Սատիրիկոն
06.12.2019 / 22:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 21:00
Քաղաքական
06.12.2019 / 20:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 19:30
Սատիրիկոն
06.12.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 18:00
26.11.2019   14:15
1143

Անցյալի պատանդները

«Ատելության քարոզի» մասին վերջերս շատ են խոսում: Ընդ որում, ընթերցողներին է ներկայացվում հայաստանյան քաղաքական խոսույթի արդի մակարդակը: Ընդ որում, տարբերություն չի դրվում իշխանության և «ընդդիմության» խոսքային վարքի մեջ: Բայց … 

Խոստովանենք՝ սույն հոդվածը չէր ծնվի, եթե չլիներ Վազգեն Մանուկյանի «Վերնատան» անդամների հայտարարության հետևյալ պահանջը՝ «դադարեցնել իշխանության ամենաբարձր մակարդակով խրախուսվող ատելության քարոզը»: Կրկնենք՝ այս քաղաքակիրթ կոչի հեղինակները Վ. Մանուկյանն ու իր աջակիցներն են, որոնց ջերմ պաշտպանները ցայսօր զբաղված են ամենասիրելի գործով՝ ՀՀ առաջին նախագահին «քննադատելով»: Ինչ ուզում եք արեք, ինչ փաստ ու փաստարկ ուզում եք բերեք, միևնույն է, սրանք իրենց բոլոր դժբախտությունները կապում են միայն մեկ անվան հետ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի: Եվ ահա Նիկոլ Փաշինյանին ուղղած նրանց հիմնական մեղադրանքը Տեր-Պետրոսյանին ժամանակին աջակցելն է, ինչից բխեցնում են, որ «Նոր Հայաստանի» վարչապետը նրա քաղաքական ժառանգորդն է: Ուղիղ հակառակը: Վարչապետը 90- ականների հետևանքն է և պատանդը: Ինչպե՞ս: Ահա այսպես:

«Ատելության քարոզը» դադարեցնելու վազգենմանուկյանական խմբի ջերմ պաշտպանները մինչ օրս մամուլը և սոցցանցերը ողողում են 90- ականների բառապաշարով և «կուռ տրամաբանությամբ»: Նրանց ատելությունը չափ ու սահման չունի: Նրանց աջակիցներն էին ժամանակին մարդկանց ծառերից կախելու կոչեր անում, նրանց աջակիցներն էին 96-ին մտել ԱԺ, նրանց քաղաքական թիմի անդամն էր մատնացույց արել ԱԺ նախագահին և փոխնախագահին՝ բորբոքված մարդկանց ասելով՝ ահա նրանք, արե′ք նրանց հետ, ինչ ուզում եք, նրանց այսօրվա առաջնորդն է Նաիրի Հունայանին և նրա հանցակիցներին «մի խումբ ռոմանտիկներ» անվանել… Չեմ շարունակում: Փաստեր ու փաստարկներ չեմ բերում: Անիմաստ է: Նույնն են անելու : Նշեմ միայն, որ 90- ականների քարոզիչներին հաջողվել է շատ- շատերին համոզել, որ խորհրդային «ծաղկուն» երկիրը փլվեց Լևոնի պատճառով, որ 90-ականների իրենց հակառակորդներն են թալանել անբավ հարստություն… Հաջողվեց նաև բոլորին համոզել, որ 96-ի «մեղավորները» այն ժամանակվա իշխանավորներն էին:

Հիշեցնեմ միայն մեկ բան. 98-ից 2008-ը իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի ձեռքում էր: Ինչու՞ ոչ ոքի չդատեցին: Ն. Փաշինյանն ինքն էլ էր լրագրող այդ տարիներին, ինքն էլ էր «ընդդիմանում» իշխանությանը և երևի հավատում այդ տարիների աննախադեպ ատելության քարոզին: Ուստի նրա խոսքում հաճախադեպ «ասֆալտին պառկցնելն ու պատերին ծեփելը» շատ ավելի մեղմ արտահայտություններ են, քան «ծառերից կախելը» և սրա-նրա «արյունը խմելը»: Ուրեմն ու՞մ ժառանգորդն է Ն. Փաշինյանը գոնե խոսքային մակարդակում… 

90- ականներն անցյալ են: Սակայն շատերն են մնացել այդ տարիների սև քարոզչության ազդեցության տակ, անգամ երիտասարդ քաղաքական գործիչներն են դրա պատանդը: Ահա թե ինչու են ներողություն խնդրում մի բանի համար, որ իրենք չեն արել, որ չգիտեն էլ՝ իրականում եղե՞լ է, թե՞ ոչ: Այո′, մութ մնացած հարցեր կան, չլուծված հիմնախնդիր կա: Բայց այս ամենը կարող է լուծում ունենալ, եթե դուրս գան հին կարծրատիպերի շրջանակից, եթե նախկին և ներկա բարդույթները չխանգարեն, եթե… 

Իսկ «ատելության քարոզը» երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցրել, հեղափոխական երկարատև հռետորաբանությունը՝ նույնպես: 

Զ. Գաբրիելյան



 Պիտակներ

         Վազգեն Մանուկյան, ատելության խոսք, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, «Վերնատուն»

Գովազդ

Ամենաընթերցված













«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 831















Homos Latentus
Homos Latentus
03.12.2019 / 641