...

Գուշակեք հեղինակին. «Իշխանությունը զավթած քոչարյանական կլանը թքած ունի ժողովրդի պրոբլեմների վրա»

Գուշակեք հեղինակին. «Իշխանությունը զավթած քոչարյանական կլանը թքած ունի ժողովրդի պրոբլեմների վրա»

Այսօր «Այլընտրանքային նախագծեր» կոչվող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մարտի 1-ի դատավարությունը համարել է քաղաքական, Ռոբերտ Քոչարյանին համարել է քաղբանտարկյալ, և պահանջել է, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի:

Ստորագրողների թվում է նաև Գեղամ Նազարյանը՝ ՀՀՇ վարչության նախկին անդամը, «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը, «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողը, «Հայք» թերթի գլխավոր խմբագիրը:

Ահա այսպիսի անցյալ ունեցող մարդը հիմա համալրել է քոչարյանականների ճամբարը, Քոչարյանին էլ քաղբանտարկյալ է համարում:

Ճար չկա, մի հատ էլ այս դեպքում հիշեցնենք, թե տարիներ առաջ ինչեր է ասել Գեղամ Նազարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին: Ձեռագրերը չեն այրվում:

«Քանի որ ՀՀ իշխանությունը զավթած կլանը թքած ունի ժողովրդի պրոբլեմների վրա և սկսել է մեծ ջանադրությամբ և նյարդայնությամբ նախապատրաստվել առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններին, ապա դժվար չէ կռահել, որ սպեկուլյանտները կշարունակեն թանկացումները: Չպետք է մոռանալ նաև, որ սպեկուլյանտներից շատերը չեն էլ թաքցնում, որ ցանկանում են կրկին նախարարական և պատգամավորական աթոռներ զբաղեցնել, իսկ դրա համար նրանց փող է պետք, այն էլ շատ, իսկ փողը բնականաբար պետք է կուտակեն շարքային հայաստանցիների հաշվին: Եվ եթե շարքային հայաստանցիները հերթական անգամ հանդուրժեն, որ սպեկուլյանտի հոգեբանություն ունեցողները ընտրակեղծիքներով պահպանեն իրենց իշխանությունը, ապա ընդամենը մի քանի տարի հետո պատկերն ավելի սարսափելի կլինի: Սակայն վերջին զարգացումները և տեղի ունեցող իրադարձությունները հուշում են, որ առաջիկա խորհրդարանական և, առավել ևս, նախագահական ընտրությունների ժամանակ իշխող կլանը, մեղմ ասած, ձախողվելու է»:

Գեղամ Նազարյան, «Չորրորդ իշխանություն», 12.09.2006

«Իրան-Հայաստան գազամուղը ռուսներին ավելի մեծ դժվարությամբ կանցնի, քան 5-րդ բլոկը, որն արդեն պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը: Եվ սա Ռոբերտ Քոչարյանը և նրա մերձավոր շրջապատը մեծագույն հաջողություն են համարում և ժողովրդին ուզում են համոզել, որ հենց այս գործարքի շնորհիվ գազի գինը բարձրացավ ոչ թե երկու, այլ ասենք 1.2 անգամ: Այս խայտառակությունը իշխող կլանը մեծագույն հաջողություն է համարում և սա բնորոշում է նրանց իրական մակարդակը և աշխարհընկալումը:

Իսկ մեզ մնում է արձանագրել, որ Հայաստանի էներգետիկ համակարգի հերթական խոշոր օբյեկտը դարձավ Ռուսաստանի սեփականությունը` դրանից բխող բոլոր հետևանքներով: Անկասկած, վերոհիշյալ գործարքներից և պայմանավորվածություններից Հայաստանը հսկայական կորուստներ է կրում և կորցնում իր իրական անկախությունը: Այս ամենից ոչնչով չեն շահում նաև հայաստանցիները:

Իսկ իշխանությունների ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ստվերային տնտեսության կողքին հայտնվել են ստվերային փոխարժեքներ: Այսպես, իրենց ձեռնտու բոլոր դեպքերում իշխանամետ օլիգարխները մեկ դոլարի դիմաց վերցնում են 450 դրամ: Անշուշտ, այս փաստը ևս ոգևորել է Ռոբերտ Սեդրակովիչին: Նա հավանաբար շատ գոհ է նաև, որ այս տարվա ընթացքում շարունակվել է հին Երևանի ավերման գործընթացը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հնարավորության դեպքում Քոչարյանը կհրահանգեր ավերել այն ամենը, ինչ կառուցվել է մինչև 1998 թվականի փետրվարը: Նշենք նաև, որ տնտեսական աճի մասին է վկայում նաև ապրանքների և ծառայությունների գների թանկացումը: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է խոստովանում, որ գները վեր են բարձրացել:

Դե եթե գներն աճում են, իսկ ժողովուրդը բարձրաձայն չի դժգոհում, ստացվում է, որ բնակչության կենսամակարդակը ևս աճում է: Իրականում պատկերը շատ ավելի տխուր է: Պարզապես անցած մի քանի տարիների ընթացքում Հայաստանում վախի մթնոլորտ է ձևավորվել և բնակչության մի մասը վախենում է նույնիսկ ԺԷԿ-ի պետից և իր երեխայի ուսուցչից, դե իսկ ավելի բարձր պաշտոնյաներից պարզապես սարսափում են և նրանց ներկայությամբ մոռանում են բոլոր խնդիրների մասին: Եվ այս իրավիճակում նախագահի աթոռը զբաղեցրած նախկին կուսհրահանգիչը կարող է հպարտորեն խոսել ոչ միայն տնտեսության աճից, այլ նաև ժողովրդավարության հաղթանակից»:

Գեղամ Նազարյան, «Չորրորդ իշխանություն», 01.08.2006

«Այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը որոշ վերապահումներով հիշեցնում է բրեժնևյան լճացման տարիները: Այլ կերպ ասած, բոլորը, այդ թվում նաև տարբեր տրամաչափի պաշտոնյաները գիտեն, որ իրավիճակը շատ վատ է, բայց այդ մասին խոսում են ցածրաձայն և շատ զգույշ, իսկ հրապարակային ելույթներում իրենց ճղում են Ռոբերտ Քոչարյանի վարած հմուտ տնտեսական քաղաքականությունը գովերգելու համար»:

Գեղամ Նազարյան, «Չորրորդ իշխանություն», 02.06.2006

«Այսպիսով, խրոխտ քայլերով մենք մոտենում ենք երկու միլիարդի բնագծին: Անկասկած, եթե վարկերը նպատակային օգտագործվեին, ապա արտաքին պարտքի ծավալներից շատ քչերը կդժգոհեին, սակայն տխուր իրականությունն այն է, որ վարկերի հաշվին հարստացել են իշխող կլանի ներկայացուցիչները և նրանց հարազատները, իսկ ժողովուրդը մնացել է կոտրած տաշտակի առաջ: Ավելին, տասնամյակներ հետո, երբ Քոչարյանի կլանի մասին միայն տխուր հիշողություններ կմնան, ժողովուրդը ստիպված կլինի մարել կուտակված պարտքերը և բնականաբար դա հեշտ գործ չի լինի: Թուրքիայի նման հզոր տնտեսություն ունեցող երկիրը մեծ դժվարությամբ է կարողանում մարել կուտակած պարտքերը, այնպես որ, հեշտ չի լինի նաև հայաստանցիների համար:

Ստացվում է, որ մեր արտաքին պարտքն ուռճացնելու հաշվին Ռոբերտ Քոչարյանը և Տիգրան Սարգսյանը պարզապես հարստահարում են սեփական ժողովրդին»:

Գեղամ Նազարյան, «Չորրորդ իշխանություն», 07.07.2006

«Գետառի հունը մաքրելու փոխարեն իշխանություններն ընտրել են շատ ավելի հեշտ ճանապարհ, իսկ ամենակարևորն այն է, որ Քոչարյանի վարչակազմը Երևանը զրկում է իր խորհրդանիշներից մեկից` Գետառից»:

Գեղամ Նազարյան, «Չորրորդ իշխանություն», 25.08.2006

«Իգնեոկոմի» մասին առավել լավ պատկերացում կազմելու համար նշենք, որ այս ընկերության աշխատակիցները Ռուդյակին Վոժդ են անվանում: Այնպես որ, 2004 թվականի աշնանը Երևանում միմյանց հետ հանդիպել են Վոինը և Վոժդը և պատահական չէ, որ նրանց պայմանավորվածությունները և խոստումները նման ճակատագրի են արժանանում: Ավելորդ չէ նշել, որ Ռուդյակին և Քոչարյանին միավորում է նաև նույնանման խորհրդային անցյալը: Շատերը գիտեն, որ Ստեփանակերտում Քոչարյանն առաջատար կուսաշխատող է եղել: Նույն հաջողություններն է ունեցել Ռուդյակը, որը նույնիսկ «պադավատ» է ունեցել: Նշենք սակայն, որ եթե 1987 թվականի Ռուդյակը կոոպերատիվ է հիմնել, ապա Քոչարյանը նման նախաձեռնություն չի ցուցաբերել:

Գեղամ Նազարյան, «Չորրորդ իշխանություն», 06.06.2006

«Կար ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը սիրում էր գնալ քաղաքապետարան, քրտնացնել քաղաքապետերին և խոսել «մասանդրաների» մասին, սակայն ինչպես երևում է, իշխանություններն ավարտելով քաղաքի կենտրոնում անօրինական հողահատկացումները, այժմ կենտրոնանում են «մասանդրաշինության» վրա: Բնականաբար, հիմա Երևանը սիրող և սեյսմիկության մասին լսած հայաստանցիները հերթական անգամ կվրդովվեն, սակայն մենք պետք է հասկանանք, որ այսօր Հայաստանը և Երևանը ղեկավարողները խոպանչու հոգեբանություն ունեն: «Մեզնից հետո ինչ ուզում է լինի»,- մտածում են նրանք: Խորհրդային տարիներին, երբ խոպանչիները Ռուսաստանից վերադառնում էին, մեծ հաճույքով և ոգևորությամբ պատմում էին, թե ինչպիսի անորակ գոմեր կամ դպրոցի շենքեր են կառուցել, սակայն մեծ գումարներ վաստակել: Նրանց համար կարևորը գումարը վերցնելն ու արագ հեռանալն էր: Նույն հոգեբանությունն ունեն նաև այժմ իշխող կլանի ներկայացուցիչները: Նրանք չեն մտածում, թե ինչ կորցրեց Երևանը, երբ ավերվում էին քաղաքի կենտրոնի հին և գեղեցիկ շենքերը, թե ինչ ծանր իրավիճակ կստեղծվի քաղաքի կենտրոնում էլիտար բնակարանաշինության ավարտից հետո և ինչ կլինեն ձեղնահարկերը, եթե մի փոքր ուժեղ երկրաշարժ լինի: Նրանց համար կարևորը լրացուցիչ գումար վաստակելն է:

Մի իմաստուն ժամանակին ասել է, թե ճարտարապետությունը մարդկանց լուռ դաստիարակն է: Ամենայն հավանականությամբ, այս տեսակետին են նաև գործող իշխանությունները, որոնք քաղաքին պարտադրելով իրենց գաղութատիրական ճարտարապետական ոճը, ցանկանում են այնպիսի սերունդ մեծացնել, որոնք իրենց աշխարհայացքով մոտ լինեն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Անդրանիկ Մարգարյանին և իհարկե Արտաշես Գեղամյանին: Իսկ երբ հայտնվի մի սերունդ, որ թքած կունենա իր երկրի անցյալի վրա, ապա հնարավոր կլինի կառավարել առանց գլխացավի ևս մի քանի տասնամյակ»:

Գեղամ Նազարյան, «Չորրորդ իշխանություն», 27.05.2006

Վարագույր

ՎԱՐԿԱՆԻՇ

   5945 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ