...

Հյուպատոս նշանակելու գործում մինչև հեղափոխությունը կոռուպցիոն մաֆիա է գործել

Հյուպատոս նշանակելու գործում մինչև հեղափոխությունը կոռուպցիոն մաֆիա է գործել

Պատվո հյուպատոսի թեկնածուն ընդդեմ ԱԳՆ-ի

Մի քանի տարի առաջ ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի աթոռի շուրջ ծագած խնդիրն անցյալ տարվանից արդեն դատարանում է: ՀՀ քաղաքացի Գեորգի Ավետիսյանը երկար տարիներ տարբեր մշակութային ծրագրերով աջակցել է, որ մեքսիկական մշակույթը մեր երկրում զարգանա: Արդյունքում, Մեքսիկան էլ 2015 թվականին առաջարկել է մեր երկրին, որպեսզի պատվո հյուպատոսի պաշտոնում դիտարկի նրա թեկնածությունը:

Գեորգի Ավետիսյանը  «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեց, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Արտաքին գործերի նախարարությանը, վերջինս էլ իր հերթին հարցումներ է ուղարկել համապատասխան գերատեսչությունների, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությանը:  ԱԳՆ-ն, սակայն մերժել է Գեորգի Ավետիսյանի թեկնածության դիտարկումը: Մեքսիկայի  դեսպանությանը պատասխանել է, որ առաջարկում է այլ անձի դիտարկել որպես թեկնածու հյուպատոսի պաշտոնում: Ավետիսյանի խոսքով, իրենց ներքին տեղեկություններով, հարցումների արդյունքում իր մասին դրական պատասխաններ են եղել, որևէ խոչընդոտ չի եղել թեկնածությունն առաջադրելու համար:

Մինչ օրս էլ Գեորգի Ավետիսյանի համար մութ է մնում, թե ինչ պատճառով իր թեկնածությունը չի հաստատվել: Պատճառն իմանալու համար մի քանի անգամ դիմել է ԱԳՆ-ը՝  հիմնավորում այդպես էլ չեն տվել:

«Որևէ ձևով չեն պատասխանում, թե ինչու չեն ընդունել իմ թեկնածությունը: Պետությունը պարտավոր չէ Մեքսիկայի դեսպանությանը պատասխանել, թե ինչու չեն ուզում:  Բայց ես ՀՀ քաղաքացի եմ և իրավունք ունեմ տեղեկանալու, թե ինչ պատճառաբանությամբ իմ թեկնածությունը չի ընդունվել»,- վրդովեց նա:

Գեորգի Ավետիսյանն ասում է, որ իր իրավունքները ոտնահարվել են: Իսկ թե ինչու իր թեկնածությունը չի հաստատվել, նա սեփական ենթադրությունն ունի:

«Հյուպատոս նշանակելու գործում մինչև հեղափոխությունը կոռուպցիոն մաֆիա է գործել: Հենց այնպես ոչ մեկին չեն նշանակել: Իրենց մարդը պետք է լինես: Մինչև հիմա էլ ոչ մի բան չի փոխվել»,- կարծիք հայտնեց նա:

Անցյալ տարի դիմել են դատարան՝ գործը նախնական դատաքննության փուլում է: Ավետիսյանի իրավապաշտպան Կարեն Սարդարյանի խոսքով, եթե արտգործնախարարությունը չի հիմնավորում, թե ինչ հիմքով է մերժել թեկնածությունը, դատարանից պահանջում են որոշումը վերացնել և պարտավորեցնել ԱԳՆ-ին` դիտարկել իր պաշտպանյալի թեկնածությունը հյուպատոսի թեկնածության հարցում:

«Դատարանն  ԱԳՆ-ին պարտավորեցրել է, որ Գեորգի Ավետիսյանի նկատմամբ վարույթը բերեն դատարան: Իրենք խուսափում են, կոծկում են, ԱԳՆ-ն շարունակում է գործել այնպես, ինչպես մինչև հեղափոխությունն էր: Մեքսիկայի դեսպանությունը և նորանշանակ հյուպատոսին գործով որպես երրորդ անձ են ներգրավել, քանի որ շոշափվում է նրանց շահերը»,- մանրամասնեց իրավապաշտպանը:

Նրանք  հույս ունեին, որ հեղափոխութունից հետո գործը կվերանայվի, և արդարությունը կվերականգնվի, բայց հուսախաբ եղան: Մեր զրուցակիցների կարծիքով՝  նոր Հայաստանում  ԱԳՆ-ի աշխատելաոճում ոչինչ չի փոխվել: 

Մեկնաբանություն նախարարությունից

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեցինք Արտաքին գործերի նախարարություն: Հարցին՝ ինչու ԱԳՆ-ն որևէ հիմնավորում չի ներկայացրել Գեորգի Ավեստիսյանին նրա թեկնածության մերժելու մասով, նախարարության մամուլի խոսնակ  Աննա Նաղդալյանը հայտնեց. «Համաձայն 1963 թ․Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հոդված 12-ի` հյուպատոսական հիմնարկի ղեկավարը ստանձնում է իր պարտականությունները, նստավայր պետության կողմից թույլտվությունը էկզեկվատուրան ստանալու հիման վրա: Նստավայր պետությունը պարտավոր չէ հաղորդել Էկզեկվատուրայի տալը մերժելու դրդապատճառները»։

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5386 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ