...

Հրայր Թովմասյանը «ժերտվա» է տալիս սանիկներին, բայց օղակը սեղմվում է

Հրայր Թովմասյանը «ժերտվա» է տալիս սանիկներին, բայց օղակը սեղմվում է

Սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ ձերբակալվել են Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում այդ նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը, ինչպես նաև՝  ՝«Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակից Տիգրան Դավթի Տեր-Հարությունովը: Վերջիններս մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման, Երևանում նոտարական գրասենյակներ սեփականացնելու և այլ խարդախությունների մեջ:

Այն, որ ՀՔԿ-ն սույն անձանց մեղադրանք ներկայացնող հաղորդագրության մեջ հատուկ նշել է Հրայր Թովմասյանի անունը, պատահական չէ: Բացի նրանից, որ ՍԴ ներկայիս նախագահը այն ժամանակ Արդարադատության նախարարն է եղել, նաև Նորայր Փանոսյանի քավորն է: Կարծես թե սա Հրայր Թովմասյանի երկրորդ սանիկն է, որի նկատմամբ քրգործ է հարուցվում:

Նորայր Փանոսյանի ձերբակալությունը կարելի է դիտարկել որպես երկրում առկա սահմանադրական-իրավական ճգնաժամը հաղթահարելու հերթական փուլ: Արդեն հասկանալի է, որ Հրայր Թովմասյանը տարբեր մանիպուլյացիաների, Սերժ Սարգսյանի վարչախմբի հավանությամբ և հովանավորությամբ, նաև օրենքի խախտումներով գործուղվել էր Սահմանադրական դատարան՝  հավերժ սպասարկելու ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի շահերը: Սցենարը այդպիսին է եղել, սկիզբը հաջող է եղել, բայց թավշյա հեղափոխությունը ամեն ինչ խառնեց իրար: Փոխվեցին գործադիր և օրենսդիր մարմինները, ու ստացվել է այնպես, որ ՍԴ-ն մնացել է նախկին ռեժիմի վերջին բաստիոնը, որի միջոցով փորձ է արվում նախկին իշխանավորներին քրեական հետապնդումներից դուրս բերել և ժամանակի ընթացքում նաև ՍԴ-ի միջոցով ներքաղաքական նոր իրավիճակներ սարքել:

Ինչպես հայտնի անեկդոտում է ասվում. «փաստաղթերով ամեն ինչ կարգին է»: Հրայր Թովմասյանի մոտ դա էլ կարգին չէ: Նա լեգիտիմության լուրջ խնդիր ունի. միայն այն, որ նա ՍԴ անդամ է նշանակվել՝ դեռևս լինելով ԱԺ պատգամավոր, արդեն նրա ապօրինի նշանակման հիմք է:

Բայց Հրայր Թովմասյանը դեռ դիմադրում է: Ճանաչելով նրան` կարող ենք ասել, որ վաղուց կլքեր ՍԴ-ի տարածքը, եթե նրան նախկին վարչախմբերի ներկայացուցիչները «դուխ» չտային: 

Իշխանությունները Հրայր Թովմասյանին հրաժարականի հասցնելու երկու ճանապարհ ունեն: Մի ճանապարհը՝ մանրամասն, տառ առ տառ, ներկայացրեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Որ Ազգային Ժողովը Սահմանադրական Դատարանի 5 դատավոր է նշանակում, ձևավորվում է իսկական, լինում է 7 դատավոր, որոնք էլ արդեն լեգիտիմ հիմունքներով ՍԴ-ում սկսում են իրականացնել իրենց գործառույթները: Իշխանությունները այս տարբերակը չընդունեցին: Թե ինչու, առ այսօր այնքան էլ պարզ չէ: Այնտեղ ամեն ինչ օրենքի տառին համապատասխան էր լինելու, Հրայր Թովմասյանը իր իսկ նախագծած Սահմանադրության տեքստում լուրջ ճեղքվածք էր թողել, և ԱԺ-ն պետք է դրա պոչից բռներ:

Իշխանությունները ընտրեցին երկրորդ տարբերակը: Քրեագիտության մեջ հատուկ տերմին կա. «կրկնակի փորձարկում ճեղքվածքի վրա»: Դա այն է, երբ մարդու նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, և նախաքննության ընթացքում նաև անուղղակի հանցանշաններ են հավաքվում, որոնք գործի հետ կապ չունեն, բայց կապ ունեն մարդու հետ: Ինչքան շատ հանցանշաններ և ապացույցներ են հավաքվում, այնքան հավանականությունը մեծ է, որ կասկածյալը կընդունի հիմնական գործով ներկայացված մեղադրանքը: Անուղղակի հանցանշանները լրացուցիչ ճնշում են կասկածյալին, նրան ավելի խոցելի դարձնում, նրան ստիպում ի վերջո ընդունել մեղքը կամ գործարքի գնալ նախաքննությունն իրականացնող մարմնի հետ:

Հրայր Թովմասյանի դեպքում հենց դա է տեղի ունենում: Մարդը, երկու կոշիկը մի ոտքում դրած, պինդ բռնել է ՍԴ նախագահի աթոռը և հրաժարական տալու ցանկություն չունի: Կարելի է չկասկածել, որ իշխանությունները ստուգելու են Հրայր Թովմասյանի գործունեության բոլոր էջերը, հատկապես՝ Արդարադատության նախարար եղած ժամանակվա: Ինչքան սանիկ, քավոր, բաջանաղ ունի, որոնց պաշտոններ է տվել, բոլորի գործունեությունը ստուգվելու է: Ու այդ սանիկները իրենց պրոբլեմների համար առաջին հերթին Հրայր Թովմասյանին են մեղադրելու. դա էլ է ճնշում: Ասելու են, որ քո կամակորության, խարդախությունների պատճառով մենք ենք տուժում: 

Եվ դա էլ պետք է ասել. միայն նոտարական գրասենյակների տարածքները յուրացնելու, սեփականացնելու այնքան խարդախ գործարքներ են եղել, Հրայր Թովմասյանը օրումեջ իր անունը կարդալու է մամուլում: 

Առայժմ Հ. Թովմասյանը դիմադրում է. հնարավոր է, ընդհանրապես իրեն հետաքրքիր չեն այն քրգործերը, որտեղ շոշափվում է իր անունը: Բոլորն էլ հասկանում են, որ այդ սանիկները «ֆունտի» դեր են ունեցել, առանց Հրայր Թովմասյանի երբեք չէին գնա թեկուզ մի քառակուսի մետր սեփականաշնորհելու: Այդ իսկ պատճառով, իշխանություններն այս ճնշումներին զուգահեռ կարող էին նաև առաջին տարբերակը գործի դնել՝ Ազգային Ժողովի կողմից նշանակելով ՍԴ 5 դատավոր: Այ, այդ ժամանակ Հրայր Թովմասյանը այս կյանքում ամեն ինչ կհետաքրքրի. սկսած իր ճակատագրից:

Հ.Գ. Ամենահետաքրքիրն այն է, որ ձերբակալված Նորայր Փանոսյանը Արդարադատության նախարարությունից դուրս էր եկել... Հրայր Թովմասյանի հետ ունեցած լուրջ տարաձայնությունների պատճառով:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5744 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ