...

Ասելիք չունեցողի վերջին հանգրվանը լաչառությունն է

Ասելիք չունեցողի վերջին հանգրվանը լաչառությունն է

Մինչ Հրայր Թովմասյանը Սահմանադրական Դատարանում գցում-բռնում էր, թե երբ հրապարակի Քոչարյանի փաստաբանների դիմումը բավարարող վճիռը, նույն պահին Երևանի արյունաբանական կենտրոնում զարմանալի միջադեպ տեղի ունեցավ. առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը չկայացավ:

Դեռ չսկսված, դահլիճ մտավ նույն կենտրոնի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը և որոշեց, որ լրագրողների փոխարեն ինքը պետք է հարցեր տա նախարարին: Մուննաթախառն ներածականից հետո Թամամյանը իր դժգոհությունները ներկայացրեց նախարարին, վերջինս լքեց դահլիճը, ճամփին մի երկու կծու ռեպլիկ փոխանակեցին իրար հետ, և ասուլիսը սրանով ավարտվեց:

Նման իրավիճակ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք անհնար էր պատկերացնել: Որևէ նախարարի ասուլիս մեկը, այն էլ՝ նույն նախարարության աշխատակից, նման ձևով խանգարեր, անմիջապես կարմիր բերետների «դրբի» տակ կընկներ: Կամ՝ անզգույշ կքաշքշեին:

Մի կողմից, թվում է, թե սա ժողովրդավարության վառ վկայություն է, երբ մարդը իր անմիջական ղեկավարից չի վախենում, «դուխով» մտնում է ասուլիս, նախարարի հետ հարաբերություններ պարզում, «ատչոտ» պահանջում:

Բայց մյուս կողմից, նախարարի ասուլիս խանգարողը ոչ թե «Pussi Riot» կրծքաբաց աղջիկ էր, այլ՝ մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը, ընդամենը մի քանի օր առաջ՝ Արսեն Թորոսյանի խորհրդականը: Այսինքն, մի մարդ, որը չափազանց կարևոր, ծանր հիվանդությունների, երեխաների հետ կապված ոլորտում է աշխատում, կենտրոն է ղեկավարում, ինչը մեծ պատասխանատվություն և բարձր որակավորում է ենթադրում:

Հիմա որքանո՞վ կարելի է պատասխանատու համարել մեկին, որը նախարարի գործունեության հետ կապված լուրջ վերապահումներ ունի, խորհրդական եղած ժամանակ ոլորտի հետ կապված բազմաթիվ քննադատություններ են կուտակվել, ու փոխանակ առանձին ասուլիս հրավիրի, լրագրողներին ներկայացնի իր տեսակետները, քննադատի նախարարի այս կամային որոշումը, նշի, թե ինչ թերություններ կան, ավելի խելոք բան չի գտնում, քան՝ նախարարի ասուլիսը խափանի, որի արդյունքում բազմաթիվ կարևոր հարցեր անպատասխան մնացին: Իսկ հարցեր շատ կային՝ նախարարի աղմկահարույց տեսակետից Ամուլսարի մասին մինչև ուռուցքաբանական կենտրոնի ղեկավար Արմեն Տանանյանին աշխատանքից ազատելու թեման: Դեռ չենք խոսում Մարգարյան հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգության մասին:

Լրագրողները ժամանակ են ծախսել, եկել ասուլիսի, ու ձեռնունայն ետ վերադարձան՝ բավարարվելով այս միջադեպ-լեզվակռվով: Սա ի՞նչ է, եթե ոչ՝ անհարգալից վերաբերմունք նաև լրագրողների հանդեպ:
Ասելիք ունեցողը ասելիքը ասում է, ասելիք չունեցողը նման շոուներ է սարքում, որը միայն թամաշայի սիրահարների սրտերն է հովացնում: Հիմա ի՞նչի հասավ Գևորգ Թամամյանը: Ստացա՞վ իր հարցերի պատասխանը: Ոչ. լաչառություններով առողջապահության ոլորտի խնդիրներ հնարավոր չէ քննարկել:

Բազմաթիվ լրատվամիջոցներ կան, որոնք մեծագույն հաճույքով եթեր կտրամադրեն Արսեն Թորոսյանի հասցեին ցանկացած բացասական միտք հայտնողին, ի՞նչ պրոբլեմ կա: Չգիտե՞ր այս մասին Գևորգ Թամամյանը: Իհարկե՝ գիտեր: Կարելի է՞ նրա վարքագիծը անպատասխանատվություն համարել: Իհարկե՝ կարելի է:

Այսքանից հետո՝ կարելի՞ է նման մարդուն հիվանդ վստահել: Մեր խորին համոզմամբ՝ չի կարելի:

Հ.Գ. Ասուլիսից հետո Թամամյանը հայտարարեց, թե Արսեն Թորոսյանը բանակում պիսր է եղել, հետո ազատվել է, բա հիմա ո՞նց է նախարար աշխատում, թող գնա մնացած մի տարին էլ ծառայի: Այսինքն, ստացվում է, որ Թամամյանը տևական ժամանակ «պիսրի» խորհրդական է եղել, բայց այդ մասին միայն այդ աշխատանքից ազատվելուց հետո է հիշել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7964 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ