...

Այն գործիքակազմը, որ անհրաժեշտ է ոստիկանությանը, չկա, թերի է. «Իմ քայլը»խմբակցության պատգամավոր

Այն գործիքակազմը, որ անհրաժեշտ է ոստիկանությանը, չկա, թերի է. «Իմ քայլը»խմբակցության պատգամավոր

Օրերս հանրապետությունում արձանագրվեցին հրազենային հարձակումների դեպքեր: Նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած կրակահերթի արդյունքում երկու հոգի վիրավորվեցին, հետագայում նրանցից մեկը գիտակցության չգալով մահացավ Գավառի բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ նախօրեին ևս հրազենի գործադրմամբ սպանության փորձ էր տեղի ունեցել: Կրկին Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհին կրակոցներ էին արձակվել Lexus մակնիշի 35 CՏ 487 համարանիշի ավտոմեքենայի վրա: Բարեբախտաբար վարորդը չէր տուժել: Մեկ ամիս առաջ էլ՝ հոկտեմբերի չորսին, զինված միջադեպ էր տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում. երեք մարդ զոհվել էր, հինգը՝ վիրավորվել:

Ինչո՞վ է պայմանավորված կրիմինալի նման ակտիվությունը, համարժե՞ք են արդյոք իրավապահների գործողությունները. թեմայի շուրջ «ՉԻ»-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ: 

- Ցավոք պետք է ընդունենք, որ հրազենային հարձակումներ միշտ էլ եղել են, բոլոր ժամանակներում ու բոլոր տեղերում, իսկ դրանց դեմ պայքարը միշտ էլ եղել է իրավապահների գործառույթներում: Նկատեմ, որ հանցագործության դեմ պայքարի երկու տեսակ գոյություն ունի. պրոֆիլակտիկ պայքար՝ապօրինի հրազենի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ միջոցառումներ, երկրորդ՝ կատարված հանցագործությունների բացահայտումն ու մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը: Ինչ վերաբերում է կրիմինալի ակտիվանալուն, ապա ես հանցագործություններն արձանագրող ցուցանիշների էական տարբերություն չեմ տեսնում:

- Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այն տեսակետը, որ իրավապահները գործում են նախկին ռեժիմով, իներցիայով, այդ պատճառով հանցագործությունների դեմ պայքարն անարդյունավետ է:

- Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ իրավապահներն աշխատում են այնքան, որքան իրենց լիազորություններն են: Այդ սահմանններից նրանք երբեմն չեն կարող դուրս գալ: Այլ բան է, որ այսօր իրավապահների լիազորությունները համարժեք չեն հանցավորության իրավիճակի հետ: Այո, առկա է նման խնդիր: Այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է ոստիկանությանը, չկա՝ թերի է, և շատ ու շատ տեղերում է, որ պետք է այդ բացը լրացվի:

Բայց ինչ վերաբերում է նախկին ռեժիմով աշխատաոճին, դա ամենևին նախկին ու ներկա ժամանակների հետ կապ չունի: Ուղղակի իրավապահները երբեմն չեն կարող իրենց լիազորությունների սահմաններից դուրս գալ, անգամ հանցագործությունները բացահայտելու նպատակով իրավունք չունեն: Այդ առնչությամբ բավական անելիքներ կան օրենսդրական դաշտում, ինչպես նաև կազմակերպաիրավական նոր բարեփոխումներ անելու գործում: Այս տարվա ծրագրով նախատեսված է նաև ոստիկանական համակարգում ծավալուն փոփոխություններ կատարել:  

Բարեփոխումներ կկատարվեն նաև քրեական դատավարական օրենսգրքում: Բոլոր մատնանշված հարցերը ժամանակի խնդիր են: Ինչ վերաբերում է իրավապահների աշխատանքին, թե անգործության են մատնված կամ նախկին ոճով են աշխատում, ես իրավապահների գործունեության մեջ այսօր դա չեմ տեսնում:

- Դուք նշեցիք օրենսդրական բարեփոխումների մասին: Կմանրամասնեի՞ք:

- Պետք է ասեմ, որ բավական քայլեր արվել են այդ ուղղությամբ. մշակվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն: Այդ օրինագծերը միտված են իրավական համակարգի բարեփոխմանը: Դրանցից մեկը տուգանային միավորների բալային համակարգի փաթեթն է, որով նախատեսվում է կարգավորել ճանապարհային երթևեկությունը և անվտանգության ապահովման բարձրացումը: Մշակվում է Քրեական դատավարության նոր օրենսգիրք, որն այս պահին արդարադատության նախարարությունում է:

Կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում ոստիկանական համակարգում, որի արդյունքում նոր կառույցներ կձևավորվեն, իսկ որոշներն էլ կմիավորվեն: Ի դեպ, շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ ձևավորվելու է հասարակական կարգի պահպանության ծառայություն՝ այսպես կոչված պարեկային շարժական ծառայություն, որը բավականին մեծ ռեսուրսներ է պահանջում: Այդ բոլոր փոփոխություններն ու բարեփախումներն անհրաժեշտ է իրականացնել համատեղ, ներդնելով բոլոր ջանքերը, որպեսզի հնարավորինս արդյունավետ դառնա այդ մարմինների գործունեությունը:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այս պահի դրությամբ բացահայտումները բարձր ցուցանիշի վրա են և այստեղ ես իրավապահների անգործություն չեմ տեսնում: Ունեցած հնարավորությունների սահմաններում մի բան էլ ավել է արվում:

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3753 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ