Երկուշաբթի 16.12.2019 12:54

Սատիրիկոն
16.12.2019 / 11:30
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 11:15
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 10:45
Քաղաքական
16.12.2019 / 10:30
Սատիրիկոն
16.12.2019 / 10:15
10.09.2019   21:00
611

Ձեր բողազը ձեզ պահեք

Վերջերս Պետական եկամուտների կոմիտեն կազմել էր շոու բիզնեսի այն ներկայացուցիչների ցանկը, որոնք 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չէին վճարել, իրենց զգուշացվել է, հորդորվել է, որ եկամուտները հայտարարագրեն, բայց ոչ մի օգուտ: Չեն վճարում, ու վերջ:

Պարզվում է, որ ՊԵԿ-ից գրություն ստացածների թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն և Արման Հովհաննիսյանը: Սրանք այն անձինք են, որոնք 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չեն վճարել և ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները:

Թե ինչու չեն այս դեմքերը հարկեր չեն վճարում, թերևս, արտացոլված է նախորդ տարի երգիչ Թաթուլի պատասխանում. «Ես բողազս ճղեմ, որ հարկ վճարե՞մ»: Ու այս շոուբիզնեսականները բոլորն էլ այդպես են մտածում:

Այսինքն, մտածում են, որ իրենք իրենց բողազային ու ռաբիս երգերով սուրբ առաքելություն են իրականացնում, իսկ սրբերը ազատված են հարկային պարտավորություններից: Համարում են, որ մի բան էլ մենք ենք պարտք՝ մաշված բողազների համար: 

Եթե ուշադիր նայեք այս երգիչ-երգչուհիների երգացանկերը, ապա դրանք հեղեղված են «իմ սուրբ հայրենիք», «Մասիս սարս ետ բերեմ», «զինվորիս ցավը տանեմ», «անուշ երկիր», «հզոր բանակ» և այս կարգի ռազմահայրենասիրական արտահայտություններով: Բայց սրանով էլ սահմանափակվում է նրանց հայրենասիրությունը: Իրենք չեն հասկանում, այդքան հասու չեն, որ հայրենասիրությունը առաջին հերթին սկսվում է հարկերի վճարումից: Միայն հարկեր վճարելով է բանակը հզոր լինում, երկիրը քաղցր դառնում, թոշակները վճարվում, ճանապարհները բարեկարգվում, զինվորի ցավը բուժվում, մի խոսքով՝ երկիր, պետություն պահվում: 

Ու եթե ցանկանում եք իմանալ, ապա շոու-բիզնեսի նման ներկայացուցիչների ցանկը պետք է հրապարակվի, և նրանց գործունեությունն ընդհանրապես բոյկոտվի: Որովհետև հարկեր չվճարելով նրանք հարվածում են մեր պետությանը, թուլացնում, աղքատացնում: Ու սա մանրուք չէ, որովհետև կան որոշ տաքգլուխներ, որ ասում են. «հա, դե լավ դուք էլ, ինչ արել-չեն արել, էս երգիչներն ե՞ն արել: Եղած-չեղած, մի տաս հոգի են, դրանց հանգիստ թողեք, ի՞նչ է, ուզում եք շոու-բիզնեսի ոլորտը վերանա՞»:

Կապ չունի, 10 հոգի են, թե՝ 10 000: Կապ ունի, որ ՀՀ քաղաքացիներ են, մեր ոչ բարով-խերով Սահմանադրությամբ ունեն իրավունքներ և... որքան էլ իրենց համար տհաճ է՝ պարտավորություններ, որոնցից մեկն էլ հարկերի վճարումն է: 

Կամ ինչի՞ պետք է շոու-բիզնեսը վերանա: Դա դեռ հարց է, մենք ընդհանրապես շոու-բիզնես ունե՞նք: Կլկլոցները, կրկնվող երգերը, ռաբիս երաժշտությունը և ռաբիս մտածելակերպը դեռ շոու-բիզնես չեն: Ամենաշատը՝ էժանագին կրկես: Մինչդեռ մենք բազմաթիվ հիանալի երգիչներ, երաժշտական խմբեր ունենք, որոնք իրապես կարող էին ձևավորել շոու-բիզնեսի նոր մշակույթ: 

Այնպես որ, այս հարցում ՊԵԿ-ը պետք է հետևողական լինի, հատ-հատ ընկնի այս երգիչ-երգչուհիների ետևից, ու օրենքով ինչ հասնում է, նրանցից ստանա: Ինժեները, լրագրողը կամ ավտոբուսի վարորդը հարկեր են վճարում, ու իրենք ոչ մի բանով չեն զիջում վերոհիշյալ դեմքերին:



 Պիտակներ

         Թաթա, Սիլվա Հակոբյան, Իվետա Մուկուչյան, Լիլիթ Հովհաննիսյան, Արման Հովհաննիսյան, Անդրե, ՊԵԿ, Սոնա Շահգելդյան

Գովազդ

Ամենաընթերցված






















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1570