...

Իրար հետ հաց կիսած լինելը քաղաքական կատեգորիա չէ

Իրար հետ հաց կիսած լինելը քաղաքական կատեգորիա չէ

Հայկական ինքնության մեջ շատ բարձր է գնահատվում ընկերություն անելու շնորհը: Նրանք, ովքեր ունեն շատ ու լավ ընկերներ, ավելի մեծ հարգանքի են արժանանում: Եվ դա նորմալ է: Աննորմալ է, երբ ընկերություն անելը բարձրացվում է պետական քաղաքականության մակարդակի:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի ցանկանում հավատալ, որ նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարող էր անել այնպիսի բաներ, որոնք չեն բխել պետության շահերից: Եվ նրա համար Օհանյանը պետականամետ գործիչ է: Մարդկայնորեն Տոնոյանի վերաբերմունքը հասկանալի է՝ տարիներ շարունակ աշխատել է նրա ենթակայության տակ, քաղաքական և պետական առումներով՝ ոչ:

1.5 տարի է, ինչ Գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն մեծածավալ բացահայտումներ են արել և անում Մարտի 1-ի վերաբերյալ: Ի վերջո, պետք է հարգել ներկա կոլեգաների աշխատանքը և մինչև դատավճռի հրապարակումը, չհայտարարել, որ նրանք պարապ գործով են զբաղվել կամ քաղաքական հետապնդում են իրականացրել:

Եթե ապացուցվում է Սեյրան Օհանյանի մեղքը, ապա նրանից ինչ պետականամետ գործիչ: Այո, Սեյրան Օհանյանը ունի փառապանծ հերոսական անցյալ, նա Շուշիի հիմնական ազատագրողներից մեկն է, սակայն այն, ինչ մեղսագրվում է նրան Մարտի 1-ի հետ կապված, ոտքից գլուխ հակապետական գործունեության ցցուն օրինակ է: Եվ Սեյրան Օհանյանը համաշխարհային պատմության առաջին գեներալը չէ, որ կարիերայի սկզբում ունենում է հերոսական դրվագներ, իսկ այնուհետև՝ բռնում հակապետական գործունեության ճանապարհը: Եթե Դավիթ Տոնոյանի համար, հակառակ սահմանադրության պահանջի, բանակը ներքաղաքական պրոցեսներին ներքաշելը առաձնապես դատապարտելի արարք չէ, ապա ավելի ազնիվ կլինի դիմում գրել և գնալ Սեյրան Օհանյանին ավելի գործուն միջոցներով աջակցելու: Փառք աստծո, ներկայումս միջոցները և տարբերակները չափազանց շատ են՝ սկսած դատարանների դիմաց ակցիաներից, վերջացրած մարզերում ստորագրություններ հավաքելով: 

Նույնը կատարվեց Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դեպքում, երբ նրանք եկան Երևան և երաշխավորեցին Քոչարյանի ազատությունը: Կրկին մարդկային առումներով դա հասկանալի էր, պետականության առումներով՝ ոչ: Գաղտնիք չէ հայ ժողովրդի մեծամասնության վերաբերմունքը Մարտի 1-ի գլխավոր ամբաստանյալի հանդեպ: Այդ երաշխավորությունով Արցախի ներկա և նախկին նախագահները լուրջ խնդիրներ ստեղծեցին Հայաստանի և Արցախի միջև, Արցախի իշխանության և հայաստանցիների միջև:

30 տարի պետականության վերականգնումից հետո ժամանակն է, որ քաղաքական էլիտան որդեգրի իսկապես պետական մտածողություն՝ հիմքում դնելով միմիայն պետության շահերը՝ անկախ ընկերական հարաբերություններից և իրար հետ հաց կիսած լինելու հանգամանքից:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1623 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ