Երկուշաբթի 16.12.2019 12:54

Սատիրիկոն
16.12.2019 / 11:30
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 11:15
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 10:45
Քաղաքական
16.12.2019 / 10:30
Սատիրիկոն
16.12.2019 / 10:15
25.11.2019   09:30
1130

Կեղծ օրակարգ

Հայաստանյան մեծ ներքաղաքական բանավեճում «կեղծ օրակարգ» արտահայտությունը ներմուծել և ակտիվորեն գործածել է ոչ այլ ոք, քան Հայաստանի այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին այսօր գերադասում են չխոսել և՛ Փաշինյանի աջակիցները, և՛ նրա հակառակորդները։

Բանն այն է, որ այս եզրույթը գործածվեց, երբ Սերժ Սարգսյանը իրականացնում էր անձնական իշխանության հավերժացման գործընթացի առաջին փուլը՝ Սահմանադրության փոփոխությունը։ Այն ժամանակ քաղաքական ուժերից միայն  ՀԱԿ-ը, ինչպեսև ողջ քաղաքացիական հասարակությունը, ակտիվ աշխատանք էին տանում սահմանադրական փոփոխությունները տապալելու համար, և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «ընդդիմությունը կեղծ օրակարգ է հետապնդում», հնչեց որպես դիսոնանս, քանի որ, այն նպաստեց, ըստ էության, Սերժ Սարգսյանի ծրագրի առաջին փուլի իրագործմանը։ Հակառակորդները չեն ցանկանում այդ հիշատակել, որպեսզի մեկ անգամ ևս չհիշեցնեն 2015 թվականի հանրաքվեի խայտառակ կեղծումը։ Աջակիցները, բնականաբար, չեն ցանկանում հիշել Փաշինյանի քաղաքական գործունեության որոշ մութ էջերը, առավելևս, որ հեղափոխությունը, թեև ուշացումով, բայց ի վերջո հասավ բաղձալի նպատակին հենց նրա գլխավորությամբ։

Մենք էլ չէինք հիշի անցյալը, եթե այսօր չներմուծվեր մի կեղծ քաղաքական օրակարգ, որը շատ վտանգավոր է մեր հաղթանակած հեղափոխության և ժողովրդավարության համար։ Ի տարբերություն վերոհիշյալ դեպքերի, այն իսկապես կեղծ է և վնասակար, բայց նույն Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարող թիմի կողմից չի մերժվում որպես այդպիսին։ Խոսքը այն աղմկալի մեղադրանքների մասին է, որոնցով ռոբասերժական կեղծ «ավանդապաշտ» քարոզչությունը փորձում է հանրային կարծիքը բորբոքել հեղափոխական իշխանությունների դեմ, փրկվելով քրեական հետապնդումներից։ Եվ այսպես, պարզվում է, որ Հայաստանի նոր իշխանավորները «հայակործան» մտածելակերպ ունեցող մի խմբակ են, որոնց Սորոսը փաթաթել է Հայաստանի ժողովրդի վզին նրա ընտանեկան արժեքները, ավանդույթները, կրոնն ու լեզուն քայքայելու և պղծելու նպատակով։

Այս բարբաջանքը տիրաժավորվում է ռոբասերժամիշիկական լրատվամիջոցներով, որոնք ունեն հեռահաղորդակցման լավագույն տեխնիկական կարողությունները, հնչում է Ազգային  Ժողովի ամբիոնից և տարածվում հատուկ ֆինանսավորվող խմբերի և ինտերնետային ֆեյքերի կողմից։ 

Համաձայն այս քարոզչությանը, հայոց լեզվի և պատմության ուսուցանումը  համալսարանների հայեցողությանը փոխանցելը դիտարկվում է ոչ թե որպես համալսարանական անկախության աստիճանի բարձրացման քայլ (ինչն, ի դեպ, ընդունված է առաջադեմ աշխարհում), այլ որպես ազգային ինքնությունն ու պատմական հիշողությունը ջնջելու դավադրություն։ Հայ առաքելական եկեղեցու պատմություն առարկայի, որպես հայոց պատմության բաղադիչ մաս, դասավանդելու առաջարկը մատուցվում է որպես մեր սուրբ կրոնի և քրիստոնեական բարեպաշտ հավատի դեմ ուղղված «սատանայական» արշավ։ Թեև Սահմանադրությունը ուղղակիորեն սահմանում է ամուսնությունը որպես «տղամարդու և կնոջ միջև միություն», ինչով արգելում է նույնասեռականների միջև ամուսնությունը, ԲՀԿ-ն բերում է Ազգային Ժողով մի հիմարագույն օրինագիծ, որով առաջարկում է օրենքով արգելել այն, ինչն արգելված է Սահմանադրությամբ։ Իսկ երբ հիմարությունը մերժվում է իշխանական մեծամասնության կողմից, ռոբասերժական քարոզչամեքենան հայտարարում է, որ «Իմ քայլ»-ականները  ուզում են քանդել հայ ավանդական ընտանիքները։ Հանրային վայրում կեղծ, անճաշակ «ավանգարդիստական» մի ներկայացում, որում ոչ թե ընթերցանում են, այլ գոռում են 20֊րդ դարասկզբի հայ պոետների բանաստեղծությունները, ներկայացվում է որպես սատանիզմի և «էրոտիկ» ամենաթողության գովերգում։ Կանանց դեմ և ընտանեկան բռնությունը կանխելու մասին Եվրոպայի Խորհրդի համաձայնագիրը, որը հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա, ներկայացվում է որպես ընտանիքը քանդող և նույնասեռականության գովազդման գործիք, թեև այդ կոնվենցիայի մեջ խոսվում է միայն կանանց իրավունքների պաշտպանության և տղամարդկանց իրավունքների հետ հավասարության մասին, և ոչ մի խոսք չկա նույնասեռականներին որևէ հատուկ իրավունք շնորհելու մասին։ Էլ չենք խոսում, որ այդ կոնվենցիան, որի վավերացման ծրագրի համար ՍերԺ Սարգսյանի քարոզչամեքենան պատրաստ է ցցի հանել Նիկոլ Փաշինյանի թիմին, ստորագրել է հենց Սերժ Սարգսյանի իշխանությունը, ինչի մասին այդ նույն լրատվամիջոցները համեստորեն լռում են։

Այդ կեղծ օրակարգը և դրա հետ կապված կեղծ կրքերը մեր խեղճ հասարակության վզին փաթաթելու մեղքը, սակայն, մասամբ է միայն կարելի վերագրել հանրության ուշադրությունը իրենց թալանից և քրեական գործերից շեղելու ռոբասերժականների ջանքերին։ Զարմանալի է և անբացատրելի, բայց այնուամենայնիվ փաստ է, որ մեր ժողովրդին իր օրհասական մարտահրավերներից և խնդիրներից շեղող այս ցնդաբանական «վակխանալիայի» պատասխանատվությունը կրում են նաև նոր հեղափոխական իշխանությունները։ Միայն նրանց անփորձ մտքով կարող էր անցնել սերժառոբականների հետ մարտի մեջ ներքաշվել հենց այն դաշտում, որտեղ նրանք առավել խոցելի են և որտեղ նրանց սպասում են բազմաթիվ խորամանկորեն լարած ծուղակներ։ Հասկանալով ավանդապաշտությունը մանիպուլացնելու և խաբեությամբ բարեփոխիչ իշխանությունների դեմ պայթեցնելու հսկայական ներուժը, նրանք պետք է ոչ թե ընդունեին այդ կեղծ օրակարգը, այլ թելադրեին սեփականը, որի համար ստացել են ժողովրդի լեգիտիմ մանդատը։ Թալանած փողերի վերադարձի, տնտեսական և տեխնոլոգիական զարգացման մասին խոսելու փոխարեն, իշխանությունները ընդունել են թալանչիական ավազակախմբի օրակարգը և կատարում են սխալ սխալի հետևից։ 

Քանի դեռ տնտեսական հաջողությունները ակնհայտ չեն դարձել, քանի դեռ իշխանությունը կայացած չի համարվում և հակահեղափոխությունը անշրջելիորեն ջախջախված չէ, պետք չէր նրան փողոցային ակտիվացման որևէ առիթ կամ գործիք տալ, ինչքան էլ որ այդ առիթները կեղծ են։ Պետք չէր հենց հիմա նախաձեռնել հայոց լեզվի և պատմության դասավանդման հետ կապված փոփոխությունները, պետք չէր կազմակերպել Ստամբուլյան կոնվենցիայի փակ քննարկումներ և ընդհանրապես հենց հիմա նախաձեռնել դրա վավերացման հարցը։ Պետք չէր պետականորեն ֆինանսավորել անճաշակ «պերֆորմանսներ» և դոպինգի օգտագործման համար պատժամիջոցների ենթարկված Մելինե Դալուզյանի մասին ֆիլմը, ընդ որում, նման բան պետք չէ անել երբեք։ Պետք չէ նաև նրան վերցնել պետության ղեկավարի «անձնական պաշտպանության ներքո», ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը։

Երբ Մելինե/Մել Դալուզյանը դառնում է երկրում ընթացող բանավեճի գլխավոր թեման, դա նշանակում է, որ երկրում մոլեգնում է Կեղծ օրակարգը։ Հեղափոխության համար ավելի մեծ վտանգ դժվար է պատկերացնել։

Գաբրիել Թորգոմյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2019



 Պիտակներ

         Գաբրիել Թորգոմյան, Չորրորդ իշխանություն

Գովազդ

Ամենաընթերցված






















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1570