...

Ալյուրոտ ձեռքեր. Ալրաղացի Լյով

Ալյուրոտ ձեռքեր. Ալրաղացի Լյով

«ՉԻ» #407, սեպտեմբերի 24, 2004 թ.

Օրերս ՀՀ ոստիկանությունը հաղորդում տարածեց, որ Մոսկվայի մարզում հայտնաբերվել և ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը՝ հայտնի որպես Ալրաղացի Լյով: «Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում: 

Իսկ ո՞վ է եղել Ալրաղացի Լյովը հեղափոխությունից առաջ։

Ներկայացնում ենք «Չորրորդ իշխանություն» թերթի դեռևս 2004 թվականի մի հրապարակում, որը մասամբ կլուսավորի Լևոն Սարգսյանի «ալյուրոտ» կերպարը։ Մասամբ, որովհետև Ալրաղացի Լյովիկի «քաջագործությունների» մասին դեռ շատ բան կա պատմելու նաև մարտի 1-ին իրադարձություններին նրա առանցքային մասնակցության շուրջ։ Այդ մասին՝ առաջիկայում։

Հավելենք միայն, որ Լևոն Սարգսյանը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերը վերաբերում են «ավազակությանը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, կազմակերպված խմբի կողմից», 223-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «հանցավոր համագործակցությանը մասնակցելուն»:


ԱԼՅՈՒՐՈՏ ԴՐՈՇ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

Ինչպես և խոստացել էինք, այս հոդվածով կփորձենք ցույց տալ, թե ինչ է իրենից ներկայացնում ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով): Առ այսօր նրա մասին մամուլի հրապարակումները ընդամենը էպիզոդիկ բնույթ են կրել, և ամբողջական պատկերացում չէին կարող տալ Լ. Սարգսյանի մասին: Իսկ հետաքրքիր դրվագներ նրա կենսագրության մեջ բավական շատ են: Սկսենք ամենասկզբից:

Իր կենսագրությունը սկսել է որպես հացի գործարանի բանվոր: Երբ այդ գործարանի բաժնետոմսերի հիմնական փայատերը դարձավ Խաչատուր Սուքիասյանը, Լևոն Սարգսյանը կոորդինացնում էր Սուքիասյանի գործունեությունը: Այնուհետև նույն կոորդինատորական առաքելությամբ Խ. Սուքիասյանը նրան ուղարկեց «Բջնի» գործարան: Այսպես մինչև 1998թ. հեղաշրջումը: Այսինքն, մինչև հեղաշրջումը բոլորին անծանոթ մարդ է եղել: Իսկ ինչպե՞ս է նա հարստացել:

Հացի գործարանը ձեռք բերելու համար 1998թ. բավական խոշոր վարկ է վերցրել բանկերից մեկից և ձեռք է բերել գործարանի բաժնետոմսերի 70%-ը: Կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ է Խ. Սուքիասյանը համաձայնվել վաճառել իր բաժնետոմսերը: Մեր տեղեկություններով, Խ. Սուքիասյանի վրա մեծ ճնշում են գործադրել ընդհանրապես բոլոր բաժնետոմսերը Լ. Սարգսյանին վաճառելու համար և միայն Վազգեն Սարգսյանի միջամտության շնորհիվ է Խ. Սուքիասյանը իր ձեռքում պահել բաժնետոմսերի 30%-ը: Ընդ որում, Լ. Սարգսյանը գործարանից ընդհանրապես դուրս է հանել մեկ այլ խոշոր փայատիրոջ` ԱԺ պատգամավոր Գևորգ Դավթյանին, հենց որն էլ փաստացի կառավարում էր գործարանը: Իսկ թե ում շնորհիվ է մինչ այդ բոլորովին անհայտ Լ. Սարգսյանը ճնշում գործադրել Խ. Սուքիասյանի վրա, կարծում ենք, որ կհասկանաք այս հոդվածից:

Բայց մինչև հացի գործարանին տիրանալը, Լ. Սարգսյանը հաջողացրել էր արդեն բավական մեծ գումարներ վաստակել: Համենայնդեպս, վերջինիս հետ շփվողները նշում են, որ Լ. Սարգսյանը մինչ օրս որտեղ նստում, գլուխ է գովում, թե ինչ փողեր է աշխատել 1990-ական թվականների սկզբին` հացի կտրոնների շնորհիվ: Նույնիսկ հպարտությամբ ասել է, թե չէին հասցնում հացի կտրոնների վաճառքից ստացված փողերը հաշվել, այնքան շատ էին: Այն ժամանակ, եթե հիշում եք, շատ շահավետ բիզնես էր ալյուրի մեջ թեփ լցնել և որպես ալյուր դուրս գրել իրացման համար: Ընդհանրապես շատ է հպարտանում, թե ինչքան ձայն է լցրել Քոչարյանի համար 1998թ. և 2003թ. ընտրությունների ժամանակ:

1998թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որտեղ, ի դեպ, Ալրաղացի Լյովը համարվում է ամենամեծ խախտումների հեղինակներից մեկը, որի տարածքում գրանցվեցին ռեկորդային թվով ծեծ ու ջարդեր, Լ. Սարգսյանին սկսեց «պապայություն» անել Կառլոս Պետրոսյանը: Ամենուրեք Լ. Սարգսյանը Կառլոս Պետրոսյանի անունով էր գործում, և Կառլոս Պետրոսյանն էլ ծածկում էր նրա «հերոսությունները»: Չար լեզուների պնդմամբ, այդ հերոսություններից էին ռեկետը, խուլիգանությունը և սրան- նրան ծեծելը: Իսկ Կառլոս Պետրոսյանի հետ նրա հարաբերությունների «գագաթնակետը» դարձավ Մերգելյանի ինստիտուտի մոտ կառուցված շքեղ դղյակը, որը մամուլի հրապարակումների համաձայն` պատկանում էր Կ. Պետրոսյանին, այնուհետև Լ. Սարգսյանը հայտարարեց, որ այդ առանձնատունը ինքն է կառուցել: Ում հարցրել ենք Լ. Սարգսյանի մասին, առաջին պատասխանը հետևյալն էր. «Պուտանկա մատակարարող էր»: Պարզվեց, որ երբ 1998թ. հեղաշրջումից հետո Լ. Սարգսյանը դարձել է ալրաղացի գործարանի բաժնետոմսերի հիմնական փայատերը, գործարանի տարածքում սաունա է կառուցել, որտեղ էլ նա պատիվ էր տալիս օրվա իշխանավորներին: Վարչապետներ են եղել, նախարարներ, տարբեր ուժային կառույցների ղեկավարներ. անունները չտանք: Այդ պահին ով իշխանավոր է եղել, նրա համար ամեն ինչի պատրաստ է եղել Լ. Սարգսյանը:

2003թ. նախագահի ընտրություններում առավել վառ դրսևորվեցին Ալրաղացի Լյովի «մարդկային» որակները, երբ Շիրվանզադեի դպրոցում իր գլխավորությամբ գործող մոտ 20 պնդակազմ երիտասարդներ մի քանի ժամ շարունակ դաժան ծեծի ենթարկեցին 3 երիտասարդ աղջիկների` լրագրողներ Մարգարիտ Սարգսյանին, Գոհար Վեզիրյանին և «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանին: Եվ ինչն է հետաքրքիր. այդ ամենը կատարվել էր Կառլոս Պետրոսյանի որդու աչքի առաջ, որն այնտեղ անվտանգության պահպանումն էր իրականացնում:

Ի դեպ, ընտրություններից հետո Լ. Սարգսյանի կյանքում որակական փոփոխություն կատարվեց. նրա անմիջական «տանիքը» դարձավ Սերժ Սարգսյանը: Կառլոս Պետրոսյանը դա հետևյալ հանգամանքում է իմացել: Երբ անցյալ տարի մեքենաների ապակիներից ժապավենները հանելու հրահանգ իջեցվեց, ՊԱՏ-ը Մարգար Օհանյանի ղեկավարությամբ բոլորինը հանել էր: Երբ կանգնեցրել են Լ. Սարգսյանի ավտոմեքենան, որ այնտեղից էլ հանեն, Կառլոս Պետրոսյանը կանչել է նրան և ասել, որ այդ որոշումը բոլորի վրա է տարածվում, Քոչարյանը հրաման է տվել, պետք է բոլորինն էլ հանվեն: Լ. Սարգսյանը հարցրել է, թե կարո՞ղ է դա շեֆից ճշտել: Այն հարցին, թե շեֆդ ով է, Ալրաղացի Լյովը պատասխանել է` Սերժը: Կառլոս Պետրոսյանը ասել է. լավ, գնա շեֆիցդ ճշտի: Սերժ Սարգսյանը պատասխանել է` մի հանիր: Այդ պահից ի վեր Կառլոս Պետրոսյանի և Լ. Սարգսյանի միջև հարաբերությունները սրվել են:

Այժմ անդրադառնանք «Հայկական ժամանակ» օրաթերթին տված նրա հարցազրույցին: Այնտեղ, օրինակ, Լ. Սարգսյանը այն հարցին, թե ինչու չի գնում խորհրդարան, պատասխանում է, թե «որովհետև այնտեղ ոչ մի նորմալ բան չի կատարվում»: Հարց է առաջանում. եթե դու քեզ համարում ես «դուխով» տղա և արհամարհում ես խորհրդարան գնալը, ապա ինչու՞ ես բժշկի տեղեկանք բերել, թե բացակայությունները հիվանդության պատճառով են: Տղամարդ լիներ, ընդդիմության նման բարձրաձայն հայտարարեր, որ չի գնում և վերջ. ինչ ուզում են անեն: Չնայած սրա նման «տղամարդիկ» խորհրդարանում շատ են. մի գլուխ միայն հիվանդի թղթեր են բերում:

Հաջորդը. Լ. Սարգսյանը հայտարարում է, թե 4-5 հազար աշխատող ունի: Շատ հետաքրքիր է իմանալ, թե որտեղ են աշխատում այդ հազարները: Ինչքան հաշվեցինք, քցեցինք, բռնեցինք` 1000 հոգուց ավել չստացվեց: Իհարկե չհաշված սափրած գլուխների խմբերը. մի 100 էլ դրանք են: Իրականում, դրանով Լ. Սարգսյանը ցանկանում է ասել, թե օլիգարխ եմ: Բայց բոլորն էլ գիտեն, որ վերջինս ընդամենը օլիգարխի իմիտացիա է. 3-4 մեքենաներից կազմված կորտեժով պտտվելը դեռ օլիգարխի չափանիշ չէ: Հետո, ոչ մի օլիգարխ առ այսօր խորհրդարանում ծեծկռտուքների մեջ չի ներքաշվել, իսկ Ալրաղացի Լյովին մի հատ «ֆաս» են տալիս, վազում է: Ամենասև, կեղտոտ գործերը նրան են հանձնարարում, սա էլ կատարում է: Այսինքն, իր վրա է վերցնում իշխանության «կվալտի» դերը. մի բան, որից օլիգարխները խուսափում են: Ընդ որում, այն ֆունկցիան, որն իրականացնում է Ալրաղացի Լյովը, հենց իր համար է վտանգավոր: Վերջինս իշխանությունների և սափրագլուխների միջև կապող օղակ է հանդիսանում: Վերևից նրան հրահանգ է իջեցվում, վերջինս այն փոխանցում է սափրագլուխներին, սրանք էլ կատարում են: Այսինքն, ոչ մի սափրագլուխ չի իմանում, թե իրականում ում հրամանն է կատարում: Եվ եթե սափրագլուխների հանցագործությունները բացահայտվեն, Ալրաղացի Լյովին անմիջապես վերացնելու են և սափրագլուխների միջոցով դեպի իշխանություն տանող բոլոր ճանապարհները միանգամից փակվելու են: Հենց այս մեխանիզմով են աշխատել իտալական մաֆիոզ խմբավորումները, որի շնորհիվ դրանց պարագլուխները ցանկացած իրավիճակից «չոր» են դուրս եկել:

Իսկ առայժմ Լ. Սարգսյանին ամեն ինչ թույլատրվում է, սա էլ անում է: Թե ինչ աստիճանի է հասել Ալրաղացի Լյովին տված «պրախոդը», մեզ հայտնեցին ոստիկանության մեր աղբյուրները:

Ըստ այդ աղբյուրների, ս.թ. գարնանը, ՆԳ 7-րդ վարչության աշխատակիցները նկատում են մի միկրոավտոբուս, որը ուղեկցում է Լ. Սարգսյանին: Երբ սկսում են հետևել այդ միկրոավտոբուսին, նրա ներսում նկատում են ավտոմատներով զինված մարդկանց: Բնականաբար, դրանց ձերբակալելու խնդիր է առաջանում: Անմիջապես օպերատիվ կապի մեջ են մտնում նախարարի հետ, զեկուցում են միկրոավտոբուսի մասին և խնդրում են լրացուցիչ ուժեր` զինված մարդկանց զինաթափելու և ձերբակալելու համար: Կարճ ժամանակ անց տեղեկություն է գալիս, որ այդ մեքենային չի կարելի ձեռք տալ, այն Ալրաղացի Լյովի թիկնապահներինն է, իսկ նրանց մոտ գտնվող ավտոմատները գրանցված են պաշտպանության նախարարության հաշվեցուցակում: Այսինքն, ստացվում է, որ Ալրաղացի Լյովը պաշտպանության զինվորներով է պտտվում: Իսկ այս փաստը առաջացրել էր 7-րդ վարչության աշխատակիցների զայրույթը:

Եվ վերջինը. մամուլում նշվեց նաև, որ Ալրաղացի Լյովը ձեռք է բերել Սևանի «Ախթամար» ռեստորանը: Իրականում, մեր տեղեկություններով, այդ ռեստորանը պատկանում է Սերժ Սարգսյանին, իսկ Լ. Սարգսյանին այն տվել են զուտ աշխատեցնելու համար:

Պ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5927 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ