...

Չեմ ստորագրել, չեմ ասել՝ կողմ եմ, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի. Կարեն Գևորգյան

Չեմ ստորագրել, չեմ ասել՝ կողմ եմ, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի. Կարեն Գևորգյան

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել կալանքից ազատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա փափանման միջոցը:

Ստորագրահավաքին միացած և Քոչարյանին ազատություն պահանջող արվեստի գործիչներից է նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը:

«ՉԻ»-ի հետ զրույցում, սակայն, Կարեն Գևորգյանը հերքեց, որ Քոչարյանի ազատությունն է պահանջում: Ըստ նրա՝ չի ասել, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն կողմ է:

- Պարոն Գևորգյան, Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող արվեստի գործիչներից մեկն եք: Դուք մտավախություն չունե՞ք, որ նա, հայտնվելով ազատության մեջ, կարող է ազդել գործով վկանների վրա:

- Ինձ զանգահարել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից և հարցրել՝ Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ, որպեսզի փոխվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ես ասել եմ՝ դատում են՝ դատեն, թողնում են՝ թողնեն: Իմ ասածի իմաստը եղել է հետևյալը. եթե մեղավոր է թող դատապարտվի, եթե մեղավոր է, պետք է իր արժանի պատիժը կրի: Ցանկացած մարդ, ով հանցագործություն է կատարել այս երկրում, պետք է պատժվի: Բայց եթե որոշակի հանգամանքներում չի ապացուցվում մարդու մեղավորությունը, պետք է մարդուն թողել, մինչև ապացուցվի հանցագործությունը: Այդպիսի բան չի եղել, որ մեզ թուղթ բերեն, մենք ստորագրենք: Ես ունեմ իմ կարծիքը: Նորից եմ կրկնում՝ ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա: Եթե մեղավոր է, պետք է դատապարտվի, եթե մեղավոր չէ, չպետք է դատապարտվի: Ես քաղաքական գործիչ չեմ և քաղաքական հայտարարություններով, իսկապես, չեմ զբաղվում, հավատացեք: Ես պարի մարդ եմ և իմ գործն եմ անում: 

-   Բոլոր դեպքերում, եթե Քոչարյանն ազատության մեջ հայտնվի և ազդի գործով վկաների վրա, Դուք վկաների անվտանգությունը երաշխավորո՞ւմ եք:

-  Ես չեմ կարող այդպիսի հայտարարություններ անել, որովհետև ես բացարձակ այդ իրավիճակների մեջ խորացած չեմ: Ես չեմ կարող ասել՝ ինքն ազատության մեջ կլինի, չի լինի, որովհետև ես իրավիճակին չեմ տիրապետում և այդ հարցի ամբողջական պատկերը խորությամբ չգիտեմ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ մեզանից շատերն անձամբ ճանաչում են նրան: Ես  անձամբ նրան չեմ ճանաչում, ամբողջ կյանքում նրա հետ մեկ անգամ հանդիպում չեմ էլ ունեցել, ո՞նց ասեմ:

-    Այդուհանդերձ, եթե Քոչարյանն ազատության մեջ հայտնվի, և ազդի գործով վկաների վրա, Դուք դրա համար բարոյական պատասխանտվություն չե՞ք զգա:

-    Ես ի՞նչ պատասխանատվություն պետք է կրեմ: Պատասխանատվություն թող կրեն համապատասխան մարմինները:

-  Չեք վախենո՞ւմ դեմ գնալ հասարակական կարծիքին: Մտավախություն չունե՞ք, որ հասարակությունը կբոյկոտի և ձեր համույթի համերգներին մարդ չի՞ գա:

-  Ես բոյկոտելու բան չեմ տեսնում, կարծիք եմ ասել: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ մի խառնեք քաղաքականության մեջ:

-  Բայց Ձեր անունը հայտնվել է Քոչարյանի ազատությունը պահանջողների ցանկում, ակամայից հայտնվել եք հասարակության ուշադրության կենտրոնում և քաղաքականության մեջ:

-    Ամեն մեկին արժանի պատիժ: Եթե մարդը արժանի է պատժի, դատարանը պետք է որոշի համապատասխան պատիժ տալ այդ մարդուն:

-  Նորմա՞լ եք համարում, որ Մարտի 1-ին տանկեր հանվեցին ժողովրդի դեմ:

-  Դա սարսափելի բան է, ինչի մասին է խոսքը: Ես այդ ժողովրդի մի մասնիկն եմ: Թող դատաքննությունը պարզի և արժանի պատիժ տա այն մարդկանց, ովքեր մեղավոր են Մարտի 1-ի գործում:

-  Երեկ դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մանկուրտների հասարակություն ենք դարձել: Լինելով հասարակության մի մասնիկը՝ համաձա՞յն եք նրա հայտնած տեսակետին:

-  Ես չգիտեմ, ոչ լուրերի եմ հետևում, ոչ մի քաղաքական հայտարարության չեմ հետևում: Ես իմ գործն եմ անում, նոր ներկայացում եմ անում, ես ինչ գործ ունեմ քաղաքական բառերի հետ: Ես չեմ ստորագրել, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի: Ես ասել եմ՝ արժանի պատիժ: Եթե մարդը մեղավոր է, պետք է պատժվի, եթե մեղավոր չէ, պետք է ազատել: Ես չեմ ասել, որ նրա խափանման միջոցը փոխեք: Ես այդպիսի հայտարարություն չեմ արել:

- Ստացվո՞ւմ է, որ Քոչարյանի գրասենյակը խեղաթյուրել է Ձեր կարծիքը:

-  Իրենք հարցրել են՝ Դուք կո՞ղմ եք, որ խափանման միջոցը փոխվի: Ես չեմ ասել, որ այո, կողմ եմ, որ նրա խափանման միջոցը փոխվի: Ես ասել եմ, որ մեղավորները պետք է պատժվեն, իսկ ովքեր մեղավոր չեն, պետք է դուրս թողնել:  Հիմա դուք իմ հայտարարությունը ո՞նց եք մեկնաբանում: Ես կո՞ղմ եմ, որ իրեն հանեն: Ես ասում եմ, որ դուք կարող եք հերքել, ես այդպիսի բանի տակ չեմ ստորագրել և չեմ ասել, որ կողմ եմ, որպեսզի նրա խափանման միջոցը փոխվի:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   23671 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ