Երազահան
17.11.2019 / 21:00
Քաղաքական
17.11.2019 / 20:00
Ռետրո սատիրիկոն
17.11.2019 / 13:00
Լուր-մեկնաբանություն
17.11.2019 / 10:15
Ձեռագրերը չեն այրվում
17.11.2019 / 10:00
17.11.2019   12:20
884

Իշխանությունը չի ուզում օգտվել լուծման պարզ եղանակից. Մուշեղ Շուշանյան

ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում ծավալուն անդրադարձ է կատարել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Սահմանադրության գերակայության ապահովմամբ՝ սահմանադրական առաքելության մեջ նսեմացվել է հենց ՍԴ-ի դերակատարումը: Վահե Գրիգորյանի գրառումը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք փաստաբան Մուշեղ Շուշանյանին:

 - Պետք է նշեմ, որ Վահե Գրիգորյանը հերթական անգամ բավականին ծավալուն վերլուծությամբ հանդես եկավ, շատ կարևոր հարցադրումներ հնչեցրեց, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանի ճգնաժամին և այդ ճգնաժամը հաղթահարելու նրա պատկերացրած ուղիներին, որոնք նրա հետ կիսում են նաև շատ քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր և իրավաբաններ: Վահե Գրիգորյանը, մասնավորապես, խոսեց Սահմանադրական դատարանի գործունեությանն իրավական գնահատական տալու անհրաժեշտության մասին՝ սկսած Սահմանադրական դատարանի կազմավորման ժամանակահատվածից: Պետք է փաստեմ, որ դա շատ կարևոր հանգամանք է: ՍԴ-ն անցած ողջ ժամանակահատվածում հանդես չի եկել որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին, այլ եղել է ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցության շահերի սպասարկուն: Միայն համապետական ընտրությունների վիճարկման արդյունքների որոշումները, եթե նշենք որպես օրինակ, այդ փաստը բավարար կլինի արձանագրելու համար, որ ՍԴ-ն իր սահմանադրական առաքելությունը, մեղմ ասած, չի կատարել:

- Պարոն Շուշանյան, Վահե Գրիգորյանն իր վերլուծության մեջ խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է իրավաքաղաքական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործունեությանը:

- Պետք է նշեմ՝ ես նույնպես կարևորում եմ այն, որ ՍԴ գործունեությանն անհրաժեշտ է իրավաքաղաքական գնահատական տալ: Կարծում եմ՝ պետք էր նախորդ ռեժիմներին իրավաքաղաքական գնահատական տալ, և ՍԴ գնահատականներն էլ այդ համատեքստում պետք է տրվեին: Բայց Վահե Գրիգորյանը հիմա խոսում է կոնկրետ Սահմանադրական դատարանի գնահատականի մասին, ինչը նույնպես հնարավոր է նախորդներին համապարփակ գնահատական տալու համար:

- Վահե Գրիգորյանը խոսել է նաև ժողովրդավարության ճգնաժամի մասին, այս առնչությամբ ի՞նչ կասեք:

- Նախ՝ Սահմանադրական դատարանի կազմավորումը, այսինքն՝ Սահմանադրական դատարանի անդամների նշանակումն արդեն իսկ լուրջ խնդիրներ է առաջացնում, որովհետև այն մարմինները, որոնք նշանակել են ՍԴ անդամներին, հենց իրենք չեն ունեցել լեգիտիմություն: Նրանք իշխանության են եկել ընտրությունները կեղծելու, իշխանությունները յուրացնելու արդյունքում և հետևապես նրանց կողմից կազմավորված Սահմանադրական դատարանը չէր կարող ժողովրդի վստահությունը վայելել: Բացի այդ, հաջորդ հանգամանքը, որի վրա Վահե Գրիգորյանն ուշադրություն է դարձնում, այն է, որ ՍԴ-ն իր գործունեությամբ իրեն ապալեգիտիմացրել է: Ինչպես նշեցի, միայն համապետական ընտրությունների վիճարկման գործերով նրա կայացրած որոշումները հակասահմանադրական և հակաժողովրդավարական որոշումներ են եղել, ու այդ որոշումներով վավերացվել է պետության, ժողովրդի իշխանության յուրացման ակտը: Այսինքն՝ սրանք խնդիրներ են, որոնց պետք է համարժեք գնահատական տրվի: Երբ որ ասում ենք հանցավոր համագործակցություն, դրանք զուտ խոսքեր չեն, այլ ունեն փաստացի իրավական հիմնավորում: Ժողովուրդը զրկված է եղել լեգիտիմ իշխանություն ձևավորելու հնարավորությունից, իշխանությունը յուրացվել և պետությունը զավթվել է հանցավոր համագործակցության արդյունքում, իսկ այդտեղ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ոչ միայն առանցքային դեր է ունեցել, այլև կարելի է ասել՝ եղել է այդ հանցավոր համագործակցության ղեկավար կազմում: Հետագայում այդ պաշտոնը նախորդ տարի փոխանցվեց Հրայր Թովմասյանին: 

- Վահե Գրիգորյանը նշել էր ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին, կմանրամասնե՞ք:

- Այդ ուղիները կան, մենք չենք խոսում հեղափոխական ճանապարհով լուծումների մասին՝ չնայած ես ի սկզբանե դրա կողմնակիցն եմ եղել: Ուշարժան է, որ նոր իշխանությունները Սերժ Սարգսյանի կողմից կեղծիքներով պարտադրված Սահմանադրությունը հիմք են ընդունում, ուրեմն՝ թող այդ Սահմանադրության շրջանակներում լուծումներ տան խնդրին: Իսկ այդ խնդրի կարգավորումը շատ պարզ է. մենք այսօր չունենք Սահմանադրական դատարան, որովհետև դեռևս կազմավորված չէ, կա ընդամենը ՍԴ երկու դատավոր, քանի որ յոթ անդամներ  ՍԴ անդամ համարվել և ՍԴ անունից հանդես գալ չեն կարող: Պահանջվում էր ընդամենը, որ համապատասխան մարմինները թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրումներ անեին, և եթե թեկնածություններն Ազգային ժողովի կողմից ընտրվեին, ՍԴ կազմը կհամալրվեր և հնարավորություն կընձեռվեր բնականոն գործունեություն ծավալել: Զարմանալին այն է, որ ներկայիս իշխանությունն ինձ համար բոլորովին անհասկանալի պատճառներով չի ուզում օգտվել լուծման պարզ եղանակից, իսկ այդ ընթացքում Ազգային ժողովի հայտնի խմբակցությունը հանդես է գալիս, մեղմ ասած, ծիծաղելի նախաձեռնություններով: Նման չակերտավոր հանգուցալուծման գնալը, դեմքի լուրջ արտահայտությամբ հանդես գալը, թե մենք գտել ենք խնդրի լուծումը, շատ կներեք, անարգանք է ողջ ժողովրդի հանդեպ: Ժողովուրդը նրանց չի ընտրել և գործուղել օրենսդիր մարմին, որ իրենք ի զորու չլինեն որևէ խնդիր լուծել և շարունակեն հանդես գալ նման ծիծաղելի նախաձեռնություններով: Իմ կարծիքով՝ այստեղ առկա է թե՛ իշխող քաղաքական ուժի անկարողությունը կոնկրետ խնդիրների՝ ի մասնավորի Սահմանադրական դատարանի և առհասարակ դատական իշխանության խնդիրները լուծելու ուղղությամբ, թե՛ նաև այդ խնդիրները հնարավորինս արագ ու համակողմանիորեն լուծելու ցանկության բացակայությունը: Ես չգիտեմ, թե նրանք ինչ պայմանավորվածություններ ունեն նախկինների հետ, որ համառորեն չեն ուզում որևէ գործուն քայլ անել այդ ուղղությամբ: Փոխարենը միայն հայտարարում են, որ խնդիրները կլուծվեն, բայց որոնց լուծումը տեսանելի չէ, ինչն էլ մտահոգությունների տեղիք է տալիս: Ցավում եմ նաև այն բանի համար, որ այն խնդիրները, որոնք այսօր մատնանշում է Վահե Գրիգորյանը, հիշեցնում և լուծումներ է առաջարկում, դա թող ներվի ասել, օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի և հատկապես ԱԺ իշխող խմբակցության գործառույթն է: Խորհրդարանը պետք է լիներ այդ գործընթացի կատալիզատորը, որը չենք տեսնում: Անցել է չորս ամսից ավել ժամանակ, Սահմանադրական դատարանին առնչվող որևէ խնդիր չի կարգավորվել, և Հրայր Թովմասյանն ու ՍԴ վեց անդամները շարունակում են պաշտոնավարել, որովհետև յուրացրել են ՍԴ դատավորի լիազորությունները և իշխանության թողտվությամբ շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը:

Մելանյա Ծառուկյան



 Պիտակներ

         Մուշեղ Շուշանյան, Մելանյա Ծառուկյան

Գովազդ