...

Դըմփ-դըմփ, հու, թե՞ թավիշ-վուշ-վուշ

Դըմփ-դըմփ, հու, թե՞ թավիշ-վուշ-վուշ

Արդեն 26-27 տարի է, ինչ հայաստանյան բոլոր ընդդիմությունները խոստանում են «թեժ աշուն»: Թվում էր, թե անցյալ տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձությունները մի փոքր բազմազանություն կմտցնեն ընդդիմության օրացուցային օրակարգում: Բայց՝ ոչ: Նախկին ռեժիմը, որ հիմա իրեն անվանում է ռադիկալ ընդդիմություն, հավատարիմ է ավանդույթներին: Իմիջիայլոց, ավանդույթ, որ սկիզբ դրեցին դաշնակցականները Արցախյան  պատերազմի ամենաթեժ ժամանակաշրջանում: Եվ եթե Սերժ Սարգսյանը դեռ ունի ժամանակ սպասելու և ավելի նպաստավոր պայմաններում հակագրոհելու, Քոչարյանը չի կարող սպասել, քանի որ մարտի 1-ի դատավարությունը սկսելու դեպքում նրա դիրքերը դառնալու են էլ ավելի խոցելի: «Թեժ աշնան» հաջող կամ անհաջող մեկնարկը կախված է ՍԴ-ում սկսված դատաքննության արդյունքներից: Եթե Քոչարյանը հայտնվի ազատության մեջ, դա լուրջ լիցք կհաղորդի, թեպետ արհեստական, բայց միևնույն է՝ շարժմանը: Եթե, այնուամենայնիվ, իշխանությանը հաջողվի ՍԴ-ին զերծ պահել Քոչարյանի օգտին որոշում կայացնելուց, ապա կլինեն որոշակի ակցիաներ, իրավիճակը սրելու փորձեր և այլն, սակայն մեծ հավանականությամբ դրանք չեն ունենա վճռորոշ ազդեցություն:  

Տպավորություն է, որ մինչ այժմ իշխանություններին չի հաջողվել «համոզել» Հրայր Թովմասյանին և կոմպանիային: Մամուլում եղան հրապարակումներ, որ Թովմասյանը ապօրինի կերպով սեփականաշնորհել է Երևան քաղաքի մի քանի նոտարական գրասենյակներ: Կան հարուցված քրեական գործեր: Բայց, կարծես թե դա չի կանգնեցնում Թովմասյանին Քոչարյանի օգտին որոշում կայացնելուց: Համենայնդեպս, վերջին օրերի նրա հրապարակային պահվածքը և հայտարարությունները դրա մասին են վկայում: Վճիռ կայացնելուց հետո, Թովմասյանին քրեական պատասխանատվության ենթարկելը ապօրինի սեփականաշնորհման մեղադրանքով, էլ ավելի զավեշտալի կհնչի, քան առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված գործը:

Իշխանությունն ունի ևս մեկ տարբերակ. ՍԴ-ի որոշումները հայտարարվում են ապօրինի և կատարման չենթակա՝ հաշվի առնելով ՍԴ-ի խնդրահարույց լեգետիմությունը: Իհարկե, կլինի արձագանք, այդ թվում՝ միջազգային: Հիշեցնենք, մի քանի ամիս առաջ նույն կերպ վարվեցին Մոլդովայի իշխանությունները: Սկզբում չճանաչեցին այդ երկրի ՍԴ-ի լիազորությունները, իսկ այնուհետև պարզապես ցրեցին ՍԴ-ի գործող կազմը: Եղավ միջազգային կոշտ արձագանք, բայց այդ երկրի իշխանությունները հաղթահարեցին այն՝ շատ արագ կազմելով նոր գործող, հանրային վստահություն ներչնշող ՍԴ:  Այսինքն՝ թարմ միջազգային փորձը  առկա է: Այն Մոլդովային չբերեց իրավական կոլապսի և չհանգեցրեց միջազգային մեկուսացման:

Ակնհայտ է՝ ՍԴ-ի ներկա կազմը չունի հասարակական աջակցություն: Հանրությունը այդ կառույցին նայում է իբրև նախկին ռեժիմի վերջին բաստիոնի: Իշխանությունը պետք է ընտրի՝ միջազգային հնարավոր կոշտ արձագանքը, թե՞ ապատիայի և բողոքավորի դերը ՍԴ անբարենպաստ որոշման դեպքում: Մարտի 1-ի գործի դատավարության փլուզումը անդառնալի հարված կհասցնի իշխանության դիրքերին և կակտիվացնի շատ ուժերի, որոնք դեռ այսօր պայմանական գտնվում են «քնած» վիճակում և սպասում համապատասխան հրահանգի:

Արիս Վաղարշակյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ