...

Բիզնեսմեններն ամենաէժան միսն են գնում

Բիզնեսմեններն ամենաէժան միսն են գնում

Երրորդ երկրներից ներկրումները կպակասեն

Այս տարվանից ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացում է նախատեսվում մի շարք պարենային ապրանքների վրա: Օրինակ` սառեցված հավի մսի դեպքում 2019 թվականի 22% դրույքաչափի փոխարեն այս տարի կիրառվելու է 25 % դրույքաչափ, 2021 թվականին՝ 50 %, իսկ տավարի մսի դեպքում` 2019 թվականի 12.5 %-ի փոխարեն 15 % : Մյուս կողմից՝ երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կախված են լինելու նրանից, թե ՀՀ ներմուծվող ապրանքը ԵԱՏՄ առանձնաշնորհումների միասնական համակարգի մեջ ներառված է, թե՝ ոչ:

«Երրորդ երկրներից հավի սառեցված մսի ներմուծման դրույքաչափի փոփոխությունը թռչնամսի շուկայում էական ազդեցություն չի ունենալու»,- «ՉԻ»-ի հետ զրույցում վստահեցրեց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

«Ենթադրենք՝ 2019 թվականին մենք աշխատել ենք երրորդ երկրներից ներկրվող սառեցվածի մսի դեպքում 22 տոկոսով, այս տարի դրույքաչափը դառնում է 25 տոկոս, նշանակում է, որ պայմանականորեն երրորդ երկրներից ներկրվող թռչնամիսը 3 տոկոսով թանկանում է: 2014 թվականից մենք ԵԱՏՄ-ին խնդրել ենք, որ բացառությունների մեջ վերցնի թռչնամիսը, քանի որ շատ օգտագործվող սննդամթերք է, երրորդ երկրներից ներկրվող սառեցված թռչնամիսը թանկանալու է վաճառքի կետերում»,- նշեց նա:

Մաքսատուրքի դրույքաչափի բարձրացումը զգալի փոփոխությունների չի բերի, քանի որ Հայաստանը խորը սառեցված թռչնամիս է ներկրում ինչպես ԵԱՏՄ-ի անդամ երկրներից՝ ՌԴ-ից, Բելառուսից, Ուկրաինայից, այնպես էլ երրորդ երկրներից՝ Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Կանադայից: Ստեփանյանը մատնանշում է, որ դրույքաչափերի փոփոխությամբ պայմանավորված, ԵԱՏՄ երկրներից ներմուծվող խորը պաղեցված թռչնամիսը չի թանկանալու:

Թռչնաբույծների միության նախագահը միևնույն ժամանակ չի բացառում, որ գնային որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, կարող են լինել:

«Կարող են մի փոքր թանկացնել, որովհետև իրենց մոտ կարող է թռչնամսի գնի բարձրացման միտում լինել: Հենց երրորդ երկրներից թանկացում է լինում, Ռուսաստանից ներկրվող հավն ավելանում է, քանի որ էժան են բերում, մեր տեղական արտադրանքի ինքնարժեքից էլ ցածր: Քանի տոկոսը բարձրանում է, երրորդ երկրներից ներկրումը պակասում է: Երրորդ երկրներից արդեն ավելի քիչ կներմուծվի, քան ԵԱՏՄ-ից»,- նկատում է մեր զրուցակիցը:

Իսկ սոցիալապես անապահով խավն իր գրպանին համապատասխան կարողանում է ավելի շատ թռչնամիս օգտագործել: Համեմատության համար նշենք, որ հարևան երկրների համեմատ Հայատանում ավելի շատ է թռչնամիս սպառվում:

Մինչև անցյալ տարի ներկրվող ընդհանուր թռչնամսի մեջ ԵԱՏՄ-ն կազմում էր մոտ 20-21 տոկոս, իսկ 2019 թվականից սկսած ցուցանիշը կրկնապատկվեց՝ հատելով 40 տոկոսի սահմանը: Սերգեյ Ստեփանյանը նշում է՝ թիվն էլ ավելի կաճի, որովհետև ինչքան ավելանում է երրորդ երկրներից ներմուծվող թռչնամսի դրույքաչափն, այնքան լավ նախապայմաններ են ստեղծվում ԵԱՏՄ երկրների համար:

Կասկածելի որակ

Որակական առումով էլ տարբերություններ կան երրորդ և ԵԱՏՄ տարածքից ներկրվող մսեղիքի միջև:

«Հատկապես Ռուսաստանի Դաշնությունում ընկերություններ կան, որոնք, օգտվելով առիթից, որ հայկական ներկրող ընկերություններն իրենց դիմում են էժան միս բերելու նպատակով, տալիս են միս, որը կասկածելի որակ ունի: Այդ որակը մենք բազմիցս ստուգել ենք: Մենք հայտնաբերել ենք առանձին խմբաքանակներ, որոնց որակը չի համապատասխանում չափանիշներին: Դրանք կամ սառեցված, հետ բերված թռչնամիս են, ժամանկետն անց են, կամ էլ ժամկետին մոտեցող են: Երբ մենք փորձանմուշներ ենք վերցնում, հետո արդյունքները հայտնում ենք, պատասխանում են, թե ձեր բիզնեսմեններն ասում են՝ մեզ ամենաէժան միսը տվեք»,- փոխանցեց Ստեփանյանը: 

Նա պատմեց, որ անցյալ տարի դեկտեմբերին մաքսազերծված մեկ կիլոգրամ թռչնամսի արժեքը կազմել է 490 դրամ:

«Դա նշանակում է՝ թափելու միս է եղել, բերել են, այստեղ վաճառել են, որ աղան, որպես ամենաէժան քաբաբ վաճառեն, և ուսանողներն էլ դա գնեն և ուտեն»,- մտահոգություն հայտնեց միության նախագահը:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1540 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ