«ՉԻ» տեղեկություններով՝ Այնթապի գյուղապետի որդին զորակոչային տարիքի է, սակայն ազատվել է զինվորական ծառայությունից: Թե ինչ հիմքով է ազատվել ծառայությունից, Կարեն Սարգսյանի պարզաբանումը այսպիսին է. «Հիվանդության պատճառներով է ազատվել, թե կոնկրետ ինչ հիվանդություն, զանգեք վայենկոմատ կասեն՝ ինչը ոնց ա, ես տեղեկություն չունեմ, գիտեմ, որ հիվանդ ա, սրտի անբավարարություն ունի, մանրամասն բժիշկները կասեն»: Նշենք, որ գյուղապետի հետ հեռախոսազրույցից մեկ ժամ հետո նրանից զանգ ստացանք. պարզվեց, ավելացնելու բան ունի: «Իմ տղան չի ազատվել բանակից, ուղղակի վեց ամսով տարկետում ա ստացել: Դուք որ ասեցիք ազատվել ա, հանկարծակիի եկա, ուրախացա, ասեցի՝ ես հայրն եմ ու չգիտե՞մ: Տեղս հարմար չէր, որ ասեի. սրտի համար վեց ամիս տարկետում են տվել, որ զանգեք վայենկոմատ, իրանք ձեզ սաղ կբացատրեն»,- խորհուրդ տվեց գյուղապետը:
Հիշեցնենք, որ ժամանակին Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանը համարվում էր Արարատի նախկին մարզպետներից մեկի՝ Էդիկ Բարսեղյանի աջ ձեռքը: Ջերմ հարաբերություններ ունեին, այնքան ջերմ, որ գյուղապետը 20 հազար դոլարով գնել էր մարզպետ Լոնդիկի «բռաբուս» մակնիշի մեքենան: Վերջինիս հետ նրանք հաջողել էին նաև նախանձելի թանկարժեք ծրագիր իրականացնել գյուղում մանկապարտեզ կառուցելու համար: Մանկապարտեզի կառուցման ծրագիրը մեկնարկել էր Արարատի մարզպետարանի և Գեոպրոմայնինգ կազմակերպության համաֆինանսավորմամբ` համամասնորեն 98 մլն և 90 մլն ներդրմամբ: Այդ տարիներին խոսվում էր այն մասին, որ գյուղապետն ու մարզպետը փողերի լվացում են արել՝ լիուլի օգտվելով ծրագրի ֆինանսավորումից: Ի դեպ, Այնթապի գյուղապետին հաջողվել էր նաև իր կնոջը կարգել գյուղի մանկապարտեզի տնօրեն: Նշենք, որ Կարեն Սարգսյանը իր պաշտոնավարման ընթացքում բիզնեսներ է ձեռք բերել, որից մեկն էլ «Այնթապ» տաքսու սերվիսն է: