...

Ադրբեջանի հետ բանակցելու նպատակը Մամեդյարովին գոհացնելը չէ. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Ադրբեջանի հետ բանակցելու նպատակը Մամեդյարովին գոհացնելը չէ. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Օրերս ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հիասթափություն էր հայտնել հայ պաշտոնակցի` ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Նյու Յորքում իր վերջին հանդիպումից: ԱԺ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը «ՉԻ» հետ զրույցում մեկնաբանեց հայտարարությունը՝ նշելով, որ Ադրբեջանի հետ բանակցելու նպատակը Մամեդյարովին գոհացնելը չէ: 

- Այստեղ խնդիրն ուրիշ է, և ես մի կարևոր հանգամանք եմ ուզում առանձնացնել: Ադրբեջանում կան թյուրընկալումներ Հայաստանի օրակարգերի մասին, բայց Հայաստանը իր առջև հստակ խնդիրներ է դրել: Այս տարվա փետրվար ամսին  անվտանգության խորհրդի նիստում ներկայացված է բանաձև, թե մենք ինչպես ենք պատկերացնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը: Մինչդեռ Ադրբեջանի կողմից եղել են հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն նպաստում բանակցային նորմալ միջավայրի ձևավորմանը: Օրինակ, Զանգեզուրի, տարածքային ամբողջականության, թյուրքական աշխարհի միավորման միրաժների մասին հայտարարությունները, Նժդեհի անվան շահարկումը: Բնականաբար, նաև այսպիսի հակահայկական հիստերիան թույլ չի տալիս,  որպեսզի ձևավորվի բանակցային նորմալ մթնոլորտ: Իսկ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Ադրբեջանում (իշխանությունների դեմ բողոքի ցույցեր, միտինգներ), ստիպում են Ադրբեջանի իշխանություններին ժողովրդին համախմբել և ուղղորդել, այսպես ասած, արտաքին թշնամու կերպարի դեմ, որը հին և փորձված մեթոդ է: 

Մթնոլորտը լարված է, որովհետև Ադրբեջանում տեղի են ունենում սոցիալ- քաղաքական որոշակի գործընթացներ, և Հայաստանում հեղափոխությունը չէր կարող ազդեցություն չունենալ դրանց վրա: Ինչքանով Ալիևի ռեժիմը կկարողանա կերակրել սեփական ժողովրդին: Այդ պատճառով փորձ է արվում վերևից թելադրված բարեփոխումներ մտցնել Ադրբեջանում: Վերջերս ընդդիմությունը  բռնության դեմ ցույցեր էր անում, սակայն այդ ցույցերը շատ դաժան կերպով ճնշվեցին, իսկ այդ առնչությամբ եղան  հայտարարություններ ԵԽԽՎ-ից, որը այդ երևույթի վտանգավորության մասին մտահոգություն հնչեցրեց: 

- Պարոն Ավետիսյան, ըստ ձեզ, Սիրիայի դեպքերը  ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա:

- Սիրիայում կատարվածը ես հասկանում եմ իբրև ապրիլյան պատերազմի ուրվական: Այնտեղ էլ տեղի ունեցան դեպքեր, որոնք կասկածի տակ դրեցին անվտանգության ընդհանուր համակարգը: Սիրիայում իհարկե մի փոքր այլ էր, քանզի մենք տեսանք, որ այն նույն ջանասիրությամբ, որով մարտնչում էին տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնները, այժմ կա որոշակի համագործակցություն: Այսինքն՝ թուրքական  այս արշավանքին համաձայն էր ԱՄՆ-ը, համաձայն էր Ռուսաստանը, որոշակի առումով համաձայն էր նաև Ասադը, որովհետև քրդերը իր համար էլ էին խնդիր, և ըստ էության քրդերը մենակ էին մնացել: Այս ամենը գլոբալ պայմանավորվածությունների հետևանք էր: Ընդամենը  երկու կառույց արձանագրեցին, որ կան խնդիրներ: Դրանցից մեկը Եվրամիությունն էր, որը, ըստ երևույթին, հաշվի էր առել միգրանտների հոսքերը  և դրանց հետևանքները: Մյուս երկիրը Իրանն էր, որը դատապարտել էր երևույթը: Որոշակի չափով կատարվածը դատապարտեց նաև Ռուսաստանը: Ես կարծում եմ, որ մեր պարագայում լարվածությունը չի փոխանցվի մեր սահմանագծին, քանի որ գլոբալ անվտանգության պայմանավորվածությունները այդպիսին են: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը նաև հասկանում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը շատ լուրջ է: Եվ քանի որ գումարները ավելանում են, հնարավորություն է ընձեռվում բարելավել ու համալրել ռազմական բազան: Դրա համար, կարծում եմ, ավելորդ հուզականությունը այս առնչությամբ ավելորդ է, և պետք է շատ սթափ նայել իրավիճակին: Լարվածության մասին դատողությունները պետք է դիտարկել միայն պաշտոնական հարթության մեջ: Բանակում բարեփոխումներն ակնհայտ են թե՛ սննդի բարելավման, թե՛  ռազմական տեխնիկայի ներմուծման առումներով: Մենք կարող ենք փաստել, որ ունենք մարտունակ բանակ:

- Խոսվում է այն մասին, որ բյուջեի սղության պատճառով բանակը նոր զինտեխնիկայով հագեցնելու ուղղությամբ պաշտպանական համակարգի համար  գումարներ նախատեսված չեն: 

- Դա այնքան էլ այդպես չէ: Պաշտպանական ոլորտի համար կան բյուջետային ծախսեր, որոնք չեն երևում և չպետք է երևան: Դրանք ներկայացվում են այլ տողերով: Ինչպե՞ս կարող է պատերազմող կամ պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը լուրջ չվերաբերվել մարտունակությանը: Կա նաև ռազմավարական ծրագիր. կառուցելու ճանապարհ Գորիսի միջով: Սրանք ծրագրեր են՝ ուղղված պաշտպանական համակարգին, իսկ բանակի մարտունակության խնդիրը առաջնահերթայիններից է: Ուղղակի գաղտնիք չէ, որ որոշ անձինք այդ խնդիրը դարձնում են ներքաղաքական շահարկումների թեմա:

- Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին հայ-ադրբեջանական սահմանին կուտակումների, ինչպես նաև մի քանի տասնյակ երկրապահների առաջնագիծ մեկնելու մասին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ճիշտն ասած, ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ: Չկա նաև պաշտոնական պարզաբանում, այդ իսկ պատճառով չեմ կարող մեկնաբանել այդ տեղեկությունը:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5875 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ