...

Գիշերամիզության քրոնիկոն

Գիշերամիզության քրոնիկոն

Հայտնի դեպքից հետո Քոչարյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ դա նոր Հայաստանում միանշանակ քաղաքական հետապնդում է նշանակում։ 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնի հեռախոսազրույց ունեցավ Բելա Քոչարյանի հետ և խոստացավ աջակցություն ցուցաբերել, եթե Քոչարյանը հրաժարվի «Սիստեմայի» իր ամբողջ մասնաբաժնից։

Սաթիկ Սեյրանյանն իր «168 ժամում» ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովին հարցրեց. «Ի՞նչ եք կարծում, դա կարագացնի՞ Հայաստանի միջազգային հեղինակության անկումը»։ 

НТВ ռուսական հեռուստաալիքը հաղորդեց, որ Հայաստանում 2-րդ նախագահի դիրքերն ամրապնդվում են։

Հ1-ի ամերիկյան սփռման տեքստից լուռ անհետացավ «գիշերամիզություն» բառը։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ  իր պաշտպանյալի հետ կատարված դեպքը դատավոր Աննա Դանիբեկյանի կողմնակալ մոտեցման փաստարկ է։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը գիշերամիզության սահմանադրականության մասին հարցում ուղարկեց Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Քոչարյանին սատարող «Վետո» խումբը հայտարարեց, որ դեպքը Սորոսի հայաստանյան գրասենյակի քայքայիչ գործունեության հետևանք է։

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ նախկին նախագահին անմիջապես պետք է տեղափոխել արտասահման՝ բացառիկ վիրահատության։

Ի պաշտպանություն Քոչարյանի, պիցցայակերների խումբը որոշեց դատարանի առջև գիշերամիզության ակցիա իրականացնել։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը ցանկություն հայտնեց մասնակցել կազմակերպվող ակցիային, բայց միայն հակագործողությամբ։

Հայելի.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանը լուր հրապարակեց Իլհամ Ալիևի հուժկու գիշերամիզության մասին՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանին։

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը խոստացավ իր ողջ ռեսուրսները ներդնել տվյալ հարցի միջազգայնացմանը։

Պետրոս Ղազարյանին հյուրընկալած Դավիթ Շահնազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն անհապաղ պիտի հրաժարական տա, այլապես շատ շուտով Հայաստանը կործանվելու է։

ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարություն տարածեց, որ դեմ է հարցի քաղաքականացմանը և համոզված է, որ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հալածանքի։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց «Գիշերային» անվանումով քաղաքական ակումբի ստեղծման մասին։

Րոպեներ անց Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում ստատուս գրեց, որ Քոչարյանի հետ նման դեպք կատարվել է դեռևս Սերժ Սարգսյանի օրոք։

Մի ֆեյսբուքյան ստատուս էլ գրեց Լևոն Բարսեղյանը, որում Ազգային ժողովին կոչ էր անում քաղաքական գնահատական տալ նախկինների 20-ամյա գործունեությանը։

Էդվարդ Շարմազանովն արտահայտվեց, որ դեպքը պետք չէ միայն բացասական տեսանկյունից դիտարկել, դրանով հասարակությանը բաժանում ենք գիշերայինների և ցերեկայինների։

Ռուսաստանի Դաշնությունում գտնվող  Զարուհի Փոստանջյանը ստատուս գրեց, որ ինքն իրեն հեռագիր է ուղարկել, որում մասնավորապես շեշտվում է, որ մեր ժողովուրդը չի կարող մոռանալ մթի ու ցրտի տարիները՝ սաղ Լևոնն ա մեղավոր։

Նախկին ԿԳԲ-շնիկ Գառնիկ Իսագուլյանը զգուշացրեց «Սասնա ծռերի» Քոչարյանի կալանախցին մոտենալու անթույլատրելիության մասին։

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող բոլոր կայքերով, հառուստաալիքներով և FM ռադիոկայաններով տիրաժավորվեցին Էդվարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի, Արմեն Աշոտյանի, Զարուհի Փոստանջյանի, Գառնիկ Իսագուլյանի ստատուսներները։

Արցախցի բուֆետչիկ-գեներալ Վիտալի Բալասանյանը, Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելուց հետո սպառնաց, որ անխնա կոչնչացնի բոլոր նրանց, ովքեր նպատակ են դրել հերոս նախագահին Ցռան Վերգո սարքել։

Երբ Արցախի պատգամավոր Ժաննա Գալստյանը լսեց Քոչարյանի հետ կապված միջադեպի մասին, բացականչաց՝ Кочарян - херос։

«Ժողովուրդ» թերթը արտահոսք տպագրեց դեպքի մանրամասներից։

«Հրապարակ» թերթը հատուկ առանձնազրույց ունեցավ դեպքի հետ։

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ամեն ինչ պետք է բարի ժպիտով ընդունել։

«5-րդ ալիքը» փողոցային հարցազրույցներ վերցրեց այն քաղաքացիներից, որոնք բողոքում էին ներկա իշխանություններից։

Սասուն Միքայելյանը  ներողություն խնդրեց կատարվածի անհարմարության համար։

ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հերքեց, որ այդ հարցով խմբակցության փակ նիստ է տեղի ունեցել։ 

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մամուլից էր տեղեկացել կատարվածի մասին և դեռ հստակ չի կարող ասել դեպքն իսկապե՞ս տեղի է ունեցել, թե ոչ։ Իսկ եթե իսկապաս նման դեպք տեղի ունեցած  լինի, հանրապետության քաղաքացիները անհանգստանալու ոչինչ չունեն. չէ՞ որ մեկ տարուց ավել է ապրում ենք ազատ երկրում, որտեղ ով ինչ կարողանում՝ այն էլ անում է։

Մարտի 1-ի դեպքերի ականատեսներից մեկը՝ սովորական մի մարդ հայտարարեց, որ դա գիշերամիզություն չէ, այլ արյունամիզություն, քանի որ Քոչարյանը արյունով եկել ու արյունով էլ գնացել է։

Ա. Գևորգյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   9306 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ