...

Ծավալները կրճատվել են

Ծավալները կրճատվել են

Կաթի արտադրության ծավալներն այս տարի կրճատվել են: «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կաթ արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը:

Անձրևների սակավության պատճառով խոտի պակաս կար, ինչն էլ ազդել է կաթնարտադրության վրա: 
Այսօրվա դրությամբ գործարանները լիտրը 150-160 դրամով են կաթ գնում: Կաթ արտադրողների միության նախագահի խոսքով՝ կարողացել են ամբողջ տարվա ընթացքում գինը նույնը թողնել՝ ամռանը չեն էժանացրել, իսկ հետո սեզոնայնությամբ պայմանավորված՝ բարձրացրել: Կաթը, սակայն, գյուղացին ավելի ցածր գնով է վաճառում: Արդյունքում օգտվում են միջնորդները:

«Գյուղացին կաթը միջնորդներին է վաճառում լիտրը 110-120 դրամով: Կաթի գինը ցածր եղավ, բարձր եղավ, նա մեկ է իր գումարը վերցրնում է՝ լիտրի մեջ աշխատում է 20 դրամ: Սա արդեն կառավարման հարց է: Մթերման կետերին էլ են միջնորդները բերում հանձնում, շատ քիչ գյուղացիներ կան, որ իրենք են իրենց արտադրանքը հանձնում»,- նկատեց նա:

Վերամշակողների համար այս պահին թիվ մեկ խնդիրը կաթի պակասությունն է: Կաթի պակասի դեպքում, վերամշակող ընկերություններն արդեն մտածում են դրսից չոր կաթ ներմուծելու մասին: Խաչատուր Պողոսյանը շեշտում է, որ սեպտեմբերից հետո գործարաններն արդեն սկսում են արտադրանքի մեջ չոր կաթ շատ օգտագործել:
«Չոր կաթն այդքան էլ էժան չէ՝ նայած թե որ երկրից են այն ներմուծում և ինչ որակի է»,- նշեց նա:

Անհայտ ծագմամբ պանիր

Կաթ արտադրողների միության նախագահի խոսքով՝ արտադրողներն իրացման խնդրին են ամենից առաջ բախվում: Հատկապես խնդրահարույց է պանրի արտադրության և վաճառքի հարցը:

«Շուկայում անհայտ ծագում ունեցող պանիրներ են մտնում: Փոքր տնտեսություններ կան, որոնք տնային պայմաններում պանիր են սարքում՝ անհայտ ծագում ունեցող հումքից և էժան տալիս են խանութներին, իսկ մեծ գործարաններն այս դեպքում մրցունակ չեն դառնում: Նրանք օգտագործում են անհայտ հասկացողությամբ հումք՝ բուսական յուղ են օգտագործում, առանց յուղ չոր կաթի փոշի են խառնում իրար ու պանիր են ստանում: Իմ ունեցած տվյալներով՝ այսօր «Չանախ» տեսակի պանիր են կիլոգրամը 1200 դրամով բերում խանութներին հանձնում: Իսկ 1200 դրամը հումքի գինը չի կազմում: Սրա դեմ պետք է պայքարել»,- մատնանշեց նա:

Այծի չափ կաթ տվող կովեր

Մեր զրուցակիցն ասում է, որ կաթի արտադրության ծավալներն ավելացնելու համար արդեն իսկ պետության կողմից քայլեր են կատարվում՝ ներդրվել է խելացի անասնագոմերի ծրագիրը, ցածր տոկոսներով վարկավորում են տրամադրում անասնապահությամբ զբաղվողներին: Նրա գնահատմամբ՝ անասնապահությունից կարելի է շահույթ ստանալ, եթե բարձր արտադրողականությամբ անասուններ պահեն:

«Անասնապահությունը ձեռնտու չէ, որովհետև մեր գյուղացիները կովեր են պահում, որոնք արտասահմանի այծերի չափ կաթ են տալիս: Կովերի տեսակը պետք է փոխվի՝ սելեկցիոն աշխատանքներ պետք է կատարվեն, դրա համար կառավարությունն էլ որոշակի ծախսեր պետք է իր վրա վերցնի: Այսօր 1 կովի տարեկան միջին կաթնատվությունը 1500 լիտր է, դա սարսափելի պակաս թիվ է, որի արդյունքում էլ 1000 կով են պահում, բայց նորմալ կաթ չեն ստանում: 25 տարի է սելեկցիոն փոփոխություններ չեն կատարվել, մենք կովերի գենոֆոնդը լրիվ կորցրել ենք: Կովկասյան գորշ ցեղը վերացել է: Անհայտ ցեղատեսակի կովեր են պահում գյուղացիները, որոնց կաթնատվությունը բավականին ցածր է»,- եզրափակեց Պողոսյանը:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1497 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ