...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Հայկական ռադիոյի անեկդոտը

Լավ շաբաթ էր: Հետաքրքիր, հարուստ տարատեսակ ներդրումային իրադարձություններով: 
Շաբաթվա քաղգործարարը Գագիկ Ծառուկյանն էր: Ահավոր ճնշում են: Չեն թողնում, որ երկիրը շենացնի, զարգացնի: Մարդը Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչներին բերել, հասցրել էր Հայաստան, ավելի ճիշտ՝ քաղաքապետարան, այս շեյխոտ դեմքերը պատրաստակամություն էին հայտնել Երևանում հիվանդանոց կառուցել, բիզնես կենտրոն, մետրո, ու այդ ամենը՝ ջրի գնով: Իսկ Հայկ Մարությանը բռնեց և այդ ամենի վրա խաչ քաշեց, շեյխերն էլ թողեցին, հիասթափված հեռացան:

Երևի հիշում եք անեկդոտը. հայկական ռադիոյին հարցնում են. ճի՞շտ է, որ ընկեր Գրիգորյանը 1000 ռուբլի է վիճակախաղով շահել: Ռադիոն պատասխանում է. ճիշտ է, բայց ոչ թե ընկեր Գրիգորյանը, այլ ընկեր Մինասյանը, և ոչ թե 1000 ռուբլի, այլ 850, և ոչ թե շահել է, այլ՝ պոկերով պարտվել է: 

Ըստ էության, Գագիկ Ծառուկյանը հայկական ռադիոյի եթերում հայտնվելու բոլոր նախադրյալներն ունի: Պարզվեց, որ ոչ թե թագաժառանգ շեյխի ներկայացուցիչներ են հանդիպել Հայկ Մարությանի հետ, այլ Ծառուկյանի բիզնես-գործընկերները: Եվ ոչ թե ցանկացել են Երևանում ներդրումներ կատարել, այլ Կենտրոնում հողատարածք կպցնել: Եվ հիասթափված հեռացել են ոչ թե Էմիրաթներ, այլ Ավանի «Եվրոմոթորս» ընկերություն, որտեղ այդ արաբներից մեկը Ծառուկյանի հետ փայատեր է, մյուսը՝ տնօրենը: 

Հա, ու այդ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, իսկ Գ. Ծառուկյանն այդ մասին հայտնում է 5 օր առաջ: Եվ ոչ թե Ծառուկյանն է ծիծաղի առարկա դառնում, այլ Հայաստանը:

Տեր-Պետրոսյանի վատ խասյաթի մասին

1999թ. հունվարին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ հրաժարականից հետո խոսեց: ՀՀՇ համագումարում լրագրողների բազմությունը շրջապատեց նրան, նա էլ հնարավորինս կարճ ու անորոշ պատասխանում էր, բայց ՀՅԴ-ի հետ կապված հարցին անդրադարձավ: Ասաց, որ Դաշնակցության գործունեությունն արգելելու իր որոշումը ամենաճիշտ քայլերից մեկն էր, որ ՀՅԴ-ն փակելուց հետո, մինչև 1998թ. փետրվարը, երբ ինքը հրաժարական տվեց և ՀՅԴ-ի պարագլուխներին Քոչարյանը «իրադրության փոփոխության» պատճառով ազատ արձակեց, Հայաստանում այլևս ոչ մի աղմկահարույց կամ քաղաքական սպանություն տեղի չէր ունեցել:

Նույնիսկ հիշում ենք, որ ՀՅԴ-ն ահավոր փրփրել էր նախագահի այդ խոսքերից, դաշնակները հայտարարում էին, որ հեսա խանչալներն ու իրենց ազգային-ազատագրական այլ զենքերը հանելու են, որ Տեր-Պետրոսյանին դատի են տալու, որ իրենց ձեռից չի պրծնի, որ պահանջելու են նրան նստեցնել... Ու այդպես թեման փակվեց, ոչ մի բան էլ չեղավ, ՀՅԴ-ն Քոչարյանից ինչ-որ թուլափայեր ստացավ, մոռացավ Տեր-Պետրոսյանին և գրեթե 20 տարի բավարարվեց իշխանության կցորդի իր դերով:

Բայց դրանով հանդերձ Առաջին նախագահի վատ խասյաթը չվերացավ. վերջում էլի ինքը ճիշտ դուրս եկավ: Որ եթե ՀՅԴ-ին չես փակում, ուրեմն ստանալու ես քաղաքական սպանություններ ու ահաբեկչություններ: Հրանտ Մարգարյանը, նա, որը «Դրո» ահաբեկչական կառույցի գործով Տեր-Պետրոսյանի օրոք մեկուսացված էր հասարակությունից, նորից որոշել է կրկին փորձել: 

Ելիր, դաշնակ «Դրո»

Պարզվում է, որ այս ընկերը Դաշնակցության ներսում շրջաբերական է տարածել, որ պետք է պարտիզանական հարվածներ հասցնել այս իշխանություններին: Մենք կողքից արդեն լսել էինք, որ Հրանտ Մարգարյանը ինչ-որ ՀԿ է բացել, ինչ-որ խմբեր է հավաքում, բայց ընդհանուր պատկերը պարզ չէր: Իսկ ժամանակակից աշխարհում պարտիզանությունը տերմինաբանությունը վաղուց փոխակերպել է ահաբեկչության: Այսինքն, ՀՅԴ-ն պատրաստվում է ահաբեկչական հարվածներ հասցնել իշխանություններին: Ու արդեն չեն էլ թաքցնում դա: Այս տեղեկությունը տարածել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը (ՆԱՈՒՄ), որն իր զայրույթն է հայտնել ՀՅԴ ներկայիս պարագլուխների անբարո գործունեության վերաբերյալ:

Հետո, երբ ՆԱՈՒՄ-ի տարածած տեքստը մեծ աղմուկ բարձրացրեց, ՀՅԴ-ն հայտարարեց, թե ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը պաշտոնապես հայտնում է, որ կոտրվել է միության պաշտոնական էջի գաղտնաբառը, և արդեն մի քանի օր է՝ սոցցանցերում ստեղծվում են միության անունը կրող կեղծ էջեր: Դե իհարկե, ո՞վ կարող էր մտածել, թե Հրանտ Մարգարյանը ահաբեկչական խմբեր է ստեղծում: Բա ինքը նման տղա՞ է: Իր անցյալում դուք նման բան տեսե՞լ եք:

Այնպես որ, հերթը Նիկոլ Փաշինյանինն է: Եթե չանի այն, ինչ պետք է նման դեպքերում անի պետության ղեկավարը, ստանալու է Հոկտեմբերի 27 և սպանությունների շարք: Կուզիկին միայն գերեզմանը կփոխի:

«Չորրորդ իշխանություն», 12, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ