...

Ինչո՞ւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա հետ նաև Հայաստանի բոլոր հպարտ քաղաքացիներս պարտվեցինք BBC-ին

Ինչո՞ւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա հետ նաև Հայաստանի բոլոր հպարտ քաղաքացիներս պարտվեցինք BBC-ին

Միջազգային լրատվական ասպարեզում մեծ համարում ունեցող BBC-ի «Hardtalk» («Բարդ զրույց») հարցազրույցի ֆորմատով ՀՀ արգործնախարարի ելույթը բացառիկ հնարավորություն էր Հայաստանի իշխանությունների համար՝ ներկայանալ աշխարհին իր նոր դիրքորոշումներով և ցույց տալ նոր Հայաստանի դեմքը։ Դժբախտաբար, այն ինչ աշխարհը տեսավ, ընդամենը՝ անգլերենին լավ տիրապետող մի համակրելի երիտասարդ էր, որը, սակայն, ի զորու չեղավ բացատրել, թե ինչո՞վ է նոր Հայաստանը ներկայանում աշխարհին։ Ավելին, «Hardtalk»-ը ցույց տվեց նոր իշխանության առաջ քաշած որոշ քաղաքական շեշտադրումների և հարցադրումների բովանդակային դատարկությունն ու սնանկությունը և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության մեջ։

Իհարկե, ավելի լավ կատարում դժվար էր սպասել մի մարդուց, որը 2008-2011 թվականներին լինելով Հայաստանի ներկայացուցիչը Ստրասբուրգում, ստանձնել էր հին կոռումպացված ռեժիմի փաստաբանի դերը և կատարել մարտի 1-ի ոճրագործության, ընտրությունների կեղծման և համակարգային կոռուպցիայի մեղադրանքներից նրան մաքրելու հսկայածավալ քրտնաջան աշխատանք, ինչի համար անգամ արժանացավ հատուկ պետական պարգևի։ Հենց հին իշխանությունների հետ կապը ակնարկեց հաղորդման վարող Սթիվըն Սակուրը՝ ասելով, որ Զոհրաբ Մնացականյանի պաշտոնավարումը կառավարությունում ցույց է տալիս, որ նոր Հայաստանը նման է հին Հայաստանին։ Դրան հետևեց Մնացականյանի բավական ծիծաղելի պատասխանը. «Ես կայացրել եմ իմ որոշումը՝ դիվանագիտական կարիերայից անցում կատարել քաղաքականի, ինչը զգալի փոփոխություն է։ Ես վերցրել եմ պատասխանատվությունը, որը կիսում եմ այն կառավարության հետ, որի կազմում եմ, և դա զգալի փոփոխություն է»։ Այս պատասխանից կարելի է հասկանալ, որ Մնացականյանի հոգում էլ է տեղի ունեցել թավշյա հեղափոխություն, և դա Հայաստանում զգալի փոփոխություններից մեկն է։ Ցավոք, նույն հեղափոխությունը տեղի չի ունեցել իր ղեկավարած ԱԳՆ-ում, որտեղ շարունակում են տոն տալ ռոբասերժական կոռումպացված համակարգում խորը ինտեգրված այնպիսի մարդիկ, ինչպիսիք են, օրինակ՝ փոխնախարար Ավետ Ադոնցը, Մոսկվայում դեսպան Վարդան Տողանյանը ու Վրաստանում դեսպան Ռուբեն Սադոյանը, բայց սա մի այլ խոսակցության թեմա է։ Ակնհայտ է, որ նման ԱԳՆ-ն, նախարարի հետ հանդերձ, հեղափոխության և ժողովրդավարության գաղափարների կրող չեն և այդ արժեքները երբեք լիարժեք ու համոզիչ ներկայացնել չեն կարողանալու։ 

Խնդիրն այն է, սակայն, որ BBC-ի հաղորդավարը Զոհրաբ Մնացականյանին նեղը գցեց ավելի շատ հեղափոխության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի «կիքսերի» պատճառով։ ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովում և այլ ամբիոններում, Փաշինյանը կտրուկ հայտարարություններ էր արել համակարգային կոռուպցիան հաղթահարելու մասին և, մասնավորապես, հայտարարել էր, որ. «Իշխանության գալուց անմիջապես հետո մենք նախաձեռնեցինք աննախադեպ արմատական միջոցառումների փաթեթ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման նպատակով: Դրանց թվում են, օրինակ, …հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ուղղված ջանքերը»: Անդրադառնալով այս հայտարարություններին՝ հաղորդավարը հակադարձում է. «Կա որոշակի մեծամտություն ձեր կառավարությունում, քանի որ ոչ վաղ անցյալում վարչապետ Փաշինյանը եվրոպացի պատգամավորներին ասել է, մեջբերում, «մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան»: Դա ակնհայտորեն ճիշտ չէ»: Այնուհետև նա շարունակում է. «Դուք պնդում եք, որ գործը շատ արագ է արվել, այդուհանդերձ, ձեր արդարադատության նախարարը՝ պարոն Բադասյանը, օրեր առաջ հայտարարել է, որ հակակոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասության միասնական մարմինը, այսպես կոչված, Հակակոռուպցիոն կոմիտեն կստեղծվի միայն 2021թ.»։ Բնականաբար, Մնացականյանը այս հարցադրմանը որևէ համոզիչ պատասխան չտվեց, քանի որ, ինչպես պարզվեց, միջազգային հանրությանը «ֆռռցնելը» այնքան էլ հեշտ գործ չէ։

Մնացականյանի գլխավոր պարտությունը, սակայն, գալիս է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ կոպիտ սխալից։ Երբ վերջինս Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», կարելի էր ենթադրել, որ այդ հայտարարությունը լրջորեն կհարվածի մեր դիվանագիտական դիրքերին։ «Hardtalk» հաղորդման ժամանակ դա երևաց ամենացայտուն ձևով։ Հաղորդավարը հայտարարեց. «Ես դեռևս որևէ նշան չեմ տեսել առ այն, որ Ձեր կառավարությունը հակամարտության շուրջ նոր գաղափարներ և պատկերացումներ է առաջ քաշել», այնուհետև շարունակեց. «Պետք է անկեղծ լինեմ. երբ վարչապետը հայտարարեց. «Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ», երբ նա հասկանում է, որ դա շրջանցում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի և բոլոր միջազգային անկախ մարմինների դիրքորոշումը, ես դժվարանում եմ որակել այդ ժեստը որպես խաղաղությանն ընդառաջ քայլ»։ Իհարկե, շատ դժվար է նման դեպքում գտնել ճիշտ պատասխանը, քանի որ Փաշինյանի հայտարարությունը իսկապես հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցություններում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Միաժամանակ, կարելի էր, օգտվելով հարցից, ներկայացնել մեր դիրքորոշումը և՛ Արցախի կարգավիճակի, և՛ հակամարտության եռակողմ ձևաչափի շուրջ։ Ապշել կարելի է, որ մեծ մասով Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված այդ հարցազրույցում ՀՀ արտգործնախարարից մենք ընդհանրապես չլսեցինք «ինքնորոշում» բառը։ Ազգերի ինքնորոշման սկզբունքի արծարծումը թույլ կտար ներկայացնել Արցախի հարցում մեր դիրքորոշման էությունը, ինչպես նաև բացատրել, թե ինչու մենք Արցախը Ադրբեջանի մաս չենք համարում, և ոչ էլ դրանով շրջանցում ենք միջազգային իրավունքը։

Մնացականյանի գլխավոր ձախողումը կապված էր այն պահի հետ, երբ հաղորդավարը ասաց. «Հարցականից վեր է, որ հայ ժողովուրդն ապրում է այդ տարածքում, բայց այդ տարածքը հայկական չէ»: Մնացականյանը դրան պիտի ընդամենը հակադարձեր, որ Արցախը նույնպես երբևէ չի եղել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված պետության տարածք, և որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, բայց, ինչպես տեսանք, այդ սկզբունքի մասին արտգործնախարարը ուղղակի մոռացել էր։ Փոխարենը, որերորդ անգամ նա հնչեցրեց Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին մանտրան՝ միակ դասը, որը կարծես լավ էր սովորել։

Քննադատությունը կարելի է շարունակել, բայց այսքանից էլ պարզ է, որ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության ղեկին կանգնած են մարդիկ, որոնք չունեն հստակ պատկերացում, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչպիսի տեսլական կարող են առաջարկել միջազգային հանրությանը, չունեն այս հարցում հստակ դիրքորոշումներ։ Քանի դեռ այս հարցը լուծված չէ, մենք դատապարտված ենք լինելու կրել դիվանագիտական պարտություններ և պարտվել միջազգային բանավեճներում։ 

Գաբրիել Թորգոմյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3478 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ