Երկուշաբթի 16.12.2019 12:55

Սատիրիկոն
16.12.2019 / 11:30
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 11:15
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 10:45
Քաղաքական
16.12.2019 / 10:30
Սատիրիկոն
16.12.2019 / 10:15
06.10.2019   20:00
1441

Հրայր Թովմասյանի սահմանադրական և բարոյական ճգնաժամը

Նախկին կոռումպացված  ռեժիմի հետ ասոցացվող թերևս վերջին «օֆիսը», որը հեղափոխությունից հետո մնացել է հարաբերականորեն անառիկ,  Սահմանադրական դատարանն է, որի նախագահ, նույն ինքը`«բիգ բոսս» Հրայր Թովմասյանը, ինչպես գիտենք, ոչ մի գնով չի պատրաստվում հետևել մյուս պետական մարմինների ղեկավարների օրինակին,  ու հասկանալով, որ դիմադրելն անիմաստ է` հանձնել «օֆիսի» կնիքն ու բանալիները:

Մեկ բառով` ինքնակամ հրաժարական տալ, ինչպես դա արեցին արդարադատության համակարգի  մյուս անխորտակելիները` հանուն  Թովմասյանի ՍԴ  նախագահությունից օր ծերության  ԲԴԽ նախագահություն տեղափոխված  Գագիկ Հարությունյանը,  Վճռաբեկ դատարանի  նախագահ, «կոռուպցիոն արդարադատության գուրուի» համբավ ունեցող Արման Մկրտումյանը, գլխավոր դատախազության դռների հանդեպ անհագ կարոտը Քննչական կոմիտեում քաշած Աղվան Հովսեփյանը և այլք: Պարոն Թովմասյանը, հավանաբար, որոշել է հետևել հայտնի անեկդոտի օրինակին, բայց փոքր-ինչ այլ տրամաբանությամբ` եթե քեզ բռնաբարում են, ապա մի' դիմադրիր, այլ թուլացիր ու հաճույք ստացիր: Դատելով վերջին ամիսներին ՍԴ նախագահի  դրսևորած վարքից` նա դիմադրելուն զուգահեռ, փաստորեն,  նաև հաճույք է ստանում այն գործընթացից, որը նախաձեռնել է ԱԺ մեծամասնությունը` փորձելով հասնել վերջինիս լիազորությունների դադարեցմանը:  

ՍԴ նախագահի պաշտոնանկության գործընթացին  քիչ թե շատ տեղյակ ընթերցողի մոտ գուցե հարց առաջանա, թե ինչու պետք է երկրի բարձրագույն դատարանի նախագահը լքի պաշտոնը, արդյոք միայն այն պատճառով, որ դա է պահանջում հետհեղափոխական իներցիան, քանի որ Թովմասյանը երբեմնի ՀՀԿ-ական է, և նախկին իշխանության օրոք պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել,  այսինքն` կաշկանդված է նախկին քաղաքական և այլազան կապերով:  Կպատասխանենք` դա է ենթադրում ոչ միայն նշված իներցիան, այլև շատ ավելի կարևոր մեկ այլ հանգամանք` վերջինիս լեգիտիմությունը: Հայտնի է, որ գործող կազմով ՍԴ-ն, այսինքն` ՍԴ-ի որակյալ մեծամասնությունը, նշանակվել է նախկին իշխանությունների օրոք. մասնավորապես  Ալվինա Գյուլումյանը ՀՀ նախագահի հրամանագրով ՍԴ անդամ է նշանակվել 2014-ին, Արայիկ Թունյանը՝  ԱԺ որոշմամբ, 2014-ին, Հրանտ Նազարյանը ՀՀ նախագահի հրամանագրով 1996-ին, Ֆելիքս Թոխյանը ՀՀ նախագահի հրամանագով՝ 1997-ին, Աշոտ Խաչատրյանը՝ 2010-ին, ԱԺ որոշմամբ, Արևիկ Պետրոսյանը նույնպես 2010-ին, ՀՀ նախագահի հրամանագրով: 

Եվ բացի այդ` այս բարձրագույն դատական մարմինը, ինչպես և ողջ դատական համակարգը,  հանրային վստահության լրջագույն դեֆիցիտ ունի և մեկ անգամ չէ, որ ապացուցել է իշխանության մյուս ճյուղերից ունեցած կախյալությունը: Մի դատարան, որը մշտապես օրինականացրել է կեղծիքներով տեղի ունեցած համապետական ընտրությունները` երաշխավորելով իշխանության հետևողական  ուզուրպացիան օրվա ղեկավարների կողմից: Այս մարմնի վճիռների մեծամասնությունը արդեն իսկ այն աստիճան  կանխատեսելի էին և են, որ դրա միջով  անցնելը շատերը դիտարկում են ժամանակի և նյարդերի ավելորդ կորուստ. ինչ իմաստ ունի դիմել մի ատյանի, որի պատասխանը վաղօրոք հայտնի է: Ի դեպ, վերջին թարմ օրինակը Քոչարյանի գործով կայացված վճիռն է, որից հետո էլ «Իմ քայլը» խմբակցությունը վերջապես որոշեց Թովմասյանի «հարցերը լուծելու» գործընթաց սկսել:  Խոսքը հիշյալ խմբակցության հեղինակած ԱԺ որոշման նախագծի մասին է, որով առաջարկվում է Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով դիմել ՍԴ:  Ըստ քաղաքական մեծամասնության հիմնավորման՝ վերջինս Ռ. Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում, որպես ՍԴ անդամ, էական կարգապահական խախտում է թույլ տվել: 94 էջանոց փաստաթղթում  հայաստանյան օրենսդրության և միջազգային դատարանների նախադեպերին հղում անելով՝ ներկայացվել են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը: 

Մասնավորապես, որ  Քոչարյանի փաստաբանների դիմումը քննելիս Թովմասյանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ինքը Քոչարյանի փաստաբաներից մեկի` Արամ Օրբելյանի, մկրտության ու հարսանիքի քավորն է, բացի այդ,  Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած տարիներին Օրբելյանը զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը: Իսկ  ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ առկա է օբյեկտիվ կասկած, պետք է հեռացվի վարույթից: Թովմասյանի՝ դատավարության մասնակցության մյուս անհնարինությունը պայմանավորված է նրա և ՀՀԿ-ի, ինչպես նաև ՀՀԿ նախագահ,  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցվածության հիմքերով: Իսկ Մարտի 1-ի գործով երկրորդ և երրորդ նախագահների շահերը համընկնում են: Քաղաքական մեծամասնությունը հիշեցրել է, որ Թովմասյանը 2010 թ.  բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀԿ-ում, և դա որպես ՍԴ անդամ կարող էր ազդել իր որոշման վրա:

ԲՀԿ-ի սիրտը «18+» ոճի հիմքեր է ուզում 

Հ. Թովմասանի պաշտոնանկության գործընթացի համատեքստում ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս` ԲՀԿ խմբակցության բռնած դիրքը: Հայտնի է, որ այս կուսակցության խորհրդարանական խմբակցությունը դեռևս նախորդ գումարման ԱԺ-ում դեմ քվեարկեց ՍԴ դատավորի պաշտոնում Թովմասյանի թեկնածությանը: Իսկ այժմ, երբ մեկուկես տարի անց վերջինիս, այսինքն` ոչ իրենց սրտով ու ճաշակով թեկնածուի պաշտոնակնության հարցով գործընթաց է սկսվել, ԲՀԿ-ն որոշել է «պիղատոսաբար» լվանալ ձեռքերն ու  չմասնակցել նախագծի քվեարկությանը: «Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել: Նա չի համապատասխանում իր պաշտոնին։ Նայելով հիմնական դրույթները, թղթերը՝ տեսնում ենք, որ կա ժամկետների խախտումներ։ Բացի դա, ուզում եմ ասել, որ Ազգային ժողովի որոշումը չէ՝ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա։ Որոշողը Սահմանադրական դատարանն է, դրա համար մենք որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»,- նախօրեին ահա այսպես է մեկնաբանել իր խմբակցության դիրքորոշումը Գագիկ Ծառուկյանը։ Այս կեցվածքը համարյա նման  է ՀՅԴ-ի` բոլորիս քաջ  ծանոթ  մոտեցմանը, սակայն մի տարբերությամբ` եթե Դաշնակցությունը դեմ ըլլալով երբեմն կողմ էր քվեարկում, ապա ԲՀԿ-ն, լինելով առավել «պռադվինուտի» քաղաքական ուժ, դեմ ըլլալով չի մասնակցում  քվեարկությանը: Ինչևէ, ճաշակի հարց է: Իսկ թե հատկապես որ իրավաբաններին նկատի ունի Ծառուկյանը, որոք նայել են «թղթերն» ու նման եզրահանգման եկել`մնում է ենթադրել: Իսկ այ ԲՀԿ-ի կարկառուն իրավաբաններից մեկը` պատգամավոր Գևորգ Պետորսյանը, ժամանակ առաջ «երեխայական» էր բնութագել «Իմ քայլ»-ի նախագիծը և կիսվել իր անձնական կարծիքով.  «Չի կարելի սա մեխանիկորեն վերցնել ու արդարադատության հիմքում դնել։ Չի կարելի նման երեխայական մոտեցում որդեգրել: ... Անկախ նրանից` ինչ որոշում կկայացվի, մենք պետք է վեր կանգնենք անձնավորված կադրային հարցեր լուծելուց։ Այսինքն` մենք ասում ենք` նոր Հայաստանում ենք ապրում, բայց եթե նախկին բարքերը պետք է կրկնվեն, ուրեմն ոչ մի առաջընթաց չկա»: 

Տրամաբանական հարց կարող է առաջանալ, որ եթե նախագծում ներկայացված հիմնավորումները «երեխայականե են, ապա որոնք են «ոչ երեխայականները», և արդյոք դրանք պարտադիր պետք է  «18+» ոճի մեջ լինեն, որպեսզի Պետրոսյանը չբնութագրի երեխայական: Եվ երկրորդ` եթե ԲՀԿ-ն հավան չէ ներկայացված նախագծին, ապա  «ղրաղ» քաշվելու փոխարեն  գուցե ի՞նքը  «ղայդին» հիմնավորումներով մի գործընթաց սկսի ու հասնի  «իր պաշտոնին չհամապատասխանողի» հեռացմանը: Թե չէ ստացվում է, որ Նոր Հայաստանում ենք ապրում, սակայն որոշ քաղաքական ուժեր դեռ շարունակում են գործել նախկին բարքերով,  այսինքն` «մայա խատա ս կռայու» տրամաբանությամբ:  

Նկատենք, որ  ԱԺ մեկ այլ խմբակցություն` «Լուսավոր Հայաստանն», արդեն հայտարարել է, որ «կողմ» է քվեարկելու նախագծին: Սա նշանակում է, որ ԼՀԿ-ի իրավաբանները «հիմնական դրույթներն ու թղթերը» նայելուց հետո չեն եկել համանման եզրակացության, ինչին որ հանգել են ԲՀԿ-ի իրավաբանները:  Այսօր նախագիծը կդրվի փակ գաղտնի քվեարկության և հուսանք դասալքության դեպքեր ու անանկալ քվեարկություններ չեն լինի: Նշենք նաև, որ ըստ ընթացակարգի՝ ԱԺ դիմումի նախագիծը խորհրդարանում  հաստատվելուց հետո կուղարկվի ՍԴ: ՍԴ-ում դիմումը բավարարելու համար դրան «կողմ» պետք է քվեարկի ՍԴ դատավորներից առնվազն 6-ը։

Լայեղ չէր արել ԱԺ գալ

Երեկ ԱԺ-ում քննարկման դրվեց նախագիծը` Հրայր Թովմասյանի բացակայության պայմաններում: Նա պատշաճ իրազեկվել էր, սակայն գերադասել էր բոյկոտել իրեն վերաբերող քննարկումը և այդ մասին հայտարարություն տարածել:  Փոխարենը  նախօրեին հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզին» և մի շարք ուշագրավ մտքեր հայտնել: Նա քաղաքական էր բնորոշել «Իմ քայլ»-ի սկսած գործընթացը, որի նպատակը, ըստ  իրեն, մեկ է`  «քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, մի մարմին, որը կարող է քաղաքական որոշումներին ասել՝ «ստոպ», որովհետև այն հակասում է Սահմանադրությանը»։ Պարոն Թովմասյանը քանի որ մինչև ՍԴ նախագահ դառնալը նախկինում ևս աշխատել է այդ դատարանում, ապա պետք է քաջ իմանա, որ այս մարմնի` անցած տարիների աշխատաոճի  տրամաբանությունը եղել է ճիշտ հակառակը. ՍԴ-ն  եղել է և է արգելապատնեշ ՀՀ-ում սահմանադրական արդարադատության իրականացման ճանապարհին: Իսկ ինչ վերաբերում է  քաղաքական որոշումներին «ստոպ» ասելուն, ապա պարոն Թովմասյանին պետք է հիշեցնենք, որ ՍԴ-ն քաղաքական որոշումներ մեկնաբանող ու դրանց «ստոպ» ասող ատյան չէ: Քաղաքական որոշումները, որքան գիտենք, մեկնաբանվում են և դրանց «ստոպ» է կամ «փլեյ» է տրվում քաղաքական մարմիններում: Իսկ եթե նախկին ՀՀԿ-ականը կասկած ունի, որ ապագայում այնպիսի քաղաքական որոշումներ են կայացվելու, որոնք հակասելու են Սահմանադրությանը, ապա սա ևս կարևոր հուշում է, որ նա պետք է թողնի ՍԴ նախագահությունն ու կատարելագործի գուշակություններ անելու իր կարողությունը: Ինչ իմասնաս, գուցե դրանից հետո ականատես լինենք նոր Մեսսինգի հայտնությանը:

Հեղինե Մանուկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 4-ը հոկտեմբերի



 Պիտակներ

         Հեղինե Մանուկյան, ​​​​​​​«Չորրորդ իշխանություն», Հրայր Թովմասյան

Գովազդ

Ամենաընթերցված






















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1570