...

Լինեն այնպիսի փոփոխություններ, որ եկող իշխանությունը հանգիստ թողնի մայր օրենքը

Լինեն այնպիսի փոփոխություններ, որ եկող իշխանությունը հանգիստ թողնի մայր օրենքը

ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Իհարկե, մի քիչ ուշացած է, բայց իշխանությունները պետք է անեն առավելագույնը, որ բարեփոխումները չձգձգեն, իսկ բարեփոխումների ձգձգումը միայն նախկինների շահերից է բխելու և շարունակվելու է ՍԴ ճգնաժամը, որը լրջագույն հարված է հեղափոխությանը։

1995-ին ընդունած Սահմանադրության 2005-ի և 2015-ի փոփոխությունների հանրաքվեներին հանրությունը չէր մասնակցում, և եթե մասնակցում էլ էր, դեմ էր քվեարկում։ Իշխանություններն իրենք իրենցով հանրաքվե էին անում։ Ի վերջո Սահմանադրության լեգիտիմությունն էր կասկածի տակ լինում։ Սահմանադրության փոփոխությունները սպասարկելու էին միայն գործող իշխանությունների շահերը և որևէ աղերս չեն ունեցել հանրության և պետության շահի հետ։ 2005-ին սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը Քոչարյանին անձեռնմխելիությամբ օժտելն էր (Հոդված 56.1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է)։ 
Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել լիազորությունների ավարտից հետո։

Իսկ 2015-ին Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նույնպես լեգիտիմության խիստ պակաս ուներ, փոխեցին երկրի կառավարման համակարգը, ստեղծեցին սուպերվարչապետական համակարգ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու համար, ինչը և պատճառ դարձավ 2018թ. թավշյա հեղափոխության համար։ Սերժ Սարգսյանը իշխանությունը վայելեց ընդամենը վեց օր։ Հանրությունը մերժեց Սերժին։ Սա պետք է դաս լինի գործող իշխանությանը և Սահմանադրությունում անեն այնպիսի փոփոխություններ, որ հանրության և պետության շահը ներկայացնեն, բայց դեռ հայտնի չէ, արդյոք փոխելո՞ւ են կառավարման համակարգը, թե՞ կոսմետիկ ինչ-որ բաներ են անելու։ Անկախ կառավարման ձևից պետք է հստակ տարանջատում լինի իշխանության թևերի։

Հիմնականում ուժային կառույցները, որ հաշվետու լինեն խորհրդարանին և վերջ դրվի սուպերվարչապետության համակարգին, ինչին դեմ էր նաև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Եթե Մայր օրենքի փոփոխությունները տեղի են ունեցել կեղծիքներով, նշանակում է՝ Սահմանադրությունը լեգիտիմության խնդիր ունի։ Անչափ կարևոր է, որ իշխանությունները զերծ մնան իրենց հագով Սահմանադրություն կարելու գայթակղությունից, և լինեն այնպիսի փոփոխություններ, որ նոր եկող իշխանությունը չզբաղվի Սահմանադրության կարուձևով և հանգիստ թողնի Մայր օրենքը։ Իրավական երկրներում օրենքի առջև բոլորը հավասար են, և իշխանությունները նույնպես ենթարկվում են Մայր օրենքին և չեն էլ մտածում այն փոխելու մասին։ 

Հեղափոխությունից անցել է մեկ տարի ինը ամիս, հեղափոխությունը հաջողություն չի գրանցում կոռուպցիայի դեմ պայքարում, իսկ Մարտի մեկի գործով գլխավոր մեղադրյալ Քոչարյանի դատական գործընթացը ձգձգվում է, մեկ տասնամյակից ավել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերը արդարություն են աղերսում, մանկավաճառությամբ զբաղվողները ազատություն են վայելում, այս և նման շատ արատավոր դեպքեր գալիս են ապացուցելու, որ Նոր Հայաստանում դատական համակարգը սպասարկում  է նախկիններին և շարունակվելու դեպքում հեղափոխության պարտություն անխուսափելի է։ 

Վերջապես ունենալո՞ւ ենք լեգիտիմ Սահմանադրություն, որ ներկայացնի պետության ու հասարակության շահը, որ ոչ մի իշխանություն իրեն Մայր օրենքից բարձր չդասի և երբ իրեն պետք լինի փոփոխություններ անի, միայն այս պարագայում հնարավոր կլինի պետական կառավարման համակարգում վերջ դնել արատավոր երևույթներին։ Եվ մենք էլ ապրենք իրավական երկրում։

Ջավահիր Այվազյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   1630 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ