Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
27.11.2019   10:00
606

Ոլորտը բիզնեսի համար գրավիչ չէ

ՌԴ հայերը «թռցրել» են 

Մեղվաբույծներն այս տարվա բերքից են դժգոհ: Անարատ մեղր քիչ են քամել: Անտառային գոտիների մեղվաբույծների բախտն է միայն ժպտացել: Այստեղ համեմատաբար ավելի շատ է բերք ստացվել, քան դաշտավայրային հատվածներում:

Սևանի ավազանի մեղվապահներն են հատկապես շատ նեղսրտած՝ չնչին քանակությամբ են փեթակներից մեղր ստացել: Մեղրի այս տարվա ցածր ցուցանիշը եղանակային անբարենպաստ պայմանների հետ էր կապված՝«ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց Մեղվաբույծների միության նախագահի պաշտոնակատար Արմեն Նազարյանը:

«Սկզբից խոնավ էր, անձրևները չթողեցին, որ մեղուները պաշար հավաքեն, հետո՝ տաքացավ, չորային եղանակը չորացրեց նեկտարը»,- բացատրեց նա:

Նախնական հաշվարկով՝ մոտ 30-40 տոննա մաքուր մեղր ունենք, որը նախորդ տարվա տվյալներին բավականին զիջում է: Մեղվաբույծի խոսքով՝ ավելի շատ ոչ մաքուր մեղրի քանակություն կա:

Մեղվաբույծները տարվա ձեռքբերումը համարում են այն փաստը, որ իրացման խնդրի առջև չեն կանգնել: Մաքուր թե ոչ մաքուր մեղր գրեթե չի մնացել՝ ամբողջը վաճառվել է: Մեղվաբույծների միությունը համակարգող Նազարյանի խոսքով՝ բերքը քիչ էր, դրա համար էլ նախորդ տարիների պես սպառման հարց չառաջացավ: Կախված բերքի որակից՝ մեղրի կիլոգրամն արժե 3000-6000 դրամ:

Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներն են շատ մեղր գնել:

«Մեծ ծավալներով ՌԴ է տարվել, այնտեղ մեղրի դեֆիցիտ էր»,- հավելեց մեղվաբույծը:

Մեղուների անկում է գրանցվել

Մեղվապահներն արդեն 2 տարի է՝ մտահոգվելու պատճառ ունեն: Մեղուների անկման դեպքեր են գրանցվել:
Արմեն Նազարյանը պատմեց, որ անցյալ տարի Տավուշի մարզում են մեղուներ անկել: Մոտ 60-70 տոկոս մեղվաընտանիքների կորուստ է արձանագրվել: Այս տարի, բարեբախտաբար, նման դեպքեր այստեղ չեն գրանցվել: Նման երևույթ է եղել Գեղարքունիքի մարզում: Կասկածում են, որ վարատոզ հիվանդությունն է մեղուների անկման պատճառը: Ասում է՝ պետության կողմից անվճար տրամադրվող դեղամիջոցը չի օգնում:

«Հիմա պետք է լաբորատոր քննություն անցկացվի, որ պարզվի, թե որն է մեղուների անկման պատճառը: Լաբորատորիան պետք է դա հաստատի, որ կարողանանք խնդրի դեմն առնել»,- նշեց նա:

Ներդրող չեն կարողանում բերել

Մեղվաբուծությունը չի զարգանում՝ նկատում է մեղվաբույծը: Ոչ էլ կարողանում են այս ոլորտ ներդրողների բերել: Մեղվապահությունը եկամտաբեր չէ՝ այս ճյուղը բիզնեսի համար գրավիչ չէ:

«Բիզնեսմենները չեն էլ ուզում ներդրում անել: Ասում ենք, եկեք ներդրում արեք, ասում են՝ փողը նվեր տանք, բայց գործ չունենք»,- պատմեց մեր զրուցակիցը:

Պետությունն այսօր 5 տոկոսանոց վարկերով աջակցում է գյուղացուն, որ նա մեղվափեթակների տնտեսություն զարգացնի: Արմեն Նազարյանի խոսքով՝ վախենում են ռիսկի դիմել, քանի որ ոլորտում ֆորս-մաժորային իրավիճակներ հաճախ են պատահում:

«Ցածր տոկոսով են վարկերը տալիս, բայց ռիսկայնությունը չեն կիսում; Օրինակ՝ անցյալ տարի Տավուշում 180 փեթակ մի տնտեսությունը կորցրեց, պետությունը չաջակցեց: Նման իրավիճակներում պետք է գոնե վարկը երկարաձգեն մինչև տվյալ տնտեսությունն ուշքի գա»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան



 Պիտակներ

         Մանյա Պողոսյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476