Տեր-Պետրոսյանի` իրենց մարզում քարոզարշավի հանդիպմանը մասնակցելուց հետո: Ի դեպ, Ժորա Սիրադեղյանը Վանո Սիրադեղյանի եղբայրն է, իսկ մյուս ձերբակալվածը` նրա ազգականը: Ժորա Սիրադեղյանն ու Յուրի Մամյանը այժմ գտնվում են Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: Ժորա Սիրադեղյանի վիճակը ձերբակալման առաջին իսկ օրվանից լավ չէ, և նա դեղեր է ընդունում:
Այս առումով թերևս տեղին է հիշեցնել, որ վերջին 10 տարվա ընթացքում բազմիցս զուգահեռներ են տարվել Ստալինի և Քոչարյանի, Բերիայի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Վիշինսկու և Աղվան Հովսեփյանի միջև: Այժմ մեզ մնում է փաստել, որ այդ զուգահեռները ապշեցուցիչ կերպով ճիշտ են: Օրինակ, հայտնի փաստ է, որ Ստալինը իր հիմնական մրցակիցներից մեկին` Տրոցկուն, ԽՍՀՄ-ից աքսորելուց հետո, ստալինյան ռեպրեսիաների ժամանակ գնդակահարել տվեց Տրոցկու եղբորը, տղային, քրոջը, քրոջ ամուսնուն և բազմաթիվ այլ ազգականների: Իհարկե, Վիշինսկու և Բերիայի ձեռքերով: Մազաչափ կասկած չկա, որ Ռ. Քոչարյանը առաջին իսկ հնարավորության դեպքում կկրկներ իր ուսուցչի հանցանքները:

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ ուսանողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանին հեռուստաեթեր չի տրամադրվում, պատասխանել էր, որ քարոզարշավի ընթացքում 7 անգամ Առաջին նախագահին հրավիրել են հեռուստաբանավեճի, բայց նա մերժել է, «հավանաբար պատրաստ չի եղել հեռուստաբանավեճի. միգուցե անսպասելի կամ տհաճ հարցերի պատասխանելու», իսկ հիմա, ըստ Քոչարյանի, հեռուստաեթեր չեն տրամադրում ապօրինի հանրահավաքների կազմակերպիչներին. «Ես կարծում եմ՝ ճիշտ են անում, և դա տվյալ հեռուստաընկերության խորհրդի որոշումն է, եթե անկախ հեռուստաընկերությունները ուզում են հրավիրել՝ իրենց գործն է, ես կարող եմ միայն հանրայինի մասին ասել, որովհետև հանրայինի խորհրդի կազմը ես եմ ձևավորում, բայց իրենք ունեն իրենց վերաբերմունքը, որովհետև իրենց խորհրդի նախկին նախագահ Տիգրան Նաղդալյանին սպանել են և իրենք համարում են, որ այդ սպանելու որոշման կայացմանը մասնակցել է այդ հարթակում կանգնածներից մեկը, թեկուզ այսօր նստած է իր եղբայրը»:

Այս հայտարարությունից հետո «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նկատել է. «Հանցագործ կա՞ հարթակում կանգնած, տարեք դատեք, ինչու չեք դատում, և ի վերջո օրենք կա հեռուստատեսության և ռադիոյի մասին, որտեղ հանրային հեռուստաընկերության գործունեությունը հստակ սահմանվում է. քաղաքական կողմնորոշում չունենալ, համակրանք, հակակրանք չդրսևորել: Աբսուրդ է: Մեր փողերով աշխատող հեռուստաընկերությունը պիտի մեզ կողմնորոշի ու ինքը կողմնորոշվի նրանով, թե չգիտեմ ով, չգիտեմ երբ, չգիտեմ ում է սպանե՞լ: Հիմարություն է»:

Խմբ. կողմից. Ռ. Քոչարյանն այսօր գրպանային լրատվամիջոցների հարուստ հավաքածու ունի: Բայց խոսում է հալածանքներից: Այն ժամանակ չի էլ թաքցրել, որ ինքն է որոշել՝ ում եթեր տալ, իսկ ում՝ ոչ: Նորից կարդացեք հիմնավորումը. Հ1-ը չպետք է եթեր տա Լ. Տեր-Պետրոսյանին, որովհետև նրա կողմնակիցների շարքում մի մարդ կա, որի եղբայրը Տիգրան Նաղդալյանի սպանության մեջ է մեղադրվել ու դատապարտվել: Բա 37 թիվը էլ ո՞նց էր լինում:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   5941 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ