...

Իշխանության երկրորդ շանսը

Իշխանության երկրորդ շանսը

Ուժային կառույցների ղեկավարների հրաժարականով, Քոչարյանի խափանման միջոցը չփոխելով և Հրայր Թովմասյանի լիազորությունների կասեցման գործընթաց սկսելով՝ հեղափոխությունը մտնում է նոր փուլ:
Վանաձորում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը երբեմն մտածում է, որ նախկինների մասով իրենք սխալ ճանապարհով են գնացել: Բայց հետո, մի փոքր ավելի խորը մտածելու դեպքում գալիս է այն եզրահանգման, որ դա, այնուամենայնիվ, միակ ճիշտ ուղին է իրավական պետություն կառուցելու ճանապարհին:

Վերը նշված հանգամանքների կոնտեքստում, կարծում ենք, որ Փաշինյանը ավելի անկեղծ էր իր արտահայտած մտքի սկզբում, քան վերջում:

Պետք է խոստովանել, որ սխալ էր տարածված այն մտայնությունը, թե բուրգի վերևի հատվածում գտնվողին գլորելու դեպքում մնացածը շատ արագ, ինքնըստինքյան քանդվելու է: Զարգացումները ցույց տվեցին, որ նախկին ռեժիմի պարագլուխները պետությունն ամրացնելու փոխարեն լրջորեն աշխատել են կլանի դիրքերն ամրապնդելու վրա: Դիրքերն ամրապնդվել են տարբեր միջոցներով՝ միասին հանցագործություն անելով (այդ թվում արյուն թափելով), միասին պետական բյուջեն յուրացնելով և յուրացրած գումարները համատեղ բիզնեսներում ներդնելով, միմյանց երեխաներին իրար հետ ամուսնացնելով և քավոր-սանիկ հարաբերություններ կառուցելով, կոմպրոմատներ հավաքելով և դատարաններում ու մեդիաներում լուրջ պաշտպանական ռեդուտներ կառուցելով:

Եվ հիմա, գործող իշխանությունը հասկացել է, որ հնարավոր չէ այդ դիրքերը վերացնել այնպիսի «զինտեխնիկայով», ինչպիսին է թավիշը: Ռազմական տերմինաբանությամբ ասած, թավիշը պիտանի չէ քաղաքական ռելիեֆի այս պայմաններում: Նրա կիրառումը շատ ժամանակատար է, իսկ խոցելիությունը՝ կասկածելի:

Առաջիկայում գործող իշխանությունը թերևս չի հրաժարվի թավշյա տերմինն օգտագործելուց, բայց կհեռանա դրա պրակտիկ գործածությունից: Ուժային կառույցները իրենց գործիքակազմում կօգտագործեն ավելի մեծ խոցելիություն ունեցող միջոցներ: Միայն քրեական գործ հարուցելը և այն դարակում դնելն այլևս գործուն միջոց չէ նախկիների դեմ պայքարում: Ասենք նոնսենս է՝ «Հյուսիս-հարավի» գործով բացահայտել, որ կա 23 միլիարդ դրամի յուրացում, բայց չկան ձերբակալվածներ, իսկ պետական բյուջե վերականգնվել է ընդամենը 200 միլիոն դրամ:

Ստացվում է, որ նախկին իշխանությունների ամենամեծ կոռուպցիոն գործարքներից մեկով ընդամենը նրանց պատճառվել են փոքրիկ անհարմարություններ: Եվ դա միայն մեկ իրավապահ մարմնի խնդիր չէ, այլ նրանց ընդհանուր համատեղ աշխատանքի բացակայության մասին է վկայում: Առաջնահերթություններից կլինի նաև ուժային կառույցներից ինֆորմացիայի արտահոսքի բացառումը, քանի որ մինչ այժմ դա եղել է ամենալուրջ խոչընդոտը հանցագործությունները բացահայտելու գործում:

Հասարակությունը իշխանությանը տվել է երկրորդ շանսն՝ աշխատելու սխալների վրա: Ամեն ինչ հուշում է, որ երրորդ շանսը չի տրվի:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3711 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ