...

Արտահանողից ներմուծող են դարձել

Արտահանողից ներմուծող են դարձել

Գինին թափ է հավաքում

«Տեղական հյութերի արտադրությունը դեռ հեղափոխական ծավալների չի հասել»: Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց Պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

Տեղական մրգատեսակներով հյութեր արտադրում են մի քանի ընկերություններ: Դրանց քանակը ո՛չ ավելացել է, ո՛չ էլ նվազել:

Այսօր բայց ավելի մեծ ծավալների է հյութ ներմուծվում: Իսկ ներմուծված հյութերն ավելի շատ պահանջարկ ունեն, քան մեր արտադրանքը:

Հյութ արտադրողների միության նախագահին ավելի շատ մեր հյութերն են դուր գալիս: Ասում է՝ դրսից բերված հյութերն ավելի թանկ են, տարակուսում է՝ ինչու են սպառողները դա նախընտրում:

«2 հյութ արտադրող ընկերություն ակտիվացել է: Մի քանի ներմուծող ընկերություն բավականին մեծ մրցակցային դեր ունեն: Հայկական հյութերն ունեն որոշակի մաս: Ընդ որում, եթե որակական հատկանիշներով համեմատենք, մեր արտադրանքից չեն տարբերվում»,- նշեց նա:

Վերամշակվող ոլորտում փոխարենը մեծ թափով զարգանում է գինու արտադրությունը: Գինու արտադրության տեմպերը մասնագետներն աննախադեպ են համարում:

«Գինու արտադրությունը նաև մեծ արտահանում ունի: Հայկական կոնյակը նույնպես մեծ պահանջարկ ունի ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում: Եվրոպայում Չինաստանում և ԱՄՆ-ում հայկական կոնյակը ևս պահանջարկ ունի: Խմիչքների դեպքում դրսում հատուկ շեշտում են, որ դրանք հայկական են, իսկ հյութերի դեպքում այդպես չէ»,- շեշտում է Թարվերդյանը:

Պաշտոնական տվյալները փաստում են՝ նվազել են ոչ ալկոհոլային խմիչքների ծավալները: Նախորդ տարի ծավալը կազմել է 81 094,0 լիտր, իսկ ներկայում՝ 66 488,3: Պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահը տարբերությունը բացատրում է՝ հյութ արտադրողներն անհամեմատ ավելի քիչ են:

Պահածո շատ է արտադրվում 

Պատկերը բոլորովին այլ է պահածոների արտադրության ոլորտում: Երվանդ Թարվերդյանը տեղեկացրեց, որ պահածո արտադրող ձեռնարկությունների թիվն ավելացել է, պասիվ աշխատող որոշ ընկերություններ էլ սկսել են ակտիվանալ: 

Ավելացել են նաև արտադրանքի ծավալները: Պահածոների արտադրության ծավալները, ըստ Թարվերդյանի, մոտ 20-25 տոկոս աճ են գրանցելու:

«Լավ մրցակցային դաշտ այստեղ գոյություն ունի: ԵԱՏՄ երկրներում մեծ պահանաջարկ ունեն հայկական բաղադրատոմսերով պատրաստված պահածոները: Մեր բանջարեղենն ավելի համեղ է: Սմբուկի, լոլիկի, պղպեղի բաղադրիչներով պատրաստված պահածոները դրսում պահանջարկ են վայելում»,- հպարտությամբ նշեց մեր զրուցակիցը:

Արդեն մի քանի տարի է՝ խնդիրներ կան լոլիկի բերքատվության հետ: Այս տարի քիչ բերք է եղել: Տարածված հիվանդությունների, ոռոգման ջրի բացակայության պատճառով լոլիկ քիչ է արտադրվում: Թարվերդյանի խոսքով՝ բացը լրացնում են ներկրման միջոցով: Օրինակ՝ լոլիկ են բերել հարևան Վրաստանից: Միության նախագահը վստահեցնում է՝ թեև լոլիկը տեղական չէ, բայց պահածոն պատրաստվում է հայկական բաղադրատոմսով և դրսի սպառողը համային տարբերություններ չի նկատում:

«Հայաստանը եղել է տոմատի մածուկ արտահանող երկիր, ցավոք, այսօր դարձել ենք տոմատի մածուկ ներկրող երկիր: Արտահանողից ներմուծող ենք դարձել»,-  նկատեց փորձագետը:

Երվանդ Թարվերդյանը վստահեցնում է՝ պահածոների արտադրության ոլորտի հեղափոխական քայլերը շարունակվելու են, քանի որ պետությունը արտադրողների համար լավ պայմաններ է ստեղծում:

«Սարքավորումների պարկը սովետական էր: Պետությունը ցածր տոկոսադրույքով վարկեր է տրամադրում: Լավ պայմաններ կան: Մի շարք ընկերություններ սարքավորումները թարմացրել են, ինչը նպաստում է արտադրության աճի ծավալների ավելացմանը»,-  կարևորեց նա:

Եթե գյուղացին կարողանա առողջ և մեծ ծավալների բերք տա, Թարվերդյանը համոզված է, որ վերամշակման այս ուղղությունը սպասվող ակնկալիքները կգերազանցի: Իսկ դրա համար, նրա կարծիքով, պետք է քայլեր ձեռնարկել, որ շատ բերք արտադրվի:

«Պետք է ճիշտ աջակցություն ցույց տալ գյուղացուն, որ կարողանա բերք արտադրել մատչելի գներով: Անմշակ հողերը պետք է մշակովի դարձնել և բանջարեղենի արտադրության ծավալներն ավելացնել»,- առաջարկում է Պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահը:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1488 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ