...

Բաստիլը, բաստիոնն ու բայղուշները

Բաստիլը, բաստիոնն ու բայղուշները

Նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից որպես ժողովրդավարության բաստիոն դիտակվող ՍԴ-ն, ինչպես ցույց են տալիս դրա շուրջ ծավալվող վերջին զարգացումները, իրականում ոչ թե բաստիոն է, այլ ՀՀԿ-ի քաղաքական բռնապետության խորհրդանիշ ամրոցը` Բաստիլը, այդտեղ աշխատող ՍԴ նախագահն ու դատավորների մեծ մասն էլ (9-ից առնվազն 7-ը)` իսկական բաստիլյան քաղբանտարկյալներ: 

Նախօրեին, մինչ ԱԺ-ն կընդուներ նրանց բանտարկությունից ազատելու, արժանապատիվ կերպով տուն ուղարկելու ու թոշակավորելու վերաբերյալ կառավարության նախագիծը, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ «սեպարատիստները» իսկական բարոյահոգեբանական դիվերսիա ձեռնարկեցին այդ «խոցելի խմբի» նկատմամբ`«չնստեք կոճղին, չուտեք կարկանդակ, այսինքն`չգայթակղվեք թոշակով» կարգախոսի ներքո: Հնչած ելույթների բովանդակությունից ու տողատակերից ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ խորհրդարանական ընդդիմությունն այս հարցի հետ կապված դրսևորում է նախկին ռեժիմի հետ համաձայնեցված վարքագիծ, և որ նրանց օրակարգում առկա չէ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը լուծելու խնդիր, փոխարենն առկա է այս խնդրահարույց հարցի շահարկմամբ իշխանության նկատմամբ վստահության ճգնաժամ առաջացնելու խնդիրը: 

Ակնհայտ է, որ պետական սուղ միջոցների արդյունավետ օգտագործման հարցը սրությամբ է դրված հատկապես այս կառավարության առաջ, իսկ հանրային վստահություն չվայելող ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու և նրանց սոցիալական երաշխիքները հոգալու, պատկերավոր ասած` նրանց կալանքը գրավով փոխարինելու դիմաց կառավարությունը ստիպված պետք է լինի հարկատուներիս գրպանից շռայլորեն վճարել: Ահա այս հանգամանքը շահարկելու միջոցով էլ ԲՀԿ-ն փորձում է բորբոքել հանրության սոցիալական կրքերն ու իշխանությանը մեղադրել հարկատուներիս արյուն-քրտինքով վաստակած փողերը ոչ թե մեր բազում դարդ ու ցավերը հոգալուն հատկացնելու, այլ ոչինչ չանող ՍԴ դատավորներին որպես «շաբաշ» բաշխելու մեջ: Իհարկե, առաջին հայացքից դժվար է չհամաձայնել այս փաստարկի հետ, սակայն ինչ անել, եթե ստեղծված իրավիճակում Բաստիլը բաստիոնի վերածելու թերևս միակ իրավական մեխանիզմը սա է: Մնում է` մեխանիզմն անխափան աշխատի ու տա իր արդյունքները: 

Ինչ է առաջարկում իշխանությունը

ԱԺ-ի կողմից նախօրեին ընդունված` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած օրենքի այս նախագծով, որով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի: Կառավարությունը հաշվարկել է՝ եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 7 դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Պետությունը նրանց տարեկան շուրջ  91 միլիոն դրամ կենսաթոշակ պետք է վճարի: Նկատենք, որ որևէ դատավոր մինչև այս պահը հրապարակայնորեն վաղաժամ թոշակի գնալու համաձայնություն չի տվել:

Երեք մանեթանոց լաց  

«Հիշե՛ք, որ որևէ իշխանություն հավերժ չէ, եթե ձեզանից մեկը կգնա այս քաղաքական գործընթացին, որով ձեզ տրվելու է կոմպենսացիա, կամ շառից փորձանքից ազատվելու համար գնա նստի հեռու, միայն մենք նրանից պրծնենք, որովհետև իրավական մեխանիզմներով մենք ձեզնից պրծնել չենք կարող, իշխանափոխությունից հետո ոչ միայն վերադարձնելու եք գումարները, այլև ենթարկվելու եք քրեական պատասխանատվության»,- հավատարիմ մնալով իր ռեպերտուարին` օրենքի նախագծի քննարկման ժամանակ դատավորներին ահաբեկեց ԲՀԿ-ի ալտ Նաիրա Զոհրաբյանը

Նրան շուտով ձայնակցեց ՀՀԿ-ի մեցցո-սոպրանո Արփինե Հովհաննիսյանը` ֆեյսբուքում ստատուս գրելով. «Ձեր անցած ուղու վերջաբանը իշխանության կողմից ձեզ առաջարկվող անփառունակ «պարապության նպաստը» չէ` ՀՀ քաղաքացիների հաշվին: Պատմությունը գլխիկոր հեռացածներին համարելու է ոչ թե պատվով հեռացածներ, այլ նպաստի համար ամենակարևոր մարտի ժամանակ ՊԱՏԻՎ ՎԱՃԱՌԱԾՆԵՐ։ Ավելին` ցանկացած հաջորդ իշխանություն վերացնելու է «պարապության» նպաստը, որովհետև չի կարող ՀՀ քաղաքացու հաշվին ոչինչ չանելու համար միլիոններով նպաստ ստանալը դիտվել իրավաչափ ու բարոյական որևէ իշխանության դեպքում»:  

Զոհրաբյան-Հովհաննիսյան հեռակա դուետին միացավ նաև մեկ այլ ՀՀԿ-ական` սոպրանո Մարգարիտ Եսայանը` դարձյալ ստատուս գրելով: «...Վստահ եմ, այս իշխանության վրա հույս դնելը և հավատալը, թե նրանք հավերժ են և թոշակի գնացած դատավորներին պարտաճանաչ տրվելու է խոստացածը, շատ կասկածելի է, մանավանդ, արդեն իսկ ակնհայտ է, այս իշխանությունը անցողիկ է, շուտ է հեռացվելու, և նոր եկողները վստահաբար, այսօր ընդունված օրենքը ետ ողորմեա են անելու, չկասկածեք»:

Հուսանք` եվրոպական կառույցներում ուշիուշով հետևում են Զոհրաբյանի ու մյուսների «երգեցողության» որակին և առաջիկայում կարձագանքեն երկրի բարձրագույն դատական ատյանի նկատմամբ կիրառված այս ահաբեկչական ակտին, ոչ նորմատիվային բառապաշարով ասած` հիստերիկ բայղուշություններին: Իսկ մինչ այդ ընդգծենք, որ ՀՀ դատաիրավական բարեփոխումների համատեքստում ՍԴ-ում առկա ճգնաժամը հաղթահարելուն ուղղված իշխանության սույն նախաձեռնությունը Եվրոպական կառույցներում դրական են գնահատել: Մասնավորապես Վենետիկի հանձնաժողովը, անդրադառնալով դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մեխանիզմին, նշել է, որ այն ընդունվելու դեպքում պետք է կիրառվի կամավորության սկզբունքով` չպարտադրվի որևէ դատավորի: 

Հեղինե Մանուկյան 

Հ.Գ. Ակնհայտ է, որ ՍԴ-Բաստիլի մատույցներում հերթապահություն իրականացնող «մշտարթուն գամփռները» ամեն ինչ անում և անելու են «բանտարկյալների» ազատությանը խոչընդոտելու ուղղությամբ` ազատարարներին «ատամ գցելուց» մինչև միկրոֆոն ծռող կլանչոցներ: Այնպես որ, սկսած գործը ավարտին հասցնելու համար իշխանությունից ամուր նյարդեր ու ամենակարևորը` համախմբված աշխատանք է պահանջվելու: 

Չէր խանգարի նաև ապահովության նկատառումներից ելնելով կատաղության դեմ կանխարգելիչ պատվաստումներ ստանալը: 

«Չորրորդ իշխանություն», 13, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ