...

Արտահերթ ընտրությունների պահանջ դնելուց առաջ կարդացեք ՀՔԾ-ի ռելիզները

Արտահերթ ընտրությունների պահանջ դնելուց առաջ կարդացեք ՀՔԾ-ի ռելիզները

Նախկին իշխանության ագիտպրոպը տարեմուտին ընդառաջ իշխանության հասցեին ուղղված տոտալ հակաքարոզչությանը զուգահեռ շրջանառում է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության թեման: 

Նորմալ և տրամաբանական կլիներ, երբ նման ցանկություն հայտներ ընդդիմադիր որևէ քաղաքական ուժ, որն իր անցած հետագծով, առաջ քաշած գաղափարներով ու երկրի կառավարման հայեցակարգով կդիտակվեր որպես արժանի այլընտրանք գործող իշխանությանը, սակայն աննորմալ ու անտրամաբանական է, երբ նման ցանկություն է հայտնում «իշխանության ռիչագներին» երկու տասնամյակից ավելի տիրացած ու  դրանք բանեցնելու հետևանքով երկիրը հյուծախտի մատնած այնպիսի մի քաղաքական ուժ, որին հանրությունը «դավայ, դոսվիդանյա է ասել» մեկուկես տարի առաջ: Ընդ որում, դա այն քաղաքական ուժն է, որը ԱԺ 2017թ. ընտրություններից առաջ գլուխ էր գովում իր շուրջ 150 հազար անդամներով, ուժ, որի իշխանության օրոք տոտալ կուսակցականացման էին ենթարկվում պետական ու մասնավոր հիմնարկները` սկսած Երևանի քաղաքապետարանից մինչև գազի հիմնարկներ, բայց մեկ տարի անց` 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ստացավ 60 հազարից էլ պակաս քվե, այսինքն` կուսակիցների կեսից ավելին  ձայն չտվեց ինքզինքը` ՀՀԿ-ին: Հիմա ի՞նչ ակնկալիքով են «ՀՀԿ-ն ու կոնտորան» պահանջում արտահերթ ընտրություններ, պահանջում են, որ ի՞նչ անեն, ու ամենակարևորը` քանի՞ տոկոսի հույս ունեն: 

Արտահերթի գաղափարը գեներացնողները պնդում են, թե իշխանությունը այժմ չունի հանրային աջակցության այն մակարդակը, որն ուներ մեկուկես տարի առաջ, և որ Նիկոլի ռեյտինգը մաշվել, բարակել, «տակը փան մը  չի մնացել»` մոտ 25-35 տոկոս: Նախ, այս պնդմանը մի քանի հարցով հակադարձենք` ինչպե՞ս է չափվել ռեյտինգի կորուստը ու ամենակարևորը` որտե՞ղ է այն չափվել` ֆեյսբուքո՞ւմ, որն էլ վերջին մեկուկես տարվա ընթացքում դարձել է ռևանշիստների գործունեության վիրտուալ շտաբը, որտեղ էլ Մելիք-Ադամյան հասցեի «ռեցեպտով» բուծված ֆեյքերի գումարտակը օրավարձի դիմաց հայհոյում է իշխանությանն ու ատելության խոսք տիրաժավորում: Եթե ՀՀԿ-ն իշխանության ռեյտինգի կորուստը չափում է ըստ սեփական ֆեյքերի «քֆուրախառը» քոմենթների քանակի, ապա նման չափումը արժանի է միմիայն սոցիոլոգ Ադիբեկյանի խղճահարությանը: Իսկ եթե հանրային աջակցության չափումները ՀՀԿ-ն իրականացրել է ֆեյսբուքից դուրս` սոցհարցումներ իրականացնելով, ապա այդ հարցումների արդյունքներին պետք է վերաբերվել խիստ կասկածանքով, քանի որ չի բացառվում, որ դրանք անցկացվել են ըստ Սերժ Սարգսյանի հայտնի բանաձևի` «ինչքան ուզես` էդքան խփեմ»-ի: 

Բայցևայնպես, եթե տեսականորեն իջել է իշխանության վարկանիշը, ինչն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ իշխանության անկում ապրած վարկանիշի հաշվին աճել է  ՀՀԿ-ի վարկանիշը, այն աստիճան, որ բավարարի վերջինիս 2020-ին մուտք գործել ԱԺ` առանց ընտրակաշառքի, ընտրական զեղծարարությունների ու «քվեաբեր գազելների» կիրառման: Ի՞նչ է արել այդ ուղղությամբ ՀՀԿ-ն. արդյոք զբաղվե՞լ է ապաշխարությամբ` վերականգնելով քանդածն ու յուրացրածը, արդյոք այս կարճ ընթացքում ազատագրվե՞լ է «ախտածին էֆեկտներից» և հասե՞լ է կատարսիսի այն մակարդակին, երբ կարող է իրեն նման շքեղություն թույլ տալ`մտածել իշխանության վերադառնալու մասին: Սերժ Սարգսյանի, Աշոտյանի, Շարմազանովի, Վիգեն Սարգսյանի և մյուսների հետ ասոցացվող քաղաքական ուժին պետք է որ նման գայթակղությունից հետ պահեն ՀՔԾ-ի կողմից շաբաթը մեկ պարբերականությամբ տարածվող հաղորդագրությունները` ՀՀԿ-ական տարբեր ռանգի պաշտոնյաների, նրանց մերձավոր-ազգականների նկատմամբ  ՔՕ տարբեր հոդվածներով առաջադրված մեղադրանքների մասին: 

ՀՀԿ-ն պարտադրում է իրեն տարիներ շարունակ պարտադրված օրակարգը

Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ու նրան սատարող ուժերի գերնպատակը իշխանությունը վերազավթելու նպատակով առաջին հերթին քրեական պատասխանատվությունից խուսափելն է` պլստալը, իսկ դրան հասնելու երկու ճանապարհ կա` կամ հերթական վտարանդին դառնալն է` հեղափոխությունից հետո ՀՀ-ից փախած ու «Նոյի ագռավ» դարձածների ցուցակը համալրելով, կամ էլ ֆորսմաժորային իրավիճակներ հրահրելու միջոցով արտահերթի անցկացման անհրաժեշտության պատրանք ստեղծելը: Քանի որ կոնկրետ Սերժ Սարգսյանի «քաշային կատեգորիան» նրան կաշկանդում է ԴԱՀԿՄիհրան կամ Գևորգ Կոստանյան դառնալու հարցում, քանի որ դա հավազարազոր կլինի կրկնակի խայտառակության, նրա մերձավոր շրջապատն այսօր արտահերթի թեման է հասունացնում`որպես իշխանազավթման միակ ու հուսալի խողովակ: (Հո իրենց ունեցած չնչին ռեսուրսով հեղափոխություն չե՞ն կարող անել): 

Նկատենք, որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին քանիցս խոսվել է նույն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, սակայն ընդդիմության նման պահանջին նախկին ռեժիմը երբևէ ընդառաջ չի գնացել ո՛չ «Մարտի 1-ի» դեպքերից հետո, ոչ էլ 2016-ին` «Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո` որպես երկրում ստեղծված բարոյահոգեբանական գերլարված մթնոլորտը լիցքաթափելուն, «չհասկացվածության պատերը» քանդելուն, «բիրտ առճակատումներից» խուսափելուն միտված միջոցառում: Նախկին ռեժիմը ամբարտավանի կեցվածքով զբաղված էր իշխանության մոնոպոլացման գործով` արհամարհելով սոցիալական հետզհետե խորացող բևեռացումը, քանզի քաջ գիտակցում էր, որ նման քայլի գնալը հավասարազոր է «վա բանկ» գնալուն, սեփական մահախոսականը գրելուն, և ճիշտ այն տեղում հայտնվելուն, որտեղ հայտնվեց 2018-ի դեկտեմբերին: Երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը այնպես չէ, որ այժմ հիասքանչ է, Աշոտյանն ամեն օր ֆեյսբուքով «լայվ» է մտնում ու օդային համբույրներ ուղարկում Փաշինյանին, Շարմազանովն էլ օր ու մեջ քնքուշ երկտողով ծաղկեփնջեր է ուղարկում Լենա Նազարյանին կամ Մակունցին: Քաղաքական բանավեճի կուլտուրան բոլորովին այլ պատկեր է վեր հանում: Եվ եթե անգամ իշխանությունը տեղի տա ռևանշիստների պահանջին ու 2020-ի կիրակի օրերից մեկը նշանակի արտահերթ ընտրությունների օր, ապա հանրությունը դարձյալ քվեարկելու է մեկուկես տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության իներցիայով: Այս անգամ Փաշինյանի թիմը քվե է ստանալու ոչ թե այն պատճառով, որ գործող վարչապետը վիրտուոզ կառավարիչ է, ՀՀ-ն էլ Սինգապուր դառնալու ճանապարհին է, այլ որովհետև երբ ընտրությունը «չարյաց փոքրագույնի» (ՔՊ) ու դրան որպես այլընտրանք ներկայացող «չարյաց մեծագույնի» (ՀՀԿ) միջև է տեղի ունենում, նախընտրելի է դառնում փոքրագույնը: 

Այնպես որ, առաջիկա 2020-ին քաղաքական դաշտը թերևս պետք է համախմբվի ոչ թե արտահերթ ընտրությունների անցկացման նեղանձնական, շահադիտական օրակարգի շուրջ, այլ նախևառաջ անդադար աշխատանք տանի Փաշինյանի  անառարկելի, անխոցելի այլընտրանքը դառնալու ազնիվ գաղափարի շուրջ: 

 Հեղինե Մանուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1936 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ