...

«Ատելության խոսքի» մասին

«Ատելության խոսքի» մասին

«Արշակի որդին՝ Պապը, ծնվեց Սյունի Փառանձեմից, որ Գնելի կինն էր եղել, որին սպանեց Արշակ թագավորը և նրա կնոջը՝ Փառանձեմին, իրեն կին առավ և նրանից ունեցավ որդի, որ կոչվեց Պապ: Երբ մայրը նրան ծնեց, որովհետև անօրեն մարդ էր և Աստծուց բոլորովին երկյուղ չուներ, նրան դևերին նվիրեց, և բազմաթիվ դևեր մանուկի մեջ բնակեցան և նրան վարում էին՝ ըստ իրենց կամքի: Նա սնվեց, մեծացավ և մեղքեր էր գործում՝ պոռնկություն, պիղծ արվագիտություն, անասնագիտություն և զազրելի, գարշելի գործեր, բայց մանավանդ, արվագիտություն: Բացի սրանից՝ ինքն էլ իգանում էր ուրիշներին. այսպես թավալված էր (զազրելի գործերի մեջ)» (Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Եր., 1987թ., էջ 241): 

Մ.թ. 5-րդ դարում այսպես է բնութագրում մեր հզոր արքաներից մեկին՝ Պապ թագավորին, մեր հզոր պատմիչներից մեկը՝ Փավստոս Բուզանդը: Ինչու՞: Որովհետև արքան սահմանափակել էր եկեղեցու իրավունքները (հիմանականում՝ գույքային), իսկ պատմիչը հոգևորականների դասից էր: Եվ դարեր շարունակ հայ մանուկները սրանով էին պատկերացում ստանում Պապի մասին: Միայն աշխարհիկ պատմագիտությանը հաջողվեց սրբագրել հոգևորականի «ատելության խոսքը»: Սա ընդամենը մեկ օրինակ է որևէ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, բացասական վերաբերմունք առաջացնող խոսքային հեղեղից: Գրավոր աղբյուրները շատ բան են պահպանել: Ինչպես տեսնում ենք, 21- րդ դարում շատ բան չի փոխվել: Դիվահարության մեղադրանք ներկայացնելու փոխարեն մարդկանց անվանում են սատանիստներ, սոռոսականներ, երկնագույններ… 

Մեր օրերում շատ երկրներում են մտահոգված «ատելության խոսքի» ծավալների աճով: Սակայն սրա դեմ պայքարի միջոց գործնականում չկա: Խոսքային հարձակման ենթարկված անհատը հաճախ զրկված է դատարան դիմելու հնարավորությունից, որովհետև, ասենք, իր հասցեին ասվածը իրավական ձևակերպում չունի, ակնհայտ սպառնալիք կամ զրպարտություն չի պարունակում: Իրավական դաշտում նման խնդիրներն անլուծելի են, որովհետև բախվում են խոսքի ազատության սահմանադրական նորմին: Իսկ կյանքում… Հատկապես սոցցանցային կյանքում մարդիկ լիուլի օգտվում են ազատության իրենց իրավունքից՝ ասելով կամ գրելով մտքով անցած ցանկացած բան՝ գռեհկաբանություն, հայհոյանք, անեծք: Գաղտնիք չէ, որ սոցցանցերը հետզհետե վերածվում են հզոր քաղաքական գործիքի: Այսինքն՝ քաղաքական հակառակորդին վարկաբեկելու հրաշալի միջոց են: Սուտ տեղեկությունը՝ հնչեղ բառերով և ուղեղի ցնցում առաջացնող նկարներով ուղեկցված, անմիջապես տարածվում է, և այն հերքելն արդեն դառնում է գրեթե անհնարին մի գործ: 

Եվ այնուամենայնիվ, ի՞նչ է «ատելության խոսքը», ի՞նչպես են այն սահմանում: Մեծ, բազմազգ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, շեշտը դնում են հատկապես ազգային կամ ռասայական խտրականություն բորբոքող խոսքի վրա: Հայաստանում «ատելության քարոզը» վերաբերում է հիմնականում նույն ազգի տարբեր խմբերի ներկայացուցիչներին: Ընդ որում, գործուն են ոչ միայն «թունդ» արտահայտությունները, այլև հորինված, անհիմն մեղադրանքները: Այսինքն՝ խախտվում է անմեղության կանխավարկածը: Խախտվում է ճիշտ այնպես, ինչպես 5- րդ դարում էր: Հետևաբար, կարծում ենք, մեզ համար կարևորագույն գործոնը պետք է դառնա դիմացինի անմեղության կանխավարկածը հարգելը: 

Մ. Կիրակոսյան

Հ.գ. «Ատելության խոսքի» և անմեղության կանխավարկածը խախտելու մասին՝ հաջորդիվ:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ