...

Ինչպես էր Քոչարյանը հալածում Վազգեն Սարգսյանի ընտանիքին

Ինչպես էր Քոչարյանը հալածում Վազգեն Սարգսյանի ընտանիքին

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցը: Առ այսօր էլ հանրության, զոհերի հարազատների մոտ արմատավորված համոզմունք կա, որ այդ հանցագործությունը բացահայտված չէ: Խոսքը կատարողների մասին չէ, այլ՝ կազմակերպիչների:

Թավշյա հեղափոխությունից հետո շատերի մոտ հույս արթնացավ, որ միգուցե նաև հոկտեմբերի 27-ի սպանդի իրական հեղինակներին բացահայտելու ուղղությամբ քայլեր կատարվեն: Համենայնդեպս, դրա համար կան բոլոր նախադրյալները:

Իսկ այսօր ներկայացնում ենք հոկտեմբերի 27-ի վերաբերյալ «ՉԻ» հրապարակումներից մեկը. այն մասին, թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանն իր դիրքերն ամրապնդելուց հետո սկսել հետապնդել Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Այո, մի զարմացեք, դա էլ է եղել: Վենդետայից ու 37-ից հիմա խոսացողներին սա պետք է հիշեցնել:

Ներկայացնում ենք հրապարակումը.

«ԵՍ ԵՄ ԱՐԵԼ»,-  ԽՈՍՏՈՎԱՆԵՑ...

Եղավ այնպես, ինչպես սովորական քրեական պատմություններում: Հանցախումբն իրականացնում է բազում ոճրագործություններ, բայց վերջում ամեն ինչ բարդում մեկի վրա: Այդ մեկը կարող է օժտվել որոշակի տիտղոս-կլիչկայով, նրան կարող են նույնիսկ ծափահարել, գովել, խրախուսել, բայց մեջքից անպայման ծիծաղում-ձեռ են առնում, իսկ հարմար պահին ստորացնում ու գցում շան բերանը: Եվ լավագույն դեպքում հանցախմբի այս կանչող աքլորը հայտնվում է ճաղերի ետևում: Բայց սա լավագույն դեպքում, որովհետև հանցագործները հիանալի գիտեն` որևէ պահի այսպիսին կարող է ծակվել ու հետևից քարշ տալ բոլորին: Դրա համար էլ ավելի հաճախ էսպիսիներին սատկացնում են...

1. ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հայաստանում 2003թ. մարտի 5-ին հերթական անգամ բռնազավթեցին իշխանությունը: Մարտի 5-ին` Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ի լուր աշխարհի հայտարարեցին, որ բացահայտվել է Տիգրան Նաղդալյանի սպանության գործը: Հայտարարեցին նաև, որ կասկածյալներն ինչ-ինչ բարեկամական կապեր ունեն Սպարապետի ընտանիքի հետ: Մի քանի օրից ձերբակալվեց Արմեն Սարգսյանը: Հաշվեհարդարը Վազգենի դեմ շարունակվում է: Սկսվել է վաղուց, ծրագրվել` ավելի շուտ:

Հիշեցնեմ` 1994թ. դեկտեմբերին բացահայտված «Դրոյի» գործում հայտնի ցուցակ կար` մահվան «դատապարտվածների» ցուցակը, որը գլխավորում էր հենց Վազգեն Սարգսյանը: 1999թ. հոկտեմբերի 27-ին սպանեցին: Քոչարյանը չխոսեց: Նա խոսել էր Նաիրի Հունանյանի հետ ու երաշխիքներ տվել: Խոստումը պահում է: Հետո գերեզմանի վրա հիստերիկ ճառ արտասանեց` իբր հողին է հանձնում եղբորը... Սակայն հենց հոկտեմբերի 27-ի գիշերով նրա այն ժամանակվա խոսնակը արտասահմանյան լրատվամիջոցներին արդեն հայտնել էր ոճրագործության իշխանամետ վարկածը: Հանցագործները հինգ թմրամոլ շիզոֆրենիկներ էին: Ո՛չ կազմակերպիչ կար, ո՛չ դրդիչ: Սպանությունն էլ քաղաքական չէր, իհարկե: Ոչ վարչապետն էր քաղաքական դեմք, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ փոխնախագահներն ու պատգամավորները կամ էլ նախարարը: Հենց այսպես:

Քստմնելի է, բայց պիտի հիշեցնեմ` Տ. Նաղդալյանի սպանությունն անմիջապես որակվեց քաղաքական, երկրի կայունությունը խարխլող: Քոչարյանն ուղերձում խոստացավ անպայման պատժել կազմակերպիչներին: Որտեղի՞ց գիտեր, որ 27-ին կազմակերպիչներ «չկային», իսկ Նաղդալյանի դեպքում անպայման «կգտնվեն»: Հարցն, անշուշտ, հոգեբանական է:

Տ. Նաղդալյանի սպանությունը հոկտեմբերի 27-ի գործի շարունակությունն է: Ոճրագործությունից հետո «հիվանդացել է» 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը: Պարզ ասած, դատավարությունն ընդհատել են: Վախենում են Նաիրի Հունանյանի նյարդերը չդիմանան, կամ էլ հանկարծ նա գլխի ընկնի, թե ինչ ճակատագիր է սպասում ԱԺ-ում իրականացված սպանդին առնչվողներին ու սկսի խոսել: Ուրեմն նրան պետք է հանգստացնել, համոզել, որ Նաղդալյանից վրեժ է լուծել Սարգսյանների ընտանիքը: Դրա համար էլ հիմա Վազգենի եղբորը պահում են Վազգենին սպանողների հետ նույն մեկուսարանում: Սա առաջին նպատակն է:

Բայց այս խայտառակությունն ունի նաև երկրորդը: Պետք է լռեցնել, վախեցնել Արամ Սարգսյանին, որը դարձել է ընդդիմության վառ ու անզիջում գործիչներից մեկը: Պետք է ստիպել, որ նա զբաղվի եղբորը պաշտպանելու գործով, մոռանա «ընտրական» ապօրինությունները, հեռանա «հարթակից»: Իսկ եթե մնա հարթակում, ապա կարելի է ողջ պայքարն այլ կերպ որակել, այլ հուն տեղափոխել: Արդեն փորձում են...

2. ԶԱՎԹԻՉՆԵՐԻ «ԼՈՒԾՈՒՄԸ» ԲԱՑԱՀԱՅՏ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է

2003թ. մարտի 19-ին Քոչարյանը դարձյալ խոսեց: Խոսեց որպես վերջին օրերի իրադարձությունների հեղինակ: Լրագրողներին անկեղծորեն խոստովանեց, որ Արմեն Սարգսյանին ձերբակալելու հրահանգը գալիս է հենց իրենից:

Ուրեմն, ըստ նրա, երկու շաբաթ առաջ` մարտի 5-ին, դատախազությունից իրեն զեկուցել են (?), որ կալանավորելու են Սպարապետի եղբորը: Ինքն էլ, իբր, համոզել է ավելի շատ փաստեր գտնել: Բայց. «դատախազությունը այլ լուծում չուներ, այլ լուծում նշանակում էր պարտակել հանցագործությունը»: Այսպես, բառացի: Ուրեմն Քոչարյանի կողմից հանցագործությունն արդեն «բացահայտված է»: Ընդդիմությանն էլ անդրադարձավ, Վազգենի հարազատներին էլ, Վազգենին էլ բաժին հասավ: Պարզվում է, եթե արձագանքի Սպարապետի մոր պահանջին, ապա բոլոր հանցագործների հարազատները կսկսեն միտինգներ անել ու պահանջել իրենց հարազատների ազատությունը: Այսինքն, անուղղակի ասաց այն, ինչ 2 օր առաջ ասել էր ծառայամիտ հեռուստաընկերություններից մեկը...

Իսկ Վազգենը, եթե կենդանի լիներ, անողոք էր լինելու նույնիսկ իր ընտանիքի հանդեպ:

Այո՛, Ռ. Քոչարյան, Վազգենն անողոք էր և առաջին հերթին վարչապետ դառնալուց հետո անողոք էր լինելու պետական հանցագործների նկատմամբ: Եվ դուք դա շա՛տ լավ գիտեիք: (Վազգենը հիմա էլ է անողոք: Դրա համար էլ ձեր հիվանդ երևակայությանը հագուրդ տալու նպատակով ԱԱՆ մեկուսարանում է հայտնվել նրա կրտսեր եղբայրը. որ չափազանց նման է Սպարապետին արտաքինով: Բայց սա արդեն հոգեվերլուծաբանի ոլորտ է, որի կարիքը դուք իսկապես ունեք):

Իսկ ընդդիմությո՞ւնը: Ընդդիմությանը դարձյալ սպառնաց, դարձյալ պատիժներ խոստացավ և չմոռացավ նշել, որ օրինականությունից խոսողներն իրենք են խախտում օրենքը: Միայն զլացավ նշել, թե որ օրենքն են խախտում` Սահմանադրությո՞ւնը, թե՞ այն չգրված օրենքները, որոնցով ինքն է սովոր «գործելու»:

3. ՍԱՏԱՐՈՂԸ ՄԱՎՐԻԿՆ Է

Բայց մարտի 19-ին Քոչարյանը միայնակ չէր: Նրան սատարեց արցախյան հայտնի դատախազը` Մավրիկ Ղուկասյանը: Հիշո՞ւմ եք. նա էր Սամվել Բաբայանի դեմ սարքված գործի սցենարն իրականացնողը: Իսկ ի՞նչ ասաց Մավրիկը: Ոչ մի նոր բան: Պարզապես կրկնեց, որ Նաղդալյանի սպանությունը բացահայտվել է Արցախում, որ «կատարողները» մասնակցել են պատերազմին և հիմա փորձում են իրենց վաստակով սպեկուլյացիա անել: Պատմեց նաև, որ սրանցից մեկը մասնակցել է Մոնթեի դեմ կազմակերպված մահափորձին: Ինչ-որ այլ հանցանքի համար դատվել է 3-4 տարով, հետո համաներմամբ ազատվել: Սրանք, ըստ Մավրիկի, թմրանյութով ու կազինոներում «կրվելով» են զբաղվել: Մեկ-մեկ մարդասպանության պատվեր են կատարել, փողերը ծախսել ու նոր գործ են փնտրել: Այ հիմա էլ 30 հազար են ունեցել ու էլի կերել-պրծել են, փողը չկա: Բայց Արցախը ամենահանգիստ երկիրն է «կրիմինալ տեսակետից» և, իհարկե, Մավրիկի շնորհիվ: Արմեն Սարգսյանի անունը, սակայն, սրա բերանից չհնչեց: Եվ այս մտքի տիտանն է Քոչարյանի հենարանն Արցախում:

4. ԱՊԱՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ Է

Արդեն անզեն աչքով երևում է, որ սա հերթական վատ թխված գործն է: «Սարքում են» հենց այնպես, ինչպես սարքել էին «Վանոյի գործը», ինչպես Արծրուն Մարգարյանին որակեցին ինքնասպան, ինչպես... Ո՞րն ասես, ո՞րը թողնես:

Ուրեմն`

ա) հանցագործությունը «բացահայտել են» Արցախում, գործով անցնող ղարաբաղցիները թմրամոլ-քիլերներ են,

բ) Հայաստանում գտել են ինչ-որ հեռավոր բարեկամների, որոնց «համոզել են» ցուցմունք տալ Արմեն Սարգսյանի «վրա»,

գ) սպանության շարժառիթ են համարում վրեժխնդրությունը և Նաղդալյանի պատրաստած հաղորդումները:

Տափակ ու ապաշնորհ գործ եք արել: Ուրիշ բանի ընդունակ չեք: Ուրիշ ելք ուղղակի չունեք: Ձեր մտահանգումներն ու «ապացույցները» ոչ մի քննության չեն դիմանում:

Եվ ուրեմն`

ա) Տիգրան Նաղդալյանը 27-ի գործով կարևորագույն վկա էր և շուտով խոսելու էր դատարանում: Հետևաբար նրան ոչնչացնելը օգնելու էր միայն հանցագործությունը պարտակողներին:

բ) Նաղդալյանի սպանությունից հետո դատավարությունն ընդհատվել է, որովհետև Նաիրի Հունանյանը խուճապի մեջ էր և կարող էր խոսել:

գ) Հանցագործի համար հերթական երաշխիքն եք ապահովում` բանտարկելով Վազգեն Սարգսյանի եղբորը: Հոկտեմբերի 27-ին նրա սկսածը շարունակում եք:

դ) Այդ ի՞նչ քիլերներ են, որ սպանությունը կատարելուց հետո զենքը պահել են: Ավելին, ինչ-որ ավտոտեսուչ նրանց ավտոմեքենայում հայտնաբերել է հրազեն, բայց նրանք ազնվորեն հանձնել են նաև ատրճանակը և հայտնել, որ դրանով սպանել են Նաղդալյանին: Ո՞վ է իրականում սպանողը և ինչո՞ւ է զենքը «սրբորեն» պահել: Ո՞ւր է Ջոն Հարությունյանը և իրականում ի՞նչ է խոստովանել:

ե) Ո՞վ է ստացել իրավապահ մարմինների կողմից խոստացված 250000 դոլարը: Ի՞նչ տեղեկություններ է հայտնել:

Հերի՛ք է: Չեմ ուզում դետեկտիվ դառնա; Թեթև գրականություն չէ: Ձերբակալվածը Սպարապետի եղբայրն է: Բայց սա միայն ընտանիքին նետված մարտահրավեր չէ: Բոլորիս են ուզում ստորացնել: Հանցագործներն ուրիշ ելք չունեն: Սա է նրանց ուղին, ուրացողների ուղին: Եվ պատանդն էլ Արմեն Սարգսյանը չէ: Ողջ Հայաստանն են ուզում բանտի վերածել նրանք, ում պատանդը Ռ. Քոչարյանն է: Ուզում են վերածել բանտի, որովհետև իրենք սովոր են ապրել հենց այդ օրենքներով:

ԼԵՎՈՆ ԱՍԱՏՐՅԱՆ, «ՉԻ», մարտի 21, 2003թ.

Հ.Գ. Հարգելի՛ Գրետա մայրիկ, հարգելի՛ կանայք, ձեր նստացույցը, դժբախտաբար, անում եք մի շենքի մոտ, որը վաղուց արդեն դատարկ է: Հայաստանը 1998 թվից նախագահ չունի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   24969 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ