Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
02.12.2019   10:30
1419

«Արմագեդոնին» սպասելիս

Մարտի 1-ի դեպքերից 11 տարի անց միայն այդ ողբերգական իրադարձությունների հետ կապված հարուցված քրեական գործը հասավ դատարան, սակայն այս գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն իր փաստաբանական թիմի միջոցով  ամեն ինչ անում է, որպեսզի նվազագույնը 11 տարի հետո սկսվի բուն դատաքննության փուլը կամ ընդհանրապես չսկսվի:

Քոչարյանի թիմի հույսն այն է, որ շուտով ռևանշի ծրագիրը կսկսի աշխատել, Նիկոլի «պատվանդանը» կսասանվի, դատարանն ու մեղադրանք առաջադրողները կցրվեն տներով ու կսպասեն դատվելու իրենց հերթին` Քոչարյանի պես անբասիր մարդուն շինծու մեղադրանք առաջադրելու և նրան բարոյական («խեռոս» անվանողները վկա) և ֆինանսական մեծ վնաս հասցնելու (հաստիքային և արտահաստիքային փաստաբանների հոնորարները վկա) համար: Փաստ է, որ այս գործով 10 տարի տևած ծածկադմփոցի ողջ պատասխանատվությունն ընկնում է այդ ողբերգական իրադարձությունների գլխավոր շահառու Սերժ Սարգսյանի ուսերին: Այսինքն, բացի այն, որ նախկին նախագահն ի պաշտոնե (որպես վարչապետ) մասնակից է եղել այդ ոճրագործության ծրագրմանն ու իրագործմանը, այլև պատասխանատու է իր մասնակցությամբ տեղի ունեցածն այսքան տարի պարտակելու համար:  

Այս ողջ ընթացքում գլխավոր ամբաստանյալի փաստաբանական թիմն ու նրա մոլեռանդ աջակիցները փորձում էին քարոզչական ֆոն ապահովել` ապացուցելու, որ հարուցված գործը «ջուր» է, երկրորդ նախագահին մեղսագրվում է ՔՕ մի հոդվածով արարք, որի սահմանադրության համապատասխանության հարցը վիճարկելի է, հետևապես գործը բացի ջուր լինելուց նաև «կարված» է, որ Քոչարյանին կալանքի տակ պահող դատարանները բռնաբարում են նախկին իշխանությունից ժառանգված կույս ու անաղարտ արդարադատությունը, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Սորոսի գրասենյակի պատվերն է կատարում և դատաքննությունն սկսվելուց հետո նրա ու դատախազության «շինած» գործը փուլ է գալու իրավապահ համակարգի գլխին, և այլն, և այլն: Մի խոսքով, իսկական «արմագեդոն» են գուժում և իրենք իրենց համար հոգեխանգարմունքի սեանս անցկացնում: Մեզ հետ զրույցում նախկին Փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը այս մասին մասնավորապես ասաց. «Աստվա~ծ սիրեք, մի 10 ցուցմունքից հետո չեք էլ կարող լսել, որ այդ աստիճան խայտառակություն է եղել: Էդ ի~նչ եք ասում, ինչպես կարող է փլվել մի բան, որը ճշմարտություն է: Ճշմարտությունը, այո', փլվել է իր (Քոչարյանի-խմբ.) օրոք: ...Խելագարվել կարելի է, գործի ամեն էջը բացում ես` ստորություն, կեղծիք, այլանդակություն է. ինչքա~ն չի սիրել Հայաստանի Հանրապետությունը»: 

Այսինքն, դատելով ասվածից, «արմագեդոն» ամեն դեպքում սպասվում է, և մեծ է հավանականությունը, որ Քոչարյանն ու սահմանադրական կարգի տապալմանը մասնակցած նրա մյուս ասիստենտները կհայտնվեն ոչ թե փրկվածների, այլ փլատակների տակ մնացածների ցուցակում:       

Ինչ ունենք այս պահին Մարտի 1-ի գործի հետ կապված 

1. Ունենք այն, որ այս գործով տարբեր ժամանակներում դերակատարում ունեցած մի շարք անձինք այժմ լքել են երկրի տարածքն ու հայտնի չէ` արդյոք նրանց երբևէ հնարավոր կլինի՞ «վազվռատ» անել օտար ափերից ու կանգնեցնել «Ֆեմիդայի» առաջ: Նրանց թվում են  մասնավորապես սահմանադրական կարգի տապալման փաստաթղթային ապացույցի` 0038 գաղտնի հրամանի հեղինակ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՔԾ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, որը սկզբում մեղադրվում էր «Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելու» մեջ. (խոսքը պարկուճների կեղծման մասին է): Հետագայում նրա մեղադրանքը լրացվեց այլ հոդվածներով` «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», ինչպես նաև «Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»

Մարտի 1-ի առավոտյան Թատերական հրապարակում տեղի ունեցած  գործողության փաստաթղթերը հետին թվով կեղծելուն մասնակցություն ունեցած ՀՀ նախագահի նախկին օգնական Գևորգ Կոստանյանը ևս «Նոյի ագռավների» թվում է` այս պահին ՌԴ-ում է, գիտամանկավարժական գործունեություն է ծավալում, և թեև խոստացել էր դեռ մեկ ամիս առաջ ներկայանալ ՀՔԾ, սակայն քննիչներին ստիպում է անորոշ ժամանակով կարոտել իրեն:   

2. Մահացել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, որի պաշտոնավարման շրջանին առնչվող այս փաստաթղթերի կեղծմանն էլ մասնակցել է նույն Կոստանյանը: Նախաքննությունը մինչ այժմ չի պարզել, թե ինչը կամ ով է եղել նախկին ոստիկանապետին ինքնասպանության հասցնելու պատճառը կամ մեղավորը: Հանրության շրջանում  ցայսօր շրջանառվում է հարցադրումը՝ ո՞ւմ էր ձեռնտու նախկին ոստիկանապետի մահը:  

Սպանություններ

«Մարտի 1»-ի գործի ամենամեծ խոցը 10 զոհերի մահվան հանգամանքներն են, որոնք 11 տարի անց այդպես էլ մնում են չբացահայտված: Ի դեպ, այս հանգամանքին հղում են անում մասնավորապես Քոչարյանի մոլեռանդ պաշտպանները` դիմելով հասարակ մանիպուլյացիայի, թե` երկրորդ նախագահի ձեռքերն արյունոտ չեն, քանի որ նրան սպանությունների մասով մեղադրանք առաջադրված չէ:  Ընդգծենք, որ այս հնարքին քանիցս դիմել է նաև ինքը` Քոչարյանը, և իրեն «ռետինե խողովակի» տեղ դնելով փորձել ամեն կերպ ժխտել այն պարզ տեսությունը, ինչպիսին պատճառահետևանքային կապն է: Այսինքն, եթե չլիներ սահմանադրական կարգի տապալումը, չէին լինի նաև «Մարտի 1-ի» մյուս գործողություններն ու դրանց հետևանքով`10 զոհերը:

Նշենք, որ ՀՔԾ պետը մի առիթով հայտարարեց, թե ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ իրենք բավական աշխատանք են արել և կարող են վստահությամբ ասել, որ Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Նա, ըստ  ՀՔԾ պետի, սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Քոչարյանը մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: «Մեր վերսիան հետևյալն էր, որ Աբգարյանին հրազենային վիրավորում էր հասցվել  նրա համար, որ Քոչարյանի՝ մենք արդեն իսկ զոհեր ունենք ասածը հիմնավորվի: Դա նախաքննությամբ հիմնավորվել է»: Որևէ մեկին, սակայն, դեռևս մեղադրանք առաջադրված չէ: 

Ինչպես տեսնում ենք, 11 տարի անց այս գործի լիարժեք բացահայտման ճանապարհին բազում, նաև անհաղթահարելի խոչընդոտներ են առկա: Ուստի,  ռևանշի ձգտող ուժերն օգտվելով առիթից և իրենց կարգավիճակից ամեն ինչ անում են, «ցուպ ու խուրջինով» ընդհուպ Զագրեբ ու Լայպցիգ հասնելով, որպեսզի ինչ-որ կերպ, գոնե մինչև կկվի երեք կանչը հետաձգեն «արմագեդոնը»: 

Հեղինե Մանուկյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2019



 Պիտակներ

         Չորրորդ իշխանություն, Հեղինե Մանուկյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476