Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
03.12.2019   11:30
711

Անկախ բարերարի կամքից՝ գյուղացին ջուր խմելու իրավունք ունի

2019թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում գրանցվեց վերջին տասնամյակի ամենացածր ցուցանիշը. հավաքվել է շուրջ 9.856.100 դոլար։ Անթաքույց էր նախկինների հրճվանքը՝ մասնավորապես դաշնակցական մամուլն այն որակեց ապտակ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, մենք ապտակ չենք ասում, բայց Նիկոլ Փաշինյանը պիտի դասեր քաղի։ Այն ահռելի հակաքարոզչությունը, որ իրականացնում են իշխանությունների հանդեպ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս, չէր կարող ազդեցություն չունենալ։ 

Եթե մեզ մի փոքր նեղություն տանք և վերհիշենք, թե ինչպես էին պատերազմի տարիներին դաշնակները ԱՄՆ-ում հակաքարոզչություն իրականացնում իշխանությունների դեմ, որ Հայաստանին օգնություն չտրամադրեն, ապա ամեն ինչ հասկանալի է դառնում։ Այսուամենայնիվ արդար չի լինի հեռուստամարաթոնի ցածր ցուցանիշը պայմանավորել միայն հակահեղափոխականների հակաքարոզչություններով։ Ինֆորմացիայի ազատության պայմաններում, երբ ամեն ինչն ամենքին հասանելի է և ոչինչ թաքուն պահել հնարավոր չէ, սփյուռքահայերը նույնպես տեսնում են հեղափոխական կառավարության՝ սեփական բարեկեցությունն ապահովող շռայլությունները։  

Սա սփյուռքից ազդանշան էր այն բանի, որ իշխանությունները պետք է չդավաճանեն հեղափոխության սկզբունքներին, աշխատեն թափանցիկության սկզբունքով. հեղափոխության պահանջ չի եղել իշխանությունների բարեկեցիկ կյանքն էլ ավելի բարեկեցիկ դարձնելը։ Նիկոլ Փաշինյանն ասել է․«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ սկսած պաշտոնյաներից, շարունակած գնորդով ու վաճառողով, պետական բյուջեին պետք է վերաբերվի այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին են վերաբերվում»։ Չենք առարկում վարչապետին և հավելենք, որ ընտանիքը պետության փոքրիկ մոդելն է և ըմբռնումով ենք վերաբերվում: Մնում է՝ կառավարության ղեկավարն ինքն էլ հասկանա, որ արտաքին պարտքը մեծ չափերի է հասել և չհիմնավորված վատնումներ չանի բյուջեից։ Դժվար է ասել, թե Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան բյուջեի հետ այդ կերպ կվերաբերվեր, ինչպես որ վերաբերվում է պետական բյուջեի հետ։ Երբ ընտանիքն ապրում է պարտքերով և աշխարհի տարբեր ծայրերում սփռված իր բարեկամներից նյութական օգնություն (չենք ուզում ավելի նվաստացուցիչ բառով բնութագրել) է խնդրում, ենթադրվում է, որ այդ ընտանիքն իրավունք չունի շռայլություններ թույլ տալու։ Ինչպես հիմա ընդունված է ասել՝ օգնությունը միայն յոլա գնալու համար է։ Իսկ երբ բարեկամները տեսնում են, որ օգնություն հայցող ընտանիքն իրեն շռայլություն է թույլ տալիս, նրանք դադարում են օգնություն տրամադրելուց։ Եթե բյուջեն ի վիճակի է նախարարին վճարել 1.5 միլիոն դրամ, ինչը 22 անգամ բարձր է գիտնականի միջին աշխատավարձից, ինչը չլսված ու չտեսնված բան է աղքատ երկրի համար, պատգամավորներին կարող է 10 ամսում 14 անգամ պարգևատրել, որ կազմել է 1.9մլն դոլար և պատրաստվում է պատգամավորների աշխատավարձն էլ հունվարի մեկից բարձրացնել, ամենայն հավանականությամբ հասցնել նախարարների աշխատավարձին, նույն բյուջից կարելի է 55 միլիոն դոլարով վարչապետի համար օդանավ գնել, ապա թող բարի լինի և սահմանամերձ գյուղին ջրով և բարեկարգ ճանապարհով ապահովի և օգնություն էլ ոչ մեկից չաղերսի։ 

Մինչդեռ ՀՀ սահմանադրության համաձայն բոլորն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք, այդ թվում՝ ուսուցիչները, բժիշկները, ինժեներները, թոշակառուներն ու սահմանամերձ գյուղի բնակիչները։ Հեղափոխության հիմնական պահանջն էր երկրում արդարության վերականգնումը։ Այս պարագայում արդարության մասին խոսելն անիմաստ է։ Սա հեղափոխությանը թիկունքից հարվածել է նշանակում։ Բարերարներն էլ մտածում են՝ եթե բյուջեն նման շռայլություններ կարող է թույլ տալ, ապա կարող են նաև ջրագիծ անցկացնել և ճանապարհ սարքել նույնպես բյուջեի հաշվին։ Իսկ կառավարությունը չպետք է սպասի, որ սահմանամերձ գյուղերում ջրագծի կամ ճանապարհների հարցերը լուծվեն օգնությունների հաշվին։ Անկախ բարերարի կամքից՝ ՀՀ սահմանամերձ գյուղի բնակիչը ջուր խմելու և բարեկարգ ճանապարհ ունենալու իրավունք ունի. սրանք պետք է լինեն կառավարության համար առաջնահերթություններ։ Իսկ երբ ընտանիքը շատ պարտքեր է ունենում, արդեն վտանգավոր է դառնում։ Առաջին հերթին ընտանիքը պետք է մտածի պարտքերը վերադարձնելու մասին, պարտք ունեցող ընտանիքն իրավունք չունի շռայլություն թույլ տալու։ Հակառակ պարագայում բնակարանը պետք է վաճառի, որ պարտքերը վերադարձնի։ Այս մասին բարձրաձայնում ենք՝ ականջալուր լինելով վարչապետի հորդորին, և երկրի բյուջեին վերաբերվում ենք այնպես, ինչպես մեր ընտանեկան բյուջեին։ Հայտնի բան է՝ ոտքդ վերմակիդ չափով պետք է պարզես։

Ջավահիր Այվազյան



 Պիտակներ

         Ջավահիր Այվազյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476