...

Իշխանություններն իրենք իրենց հարվածեցին

Իշխանություններն իրենք իրենց հարվածեցին

Օրեր առաջ տեսանյութ տարածվեց, որում ոստիկանության բաժիններից մեկում քաղաքացիական հագուստով ոստիկանները մահակներով խոշտանգում էին մի քաղաքացու: Սրան հետևած հասարակական ցասումն ու զարմանքը մի կողմից շատ հասկանալի են, մյուս կողմից տարակուսանք են առաջացնում. տպավորություն է, որ մարդիկ մոռացել են, թե տասնյակ տարիներ ինչով է զբաղված եղել ոստիկանությունը, թե ինչպես է քաղաքացիների դեմ որպես բութ գործիք ծառայել իշխանությունը զավթածների ձեռքին, թե քանի մարդու ճակատագիր է խեղվել ոստիկանական բաժիններում, թե քանի մարդ է «հանկարծամահ» եղել ցուցմունք տալիս, թե ինչպես էին մարտի մեկի առավոտյան այդ ոստիկանները հարձակվել քնած խաղաղ ցուցարարների վրա, թե ինչպես էին Օսիպյանն ու գործընկերները բռնություն կիրառում իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարող քաղաքացիների դեմ:

Բնական է, որ հեղափոխությունից հետո հասարակությունը ոստիկանության և, ընդհանրապես, ամբողջ իրավապահ համակարգում արմատական բարեփոխումների լեգիտիմ ակնկալիք ուներ և դեռ ունի, և հենց հատկապես այդ կոնտեքստում է նշյալ տեսանյութը այսքան բուռն արձագանք առաջացրել: 

Այս ամենում ամենաուշագրավն այն է, սակայն, որ ինչպես տարածած հաղորդագրությունում նշում է Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը, տեսանյութում քաղաքացուն խոշտանգողներից մեկը մինչև հիմա էլ շարունակում է ծառայել ոստիկանության համակարգում և զբաղեցնում է Ճամբարակի բաժնի պետի պաշտոնը, ում լիազորությունները կասեցվել են ծառայողական քննության արդյունքներով:

Ահա սրա վրա պետք է կենտրոնացած լիներ բոլորիս ուշադրությունը: Ամենացավալին այն է, որ այսպիսի հազարավոր հանցագործներ դեռ շարունակում են կրել ոստիկանական համազգեստ և ուսադիրներ, նրանցից ոմանք անգամ կարիերայի կտրուկ աճ են գրանցել: Այս մարդիկ չեն կարող և չեն էլ ուզում սպասարկել պետության, հասարակության շահերը և հետաքրքրությունները, դեռ ավելին՝ նրանք ատում են Նիկոլ Փաշինյանին, ատում են հեղափոխական թիմին ու ի վերջո ատում են մեզ՝ նրանց նոր իրականություն պարտադրելու համար: Նրանք քնում և արթնանում են Նիկոլի և հեղափոխության ձախողումը երազելով, որովհետև ուզում են հետ բերել այն իրականությունը, որտեղ կարող էին անպատիժ խոշտանգել քաղաքացիներին, որտեղ ոստիկանության միջին պաշտոնյան՝ համեստ աշխատավարձով աշխատող, իր կարիերայի ընթացքում կարող էր դոլարային միլիոնատեր դառնալ: 

Այս մարդիկ ոչ միայն չեն կարող լինել Նոր Հայաստան կառուցելու գործում մեր դաշնակիցները, այլև նրանք մեր ամենաուղիղ հակառակորդներն են, ու հենց սրա պատճառով է, որ անգամ հեղափոխությունից հետո շարունակում են չկանխվել ու չբացահայտվել բազմաթիվ հանցագործություններ՝ գրպանահատումից մինչև սպանություններ: 
  
Ոստիկանությունը պետք է զտվի, պետք է անցնի «ցավոտ» ռեֆորմների միջով, և դա կարող է անել միայն այնպիսի ղեկավարը, ով չի՛ ծառայել սահմանադրական կարգի տապալմամբ իշխանությունը զավթածներին, ով երբևէ չի՛ բռնացել ՀՀ քաղաքացու կամքին, ով կիսում է հեղափոխության արժեքներն ու նպատակները: 

Հենց այս համատեքստում էր պետք դիտարկել Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներին առաջադրվող պահանջներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչը թույլ կտար Ոստիկանության պետի պաշտոնում նշանակել վերը թվարկված կարևորագույն չափորոշիչներին համապատասխնող անձի: Սակայն այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին։ Իշխանության կողմից այս նախագծի վիժեցումը ինչ-որ տեխնիկական պատճառներով պարզապես քաղաքական կարճատեսություն է։ 

Արամայիս Ավետիսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2430 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ