...

Արմեն Գևորգյանը պարզապես կարող էր սեփական շեֆի ականջին շշնջալ

Արմեն Գևորգյանը պարզապես կարող էր սեփական շեֆի ականջին շշնջալ

Քոչարյանի մերձավոր շրջապատն իրեն հայտարարել է ընդդիմություն և գուժում է անակնկալ պատերազմի մասին, կարծես թե պատերազմի վտանգը Հայաստանի համար նորություն է և մտահոգվողներն էլ իրենք են։ Քսան տարի մսխեցին հաղթանակը, հիմա նոր են մտածում և զգուշացնում պատերազմի մասին։ Կուտակեցին անասելի չափերի հարստություն, իսկ երկիրն ունեցավ անասելի չափերի արտաքին պարտք։ Տնտեսությունը զրոյացրին, երկրի երեսից վերացրին քիմիական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գերակա ճյուղ ընտրեցին հանքարդյունաբերությունը և հոշոտեցին երկրի ընդերքը, Հյուսիսային պողոտա կառուցեցին մարդկանց ունեզրկելու հաշվին և ազդարարեցին երկնիշ թվով տնտեսական աճ։ Իսկ հիմա եկել են ներքին միասնականությունից են խոսում, սևերից ու սպիտակներից են խոսում, որ միայն ներքին կայունությունը կարող է դիմակայել թշնամուն, որ պատերազմի մասին խոսակցություններն ինտենսիվ են դարձել հեղափոխությունից հետո, որի պատճառը իշխանության որակն է, հանրությանը համախմբելու ընդունակության բացակայությունը։ 

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն անչափ ծավալուն հոդված է գրել և նույնքան մտահոգ էլ զգուշացնում է անակնալ պատերազմի մասին։ Իրականում Արմեն Գևորգյանին, ինչպես նաև Քոչարյանի մնացյալ փոքրաթիվ աջակիցներին մտահոգում է նախկիններին պատասխանատվության ենթարկելն իրենց գործած տարատեսակ հանցագործություների համար։ Թե չէ մարդ, որ քսան տարի եղել է պետական կառավարման համակարգում և, ինչպես ինքն է ասում, շատ տարիներ է անցկացրել պետության ղեկավարների կողքին՝ Արցախի հարցով բանակցությունների անցկացման տարբեր փուլերում՝ անձնական հանդիպումներից մինչև բազմակողմ և բազմաթիվ բանակցություններ, նոր է տեսնում պատերազմի անակնկալ վտանգը, երբ իրենց իշխանությունն է երկիրը հասցրել կործանման եզրին, և հանրությունը համախմբված մերժել է իրենց, և վստահաբար կարելի պնդել, որ դարձյալ հանրությունը համախմբված մերժելու է, եթե ինչ-որ պահի վերակենդանացման քայլեր անեն։ Մի քիչ պարկեշտ չէ, որ նման բաների մասին բարձրաձայնում է Արմեն Գևորգյանը։ 

Ահա այսպես, պարոն Գևորգյանի կարծիքով պատերազմ սկսելու համար Ալիևին զսպում են մի քանի հանգամանքներ, որոնք կարող են թուլացնել Հայաստանը և նոր անակնկալ պատերազմ սկսվի։ Հանգամանք առաջին՝ Ալիևը զգուշանում է պատերազմ սկսել նոր իշխանությունների հետ. միջազգային հանրությունը ճիշտ չի հասկանա, որովհետև նոր իշխանություններն իրենց աշխարհայացքով Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրույթների՝ փոխզիջումների կողմնակիցներն են։ Այն ժամանակի հետ վերանում է։ Հանգամանք երկրորդ՝ Հայաստանում առկա են ներքաղաքական իրավիճակի տարօրինակություններ. դատական և քաղաքական գործընթացները նախկին քաղաքական ու զինվորական ղեկավարության դեմ, Հայաստանի և Արցախի ղեկավարության միջև առկա լարվածությունը, Հայաստանի ոչ միանշանակ հարաբերություններն իր ռազմավարական գործընկերների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ։ Ալիևը սպասում է, որ այս ամենը թուլացնի Հայաստանին և նոր պատերազմ սկսի։ Նախկին փոխվարչապետի ասելով, եթե այս ամենը գիտի մեր թշնամին, ապա պիտի նաև իմանա այն, որ Հայաստանի կոռումպացված իշխանությունները քսան տարի տնտեսապես թուլացրել են Հայաստանը և տնտեսապես թույլ Հայաստանի հետ պատերազմելը շատ ավելի շահեկան է։ Ապրիլյան քառօրյան էլ ապացուցեց մեր բանակի թշվառությունը։ Այս մասին Արմեն Գևորգյանը լռում է։

Ինչպես տեսնում ենք, նույնիսկ պարոն Գևորգյանն է խոստովանում, որ Ալիևը զգուշանում է պատերազմ սկսել նոր իշխանություների հետ. միջազգային հանրությունը ճիշտ չի հասկանա, որովհետև նոր իշխանություններն իրենց աշխարհայացքով Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրույթների՝ փոխզիջումների կողմնակիցներն են։ Այն ժամանակի հետ վերանում է։ Քոչարյանի աջակիցներն անկախ նրանից, թե Քոչարյանի ղեկավարման տարիներին ինչ դիրք են զբաղեցրել, քաղաքական գործիչ են, թե ռազմական կամ շարքային լրագրող, բոլորը նույն բանն են ասում, փոքր-ինչ ձևակերպումներն են տարբեր։ Բոլորը խոսում են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից, ներքին անկայունությունից, որին մեծապես նպաստում են իրենք, դատական և քաղաքական գործընթացները նախկին քաղաքական և զինվորական ղեկավարության դեմ։ Ինչպես բոլորը, այնպես էլ Արմեն Գևորգյանն ամենայն հավանականությամբ թալանչիների դեմ պայքարելը, մարտի մեկի սպանդի մեղավորներին բացահայտել և պատասխանատվության ենթարկելը համարում է տարօրինակ գոծընթացներ, և Արմեն Գևորգյանը Հայաստանը թուլացնող է ասում նաև Արցախի և Հայաստանի ղեկավարության լարվածությունը, բայց չի նշում Արցախի ժողովրդի միասնականությունը Հայաստանի ղեկավարության հետ, ինչի ապացույցն էր վերջին հանրահավաքը։ Եթե Արցախի ղեկավարություն ասելով՝ Արմեն Գևորգյանը հասկանում է Վիտալի Բալասանյանին, ապա Վիտալի Բալասանյանն Արցախում այլևս պաշտոնյա չէ։ Եթե Արմեն Գևորգյանն անակնկալ պատերազմի մասին ժամանակին շշնջար սեփական շեֆի ականջին, ամենևին էլ պետք չէր լինի քսան տարի հետո ուշացած բարձրաձայնելու։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5430 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ