...

«Հալալ» մորթի խարդախ ռիսկերը

«Հալալ» մորթի խարդախ ռիսկերը

Սպանդանոցային մորթը՝ կոռուպցիայի բուն

Օրերս ուժի մեջ մտավ բոլոր վաճառակետերում սպանդանոցային ծագման մսի վաճառքի պարտադիր պայմանը: Ըստ այդմ՝ սպանդանոցային ծագման թարմ կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով: Որոշումը խուճապ է առաջացրել անասնապահների շրջանում: «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը: 

Նա դրական է գնահատում սպանդանոցային ծագման մսի վաճառքի պարտադիր պայմանը: Դա անասունների մորթի, մսի վաճառքի քաղաքակիրթ տարբերակ է: Թեև բակային մորթից սպանդանոցայինի անցնելու որոշումը կարևոր է համարում, այնուամենայնիվ «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը մի քանի մտահոգություն ունի: Կասկածում է, որ օրենքի պահանջի բավարարման համար կենդանի ունեցողները ոչ թե սպանդանոցում մորթը կիրականացնեն, այլ դրա մասին զուտ վկայող թուղթ կգնեն։ 

«Այսօր մեզ մոտ գյուղատնտեսությունը գտնվում է աղքատ վիճակում, և կասկածում եմ, որ դա կդառնա կոռուպցիայի բուն: Մարդիկ այս անգամ կվաճառեն այդ կտրոնները, որ ցույց տան, թե անասունը տարել են և սպանդանոցում են մորթել: Գյուղացին փողով այդ կտրոնը սպանդանոցից հնարավոր է գնի, իր անասունը մորթի և բերի վաճառի»,- նկատում է մեր զրուցակիցը:

Միսը կթանկանա

Ըստ փորձագետի՝ նոր օրենքը գյուղացիների համար բարդություններ է ստեղծելու: Կենդանուն սպանդանոց հասցնելն էլ հեշտ գործ չէ, երբ տեղափոխման ամբողջ ծախսը ֆերմերի ուսերին է: Նրանք ստիպված են մի քանի կիլոմետր ճանապարհ անցնել անասունին սպանդանոց հասցնելու համար: Օրինակ՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչն իր կենդանին վաճառե­լու համար ստիպված է այն տեղափոխել 75 կմ հեռու՝ Մասիսում գտնվող սպանդանոց:

«Տեղափոխման համար գումար պետք է վճարի, մորթի համար պետք է մուծի: Դա բավական ծախսերի հետ է կապված: Շատ լավ է սպանդանոցը, բայց այսօրվա պայմաններում, երբ ունենք աղքատ գյուղատնտեսություն, մարդը մեկ անասունը պետք է վերցնի, հասցնի սպանդանոց, այնտեղ էլ մուծումներ կատարի: Դա շատ բարդ պրոցես է: Չեմ պատկերացնում՝ Հայաստանում այդ սպանդանոցները ինչպես են աշխատելու»,- նշեց նա:

Որպեսզի ֆերմերը չտուժի, Սարգիս Սեդրակյանի կարծիքով, սպանդանոցները պետք է լուծեն անասունի տեղափոխման հարցը:

«Սպանդանոցները պետք է ունենան շրջիկ մեքենա: Այդ մեքենայով գան կենդանուն տանեն, հակառակ դեպքում ծախսի տակ ընկնում է գյուղացին: Սպանդանոցն է կատարում մորթը: Չգիտեմ՝ ոնց է կազմակերպվելու՝ աժիոտաժ է լինելու: Անասնապահին ստիպում են սպանդանոցում մորթ անել, բայց պայմաններ չեն ապահովում»,- վրդովվում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միսը կթանկանա, թե որքան՝ դժվար է ասել, որից էլ կտուժի միայն սպառողը:

«Այն ծախսերը, որն անելու է գյուղացին, կհանգեցնի նրան, որ միսը կթանկանա, հաստատ միսն այսօրվա գինը չի ունենա»,- հավելեց Ս. Ստեփանյանը:

Ի դեպ, պատկան մարմինները զգուշացնում են՝ թուղթ վաճառել թույլ չեն տալու:

Այս պահին հանրապետության տարածքում գործող 22 սպանդանոց կա. ևս 20-ը կառուցման փուլում են, 26-ն էլ նախագծման ու թույլտվությունների ստացման ընթացքում են:

Հիշեցնենք, որ բակային մորթի արգելման հեղինակը նախորդ իշխանությունն է: 2016 թվականի վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռնամուխ եղավ սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի իրականացմա­նը:

Մանյա Պողոսյան

Հ. Գ.  Այս ամենից հետո հարց է առաջանում՝ արդյոք  Հայաստան ներկրվող տավարի, խոզի և թռչնամսի դեպքում ևս պատկան մարմինները նույն խստապահանջությամբ են պահանջում, որ տվյալ մսամթերքը անվտանգությունը հաստատող անասնաբուժական փաստաթուղթ ունենա, ինչը պարտադիր է տեղական ֆերմերի արտադրանքի դեպքում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2081 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ