...

ԵԺԿ-ում տեղյա՞կ են ՀՀԿ-ի հետագծի և ներկայի մասին

ԵԺԿ-ում տեղյա՞կ են ՀՀԿ-ի հետագծի և ներկայի մասին

Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության համագումարին: Այս կապակցությամբ հանրապետականների մոտ քեֆ-ուրախություն է: Շեֆին նորից մարդամեջ են հանում: 1.5 տարի առաջ մերժվելուց հետո Սարգսյանը երրորդ անգամ է լքում Հայաստանը: Առաջին անգամ գնաց Մոսկվա՝ մեղա գալու Կրեմլի առաջ իր սարքած աջաբսանդալի համար: Արձագանքներից ակնհայտ է՝ չընդունեցին Սարգսյանի ներողությունները և պարզաբանումները: Երկրորդ անգամ գնաց իր սիրելի Բադեն-Բադեն՝ հանգստանալու, որի արդյունքում դեղին վարտիքով նկարներ հայտնվեցին համացանցում:

Հիմա մի փոքր ավելի լուրջ առիթով է գնում Խորվաթիա՝ մասնակցելու Եվրոպայի ամենամեծ կուսակցություններից մեկի համագումարին: Այստեղ արդեն եվրոպայի ժողովրդավարների վարքագիծն է հետաքրքիր: Իրենք կոչվում են ժողովրդավարներ, բայց սեղանի շուրջ թույլ են տալու նստել մեկին, որ մերժվել է մի ամբողջ հասարակության կողմից: Մերժվել է ընտրությունները կեղծելու, ժողովրդին խաբելու, հարազատների միջոցով երկիրը թալանելու պատճառով: Մերժվել է ամբողջ աշխարհի աչքի առջև, առանց օտարերկրյա որևէ միջամտության:

Որքա՞ն պետք է ՀՀԿ-ն անդամավճար փոխանցի ԵԺԿ-ին, որ այդ կուսակցության ղեկավարները անհարմարություն չզգան նստել այդպիսի հետագիծ ունեցող անձնավորության կողքին: Ի՞նչ մտերմիկ հարաբերություններ պետք է կապեն միմյանց, որ պատրաստ լինեն նստել և լսել Սերժ Սարգսյանի դատողությունները ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ շուկայական հարաբերությունների անհրաժեշտության մասին:

Տեսնես եվրոպացի ժողովրդավարները տեղյակ են, որ անգամ իշխանությունը կորցնելուց հետո Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն կատաղի պայքար է մղում Հայաստանում մարդու իրավունքների դեմ: Տեսնես եվրոպացի ժողովրդավարները տեղյակ են, որ ՀՀԿ-ն դարձել է կրոնական և սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի առաջամարտիկն ու դրոշակակիրը:

Իսկ տեսնես եվրոպացի ժողովրդավարները տեղյակ են, որ Սերժ Սարգսյանի կողքին մնացած հատուկենտ համակիրները կատաղի պայքար են մղում, որ չընդունվի Քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը: Այն օրինագիծը, որի արդյունքում օրենքով գողերը կզիջեն իրենց դիրքերը հասարակական հարաբերություններում: Այն դիրքերը, որ նվաճել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործուն աջակցության և հովանավորչության արդյունքում: Այլևս չեն ունենա վճռորոշ ազդեցություն քաղաքական և տնտեսական խնդիրներում: 

Ընդհանրապես, ԵԺԿ-ն պետք է հետևություններ անի, թե ում հետ է համագործակցում Հայաստանում. ՕԵԿ-ի՞, որ ստացավ 1 տոկոսից քիչ ձայն, Ժառանգությա՞ն, որ չմասնակցեց ընտրություններին, ՀՀԿ-ի՞, որ չանցավ խորհրդարան, թե այլ կուսակցությունների հետ, որոնք մշտապես պայքարել են Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման համար: Անդամավճարը հաճելի և անհրաժեշտ գործոն է, բայց հեղինակության մասին նույնպես արժե երբեմն խորհել:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1466 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ