Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
03.12.2019   10:00
589

Անասնագլխաքանակը կրճատվել է

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարի անկում է արձանագրվել։ ՀՀ վի­ճակագրական կոմիտեի տվյալներով՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվա­զել են 7.4 տոկոսով:

Վիճակագրության ներկայացրած տվյալներին «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը թերահավատորեն է մոտենում: Իր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է մոտ 10 տոկոս՝ հատկապես պտղի, խաղողի, ցորենի, կարտոֆիլի արտադրության, անասնապահության ոլորտներում: Նրա դիտարկմամբ՝ բոլոր ուղղություններով ծանր վիճակ է:

Բույսերի պահպանության խնդիր ունենք

Առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտում գրանցված անկումը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով էր: Երկրորդն, ըստ Հրաչ Բերբերյանի, սխալ կառավարման: Այս տարի քիչ էր ծիրանի բերքը:

«Անձրևների պատճառով փոշոտում չեղավ, որի հետևանքով բերքը քիչ էր: Անցյալ տարվա համեմատ ծիրանի բերքը 30 տոկոսով պակաս էր»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց գյուղատնտեսը:

Դեղձը լավ վիճակում էր, նախանձելի չէր խաղողը: Բերքատվության ցուցանիշը նվազել էր: Ըստ վիճակագրական տվյալների՝ խաղողի բերքը մոտ 30 000 տոննայով նախորդ տարվանից պակաս էր:

«Պատճառը գրանցված հիվանդություններն էին՝ սնկային հիվանդություններ կային»,- հավելեց նա:

Քիչ էր նաև լոլիկի բերքը: Հրաչ Բերբերյանի խոսքով՝ քանի դեռ լոլիկի ցեցի դեմ պայքար չի տարվում, խնդիրը լինելու է նաև մյուս տարի:

«Մի պետություն, որ չի կարողանում մորմազգիների ցեցի դեմ պայքարել, էլ ի՞նչ եք ուզում: 3 անգամ փողեր մսխվեցին ցեցի դեմ պայքարի ծրագրի վրա, բայց արդյունք չեղավ»,-  նկատում է փորձագետը: 

Նախորդ տարվա համեմատ նաև կարտոֆիլի ցանքատարածությունների թիվն է և՛ կրճատվել, և՛ քիչ էլ բերք է ստացվել: Բերբերյանի հաշվարկով՝ բերքի 10 տոկոս անկում է եղել: Գյուղացին սերմի խնդիր է ունեցել: Ցորենի դեպքում էլ նույնն է:

«Ցորենն է շատ վատ վիճակում: Կտեսնեք՝ ինչքան ցանքատարածություն է պակասել: Սերմ չունի գյուղացին»,- վրդովվեց նա:

Հանրապետությունում այսօր մեծ թափով զարգանում են ջերմոցային տնտեսությունները: Բերբերյանը փաստում է՝ ջերմատները ժամանակակից տեխնոլոգիաներով են կառուցվում, բայց դա հարցի լուծում չէ: Երբ հայկական լոլիկը Ռուսաստանի Դաշնության շուկա է մտնում, չի կարողանում մրցակցել թուրքականի հետ: Հարևան երկրում լոլիկներն աճեցվում են առանց ջեռուցման՝ պոլիէթիլենային ծածկի տակ, իսկ հայ արտադրողը ջեռուցման համար հսկայական գումար է ծախսում, որ լոլիկ մշակի: Արդյունքում էլ հայկական լոլիկը գնային առումով չի կարողանում պայքարել թուրքականի դեմ:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը շեշտում է, որ այսօր բույսերի պահպանության լուրջ խնդիրներ ունենք: Հիվանդությունների դեմ ժամանակին բուժում չի կատարվում:

«Պետական ծրագրերով մենք բյուջեից հատկացումներ ենք անում սրսկումների համար: Արդյո՞ք այդ գումարներն էֆեկտիվ են ծախսվում, չեմ կարող ասել»,- ասաց մեր զրուցակիցը:

Խոտը թանկացել է

Անասնապահության ոլորտում էլ է անկում՝ խոշոր եղջերավորների գլխաքանակն է կրճատվել: Գյուղատնտեսի դիտարկմամբ՝ անասնակերի խնդիր կար: 

«Մի հակ խոտը դարձել է 1000-1300 դրամ: Տավարի միսն արդեն թանկացել է, անասնակերի պակաս կար, և մարդիկ անասուններին վերացրեցին: Նոր տարվա շեմին միսն ավելի կթանկանա»,- մատնանշեց նա: 

Մանր եղջերավոր անասունների թիվն էլ է նվազել: Բերբերյանն անարդյունավետ է համարում կառավարության ոչխարաբուծության զարգացման ծրագիրը:

«Նկարած ծրագրեր են: 30000 գլուխ ներկրելու համար ցածր տոկոսով վարկ են տալիս՝ փոխանակ աջակցեն տեղական արտադրողին: Խթանում են առևտուրը, ոչ թե գյուղատնտեսությունը: Կառավարության ներկայացրած տվյալներով մեկ տարվա մեջ 19 000 տոննա ոչխարի միս է արտադրվել, մենք այդքան գլխաքանակ չունենք»,-եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան



 Պիտակներ

         Մանյա Պողոսյան, Հրաչ Բերբերյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476