...

Արկածախնդրություն թե անհեռատեսություն

Արկածախնդրություն թե անհեռատեսություն

Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է արժանանա համաշխարհային քաղաքագիտական մտքի ամենաերևելի ներկայացուցիչների խոր և համապարփակ ուսումնասիրությանը:

Նախկին ռեժիմը, որը 20 տարի խոչընդոտում էր երկրում օրինակարգ իշխանության ձևավորմանը, արդեն տարի ու կես է, ինչ վիժեցնում է պետության մյուս կարևոր ինստիտուտի՝ ընդդիմության կայացմանը և իշխանության իրական հակակշռի ձևավորմանը: Հանրապետականները, որոնք իրենց դաշնակիցների հետ 20 տարի իշխանություն էին, չկարողացան հաղթահարել խորհրդարան մուտք գործելու հինգ տոկոսանոց շեմը: Սակայն տարատեսակ տեխնոլոգիաների միջոցով շարունակում են մնալ դժգոհ էլեկտորատի ցանկությունների առաջատար գեներացնողը և սպասարկողը: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ կան երկու բավական իրարամերժ տեսակետներ:

Առաջին. Գործող իշխանությունը ինքն է շահագրգռված այդպիսի ընդդիմության գոյությամբ: Դեռ երկար տարիներ ու մի քանի սերունդներ հիշելու են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ռեժիմների ավերածությունները: Թափած արյունով, թալանի մասշտաբով և մյուս հանցագործությունների ցինիզմի այդպիսի պաշարով ընդդիմությունը նվեր է ցանկացած իշխանության համար: Քննադատությանը, սխալներին և թերացումներին, միայն պետք է ժամանակին և որակով հիշեցնել նախկին իշխանությունների հանցագործությունների մասին և յուրաքանչյուր համեմատություն կլինի իշխանության օգտին: Այս մասին հպանցիկ նաև հայտարարեց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների դեբատների ժամանակ: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ իշխանությունը չի ցանկանում քաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմի գործունեությանը: Թերևս սրանով է պայմանավորված և բավական չարչրկված պետության զավթումը չճանաչելու Փաշինյանի կառավարության հաստատակամությունը:

Երկրորդ. Գործ ունենք քաղաքական սխալ հաշվարկի հետ: Հեղափոխության և նախկինների մերժման ներքո նոր իշխանությունը կարծեց, որ հանրապետականները և սատելիտները այլևս երբեք վտանգ չեն ներկայացնի թե իրենց, թե Հայաստանի համար: Այս համոզմունքի համատեքստում է տեղավորվում նրանց ահռելի ֆինանսական հնարավորությունների անտեսումը և թերագնահատումը: Ներկայումս գիտակցել են իրենց սխալը, բայց հարցն արմատապես լուծելու պահը բաց են թողել: Շատ բարձրաստիճան կոռուպցիոներներ նախընտրում են վարձել թանկարժեք փաստաբաններ և ձեռք բերել բժշկական տեղեկանքներ ենթադրյալ ու մտացածին հիվանդությունների մասին, քան փոխհատուցել պետությանը հասցված վնասը:

Անկախ նրանից, թե վերոհիշյալ գործոններից որն է ազդել իշխանության որոշման վրա՝ ասպարեզից վերջնականապես չհեռացնելու նախկին ռեժիմի մնացուկներին, այն շատ վտանգավոր է Հայաստանի ժողովրդավարական հեռանկարի համար:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ընդդիմությունը, անկախ նրանից մարգինալ է, արմատական կամ ունի այլ անուն, միևնույն է՝ վնասակար է: Վնասակար է, որովհետև չի ծառայում պետության և հասարակության շահերին, այլ ծառայում է երկու հոգու անվտանգությանը և ամբիցիաներին:

Գործող իշխանությունը մեկընդմիշտ պետք է գիտակցի՝ Սարգսյանը և Քոչարյանը հույս չունեն ընտրությունների միջոցով վերադարձնել իշխանությունը: Իրենց ընդդիմությունն ուրիշ նպատակ է հետապնդում: Ստեղծել քաոսի և ապատիայի մի յուրատեսակ միքս, առաջացնել անջրպետ իշխանության և ժողովրդի միջև, որից հետո իշխանություն վերցնելը կդառնա տեխնիկայի գործ: Այն պահին, երբ իշխանությունը չի վայելի հասարակության ճնշող մեծամասնության համակրանքը, գործի կդրվեն բոլոր այն ականները, որոնք մինչ այժմ խնամքով թաքցված էին իշխանության մեջ և մոտ: Չչեզոքացնելով այդպիսի ընդդիմությանը՝ իշխանությունը ոչ միայն արկածախնդրություն է անում իր հանդեպ, այլև Հայաստանի ապագայի նկատմամբ:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   5745 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ