...

Անկանխատեսելի էքստրիմ, թե՞ տուրիզմ

Անկանխատեսելի էքստրիմ, թե՞ տուրիզմ

Հանգստի մեկնելու համար ի՞նչ զբոսաշրջային գործակալության դիմել, որպեսզի և՛ լիարժեք հանգիստ վայելել, և՛ ապահով տուն հասնել:

Զբոսաշրջային  գործակալությունների ընտրության հարցն ավելի քան արդիական է դարձել A&R Tour տուրօպերատորի հետ պատահած միջադեպից հետո։ Հայաստանցի զբոսաշրջիկները հուլիսի 24-ին չէին կարողացել Եգիպտոսից հայրենիք վերադառնալ տուրօպերատորի հետ առաջացած խնդիրների պատճառով։ Դեպի Եգիպտոս ՝ Շարմ էլ Շեյխ և Հուրգադա,  տոմսեր են վաճառվել, իսկ ավելի ուշ այդ ուղղություններով չվերթները չեղարկել են, քանի որ ընկերությունը փոխադրողին չարթերի դիմաց գումարը չի փոխանցել։

Կառավարությունը միջամտել էր, երկու չարթերային չվերթ էր իրականացրել, որոնց միջոցով  նրանք հայրենիք էին հասել:

Օրեր առաջ մեղադրանք է առաջադրվել «Էյ Ընդ Ար տուր»-ի տնօրենին:  Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում ընկերություն դիմած մի շարք քաղաքացիներից և տուրիստական գործակալություններից ստացվել ու խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ նախնական տվյալներով 30.616.995 դրամ գումար:

Ինչպես չսխալվել  տուրօպերատոր ընտրելիս

Որևէ զբոսաշրջային ընկերությանը հանգստի կազմակերպումը վստահելուց առաջ պետք է նրա հետ պայմանագիր կնքել, որում նշված կլինեն ուղևորության մանրամասները։ Եթե ընկերությունը հրաժարվում է նման պայմանագիր կնքելուց, ապա չարժե նրան վստահել։ Նման խորհուրդ է քաղաքացիներին տվել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
 
Նրա խոսսքով՝ նախ պետք է պայմանագիր կնքել տուրիստական  գործակալության հետ։ Այնտեղ պետք է նշված լինեն ուղևորության հետ կապված բոլոր մանրուքները. տրանսպորտը, ապահովագրությունը, հյուրանոցն ու անգամ սնունդը: Որպեսզի քաղաքացիները չստացված հանգիստ չունենան և կառավարություն էլ հարկատուների հաշվին ստիպված չլինի գումար հատկացնել և մարդկանց տուն հասցնել, մասնագետն առաջարկում է խնդրին նախ օրենսդրական մակարդակով լուծում տալ: Իսկ մյուսը կողմից էլ, սպառողը պետք է արդեն գոյություն ունեցող օրենսդրության շրջանակում իր իրավունքներն իմանա ու դրանց հետևողական լինի:

«Օրենքը սահմանում է, որ զբոսաշրջային  օպերատորները սպառողին՝ զբոսաշրջիկին, փաթեթ վաճառելիս պարտավոր է կնքել պայմանագիր: Մեծամասնությունը պայմանագիրը չի կնքում: Գործող օրենսդրությամբ իրավական հետևանքը զուտ հետևյալն է՝ եթե պայմանագիրը չի կնքում կամ պայմանագիր կնքվել է, սակայն պարտադիր դրույթներից որևէ մեկը բացակայում է կամ խախտման դեպքում, զբոսաշրջիկի և գործակալության միջև վեճի առկայության դեպքում հաշվի են առնվում սպառողի գրավոր հիմանավոր բացատրությունները: Օրենքն ասում է՝ եթե պայմանագիր չկքնվի,  տուրօպերատորը հայտնվում է ավելի նվազ պայմաններում, այստեղ սպառողն ավելի լավ պայմաններում է հայտնվում»,- նշեց Ապրեսյանը:

Գործող որևէ զբոսաշրջային ընկերություն այսօր լիցենզավորված չէ: Ժամանակին դա չեն արել, քանի որ շուկան զարգանալու և կայանալու խնդիր ուներ: Այսօր արդեն  զբոսաշրջային ծառայությունների շուկան  ձևավորված է: Մեխակ Ապրեսյանը շուկայում կարգավորումներ մտցնելն արդեն նույնիսկ ուշացած է համարում: Ըստ նրա՝ լիցենզավորումը, բնավ, չի նշանակում, որ դաշտը մաղելու են:

«Որևէ մեկի գործունեությունն արգելելու նպատակ չի դրվում:  Նպատակն է ապահովել բարեխիղճ մրցակցային միջավայր, բոլորի համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծել: Սա կնշանակի, որ այդ անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանողները դուրս կմղվեն: Պայմաններից մեկը կլինի նաև զբոսաշրջային գործակալության նկատմամբ ֆինանսական երաշխիքների ապահովման մեխանիզմի ներդրումը, ասել է թե՝ ապահովագրել սպառողի հետ կնքված պայմանագրի կատարումը նրա սնանկության դեպքում»,- կարևորեց փորձագետը:

Զբոսաշրջային գործակալությունը՝ ոլորտի մասին 

«Ոլորտն անտեր վիճակում է»,- շտապում է կարծիք հայտնել «Էլ տուր» զբոսաշրջային ընկերության տնօրեն Լուսինե Սարդարյանը: Նա պատրաստ է աշխատել, եթե ընկերությունները սկսեն լիցենզավորել: Ասում է՝ դրսի իրենց գործընկերները զարմանում են, որ Հայաստանում իրենք դեռ նման պայմաններում են աշխատում:
«Մատների վրա կարելի է հաշվել երկրներ, որտեղ տուրիստական  գործակալություններն աշխատում են առանց ապահովագրության: Դու պետք է բանկում փող ունենաս դրած, որի չափի շրջանակներում դու հնարավորություն ունես աշխատելու, ամեն մեկը չպետք է մի պադվալում նստի՝ գործակալություն բացի, փող հավաքի ու հետո ասի՝ բանկրոտ եմ»,- նշեց նա:

Տնօրենը չի կարծում, որ լիցենզավորումը  շուկան մաքրելու մեխանիզմ կդիտվի: 

Նրա խոսքով՝  այսօր զարգանում է «ինքամինգը», որը երկիր փող բերելու լավ առիթ է: Զբոսաշրջությամբ զբաղվողն ասում է՝ ի՞նչ կլինի, եթե արտասահմանցիների հետ էլ  նման կերպ վարվենք,  տպավորություն կստեղծվի, որ Հայաստանում բոլոր տուրօպերատորները «քցող» են:

Զբոսաշրջության ոլորտում սպասվող փոփոխությունները

Զբոսաշրջության պետական կոմիտեն ոլորտի 10-ամյա  ռազմավարության ծրագիրն է մշակում: Կոմիտեից «ՉԻ»-ին փոխանցեցին, որ առայժմ ոչինչ չեն կարող ասել, քանի որ ծրագիրը դեռ մշակման փուլում է: Բայց վստահեցրեցին, որ մասնագետների և ոլորտում գործունեությամբ զբաղվողների խնդիրները ներառվելու են:

Մեխակ Ապրեսյանն իր հերթին  տեղեկացրեց, որ նոր օրինագիծ է մշակում: Այն մինչև տարեվերջ կքննարկվի կառավարությունում։

Նոր նախագծի հիմնական պահանջը տուրիստական ընկերությունների պարտադիր լիցենզավորումն է։ Առաջարկվում է նաև մեխանիզմ ներդնել, որը կգործի այն դեպքում, եթե ընկերությունը չի կատարել իր պարտականությունները։

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5850 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ