Քաղաքական
14.11.2019 / 09:00
Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
14.11.2019   11:00
315

«ՉԻ» ռիթմով

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱՐԱՐԻՆ ԷԼ

Այս շաբաթն անցավ «Ոչ մի թիզ հող Հրայր Թովմասյանին» կարգախոսի ներքո: Այն բանից հետո, երբ Սահմանադրական Դատարանը խորհրդարանին ուղարկեց որոշ հեռավոր վայրեր՝ մերժելով նույնիսկ վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը, իշխանությունները որոշեցին ցույց տալ, որ իրենք իշխանություն են: Երկաթյա ձեռքով, երկաթյա տրամաբանությամբ և երկաթյա համառությամբ: Ու ձերբակալեցին Արսեն Բաբայանին՝ Հրայր Թովմասյանի սանիկ-մանիկներին, տատիկ-պապիկներին տանել-բերելուց հետո: Այո, պարզվում է, Արսեն Բաբայանն է նախկին ռեժիմի ամենավտանգավոր ներկայացուցիչը: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ կարգելու օպերացիայի ընթացքում ինչ-որ փաստաթղթեր է մուտքագրել հետին թվով ու նման բաներ:

Ընդունենք, այդպես էլ եղել է: Ինչո՞ւ եք Արսեն Բաբայանին կալանավորում: Ի՞նքն էր իշխանություններին խոչընդոտում՝ լուծել ՍԴ-ի շուրջ առաջացած ճգնաժամը: Դժվար: Հիմա ի՞նչ ստացվեց. ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանը հանգիստ փախավ Ռուսաստան, հիմա էլ ասում են՝ արդեն ԱՄՆ-ում է, Մարտի 1-ի գործով անցնող Արմեն Գևորգյանը ազատության մեջ է, իսկ Արսեն Բաբայանը՝ կալանքի տակ: Սա շատ անարդար ու աբսուրդ բան է: Արսեն Բաբայանը ոչ օլիգարխ է, ոչ բարձրաստիճան պաշտոնյա է եղել, ոչ միլիոններ է կուտակել, ոչ մարդ է սպանել, ոչ զորք է հանել ժողովրդի վրա, առավելագույնը՝ մի հատ փոքր չինովնիկ, որին վերագրվող ապօրինություն-կեղծիքները համեմատության եզր չունեն ազատության մեջ գտնվող նախկին պաշտոնյաներին վերագրվող ծանր հանցագործությունների հետ: 

Այդպես լավ չէ. մի հատ էլ ԱԺ հավաքարարին բռնեիք, նա էլ գուցե մաքրել է ԱԺ ղեկավարության կեղծիքները, հետքերն էլ ժավելով ջնջել է: Լավ հոտ չի գալիս այս ճանապարհից, որն ընտրել են իշխանությունները ՍԴ-ի հարցը լուծելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՎ 1 ՀԱՆՑԱՎՈՐԸ

Այս շաբաթ իշխանությունները մի հատ էլ իրենք իրենց դեմ գործեցին: Խոսքը պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին է: Իսկ ավելի կոնկրետ՝ այդ փաստը գաղտնի պահելու մասին: Կամ՝ ուշ հայտնելու: Կապ չունի, թե ոնց է եղել, բայց փաստ է, որ հանրությունն այդ մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: Բարձրացրել, բարձրացրել եք, հայտարարեիք այդ մասին, քննադատողը կքննադատեր, ըմբռնումով մոտեցողը՝ «կըմբռնվեր», մի քանի օր շուխուր կլիներ, հետո նորից բոլորս կանցնեինք Հրայր Թովմասյանի հարցին: 

Իսկ այսպես տգեղ ստացվեց: Որքան էլ կառավարության ներկայացուցիչները հիմա պարզաբանումներով հանդես գան, որքան էլ գեղեցիկ հիմնավորումներ ներկայացնեն, դա չի մարելու դժգոհությունների ալիքը: Երկրորդ՝  սա անընդհատ հիշեցնելու են իշխանություններին, ամեն օր շահարկելու են, առիթ-անառիթ հիշատակելու են և իրավունք ունեն. առիթ տվել եք: Նման մեթոդները, իհարկե, հովացնում են հասարակական տարբեր խավերի մեծամասնության սրտերը, բայց կյանքը ցույց է տալիս, որ մեծամասնությունը փոքրամասնություն դառնալու հատկություն էլ ունի: Ինչ արվում է, պետք է այնպես արվի, որ հետագայում դրա հետ կապված որևէ խնդիր չառաջանա:

ԵՎ ԱՅԴ ՄԱՐԴԸ ԴՈՒ ԵՍ

Մոտենում է «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության 20-րդ տարելիցը: Բնականաբար, այս օրերին այս թեմայով բազմաթիվ հրապարակումներ, հաղորդումներ, վերլուծություններ կլինեն: Ականատեսները նորից կպատմեն այդ օրվա մանրամասները, այն տարիներին իշխանության տարբեր օղակներում աշխատող պաշտոնյաները կվերհիշեն, թե ով ինչ է արել այդ օրը, դրանից հետո, ինչու գործը չբացահայտվեց:

Բայց որ այս ոճրագործությանը առնչվող, նախկինում գործով մեղադրյալներից մեկն է շահարկում թեման, դա քչերն էին սպասում: Նախկին դաշնակը, նախկին սկաուտը, Քոչարյանի բոլոր հրամանները նախկինում անվերապահ կատարած և կատարող այդ անձնավորությունը գրել է, թե իրեն պատմել են, որ նրանց պատմել են, որ ինչ-որ տեղ լսել են, թե «Հոկտեմբերի 27-ի» հիմնական ահաբեկչին բաց թողնելու գործի քավորը ՀՀՇ-ամերձ շրջանակից է, որ հեսա իրանից կեղծ ցուցմունք կվերցնեն, մի քանի հոգու 27-ի գործով կձերբակալեն և այլն:

Դե, որ քոչարյանական լրատվամիջոցի ղեկավար է ու Նաիրի Հունանյանի ընկերը, բնականաբար, լավ տիրապետում է գեբելսյան քարոզչության այբուբենին: Օդից կարող են ինչ-որ բան մոգոնել ու տարածել: Այստեղ զարմանալու բան չկա: Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ 27-ի  գործով Նաիրի Հունանյանը կարող է նորից անուններ տալ, ճշմարտությունը ասել, առաջիններից մեկը հենց այդ ընկերոջ հետևից են գալու: 27-ի գործի հատորները կան, մանրամասները կան, գիտենք, թե այդ անձնավորությունը մինչև 27-ը որտեղ և ինչպես է հանդիպել Նաիրի Հունանյանի հետ, ինչ երաշխիքներ է տվել իր և Ալիկի անունից: Ենթադրում ենք, հիմիկվանից թեման շահարկում են, հետագայում, եթե իհարկե, 27-ի գործը բացահայտման ընթացք տրվի, իրեն զոհի կերպարանք տա: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 6, 2019



 Պիտակներ

         Արսեն Բաբայան, Արմեն Գեւորգյան, Հարություն Հարությունյան, Միհրան Պողոսյան

Գովազդ