...

Մեծ կեղծիք 96-ի ընտրությունների մասին

Մեծ կեղծիք 96-ի ընտրությունների մասին

«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» N 240 (ինտերնետային N 400), 2002թ.

«Լափված մազութի» պատմությունը հիշո՞ւմ եք: Դաշնակցությունն ու ԱԺՄ-ն, ձեն-ձենի տված, դայլայլում էին «նախորդ հանցավոր իշխանությունների» օրոք իբր կատարված հսկայական էներգետիկ չարաշահումների մասին, Արշակ Սադոյանն էլ հինգ րոպեն մեկ, պատահաբար ասեղի վրա նստածի պես, տեղից վեր էր ցատկում ու գոռգոռում` «մազութը լափե՜լ են, մազութը լափե՜լ են»: Նույնիսկ հանձնաժողով ստեղծեցին` այդ չեղած չարաշահումներն ուսումնասիրելու նպատակով:

Պարզվեց, որ որոշ չարաշահումներ իսկապես եղել են, բայց, թարսի պես, դրանք բոլորն ուղղակիորեն կապված են անձամբ Ռոբերտ Քոչարյանի հետ: Արդյունքում` թեման փակվեց, հանձնաժողովի դաշնակ նախագահը դարձավ նախարար, Արշակ Սադոյանը տխրեց: Այսինքն` լափված մազութի փուչիկը պայթեց, բայց տարիներ շարունակ նախկին իշխանություններին զրպարտողները, չգիտես ինչու, պատասխանատվություն չկրեցին:

Հիմա շահարկում են երկրորդ մեծ կեղծիքը: Իբր` 96-ի նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանը հաղթել է, բայց իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները: Պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նույնիսկ առաջարկում է հանձնաժողով ստեղծել` 96-ի նախագահական ընտրությունների արդյունքներն ուսումնասիրելու նպատակով: Սա ընդամենը մի նպատակ ունի` փորձել վերակենդանացնել Վազգեն Մանուկյանին, որը, առողջ տրամաբանության համաձայն, վաղուց պիտի հայտնված լիներ քաղաքական աղբանոցում: Բայց այս մասին` հետո:

Ի՞նչ է տեղի ունեցել 96-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Դաշնակցության, ԱԺՄ-ի և ՍԻՄ-ի ներկայացուցիչները հայտարարում էին, թե Վազգեն Մանուկյանն իրականում հաղթել է: Ընդ որում` դա հայտարարում էին առանց որևէ փաստացի հիմնավորման. հաղթել է և վերջ: Ավելին. ընտրությունների մասնակիցներից շատերն են հիշում, որ ընդդիմությունը բոլոր ընտրատարածքներում ստեղծել էր բազմաթիվ մոբիլ մարտական խմբեր (հիմնականում` ՀՅԴ անդամներից կազմված), որոնք իբր պիտի իշխանություններին թույլ չտային կեղծիքներ անել, բայց իրականում հենց իրենք էին կեղծիքներ իրականացնում (հետագայում նույնիսկ փաստաթղթեր հայտնաբերվեցին, որտեղ նշված էր, թե որ տեղամասում ընդդիմությունը որքան քվեաթերթիկ է «լցրել», որքան` «կարուսել» իրականացրել և այլն): Այս մարտական խմբերի անդամները տեղամասերում բառիս բուն իմաստով ահաբեկում էին ընտրողներին` բոցաշունչ ճառեր արտասանելով այն մասին, թե գործող իշխանություններից ում որ ծառից են կախելու (զարմանալի «զուգադիպությամբ», հոկտեմբերի 27-ի ոճրագործները նույն ելույթներն էին ունենում` տեղ-տեղ բառացիորեն կրկնելով Վազգեն Մանուկյանի «միտքը»):

Իսկ ինչպե՞ս դրսևորեց իրեն «ընտրված նախագահ» Վազգեն Մանուկյանը 98-ի հեղաշրջումից հետո: Շատ պարզ. ծեծ կերած շան պես կուչ էր եկել անկյունում ու ժամանակ առ ժամանակ աղիողորմ ձայներ էր հանում` ուտելիքի ակնկալիքով: Կամ գուցե ՀՅԴ-ի, ՍԻՄ-ի կամ Դեմկուսի մտքո՞վ անցավ «հանձնաժողով ստեղծել 98-ի նախագահական ընտրությունների արդյունքներն ուսումնասիրելու նպատակով»: Ամենևին: Սույն «սկզբունքային» կուսակցությունների ղեկավարներն իրար ոտատակ տալով գլորվեցին դեպի նախագահի նստավայր` հավատարմության երդում տալով մեկին, որի առաջադրումն արդեն Սահմանադրության կոպտագույն խախտում էր:

Իսկ առջևում դեռ խորհրդարանական ընտրություններ կային: Եվ Վազգեն Մանուկյանը ևս մեկ անգամ «կզեց» (ներողություն ենք խնդրում, բայց նրա կեցվածքը որևէ այլ բառով բնորոշելն անհնար է)` մուրալով իր 5 տոկոսը: Մի՞թե սա ընդամենը 3 տարի առաջ իբր «ընտրված նախագահի» կեցվածք է: Զարմանալի է, բայց այսքանից հետո դեռ կան մարդիկ, ովքեր լուրջ են ընդունում Վազգեն Մանուկյանին: Եվ հավատում են այն անհեթեթությանը, թե իբր 96-ին նա նախագահ է ընտրվել: Բանն այնտեղ է հասել, որ որոշ ուժեր ձգտում են հենց Վազգեն Մանուկյանին դարձնել ընդդիմության միասնական թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում: Վազգեն Մանուկյանն էլ սեթևեթում է` իբր, այո, ինքը դա կարող է անել, ինքը մի անգամ արդեն ընտրվել է նախագահ...

Ոչ: Այս երկրում երկու անգամ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը, երկու անգամ (այն էլ` երկու շաբաթվա մեջ)` Կարեն Դեմիրճյանը: Իսկ Վազգեն Մանուկյանը թող շարունակի իր ներկայությամբ քաղաքական դաշտը քաղաքական աղբանոցի վերածելու գործընթացը: Դա նույնպես ծառայություն է, որի դիմաց երևի մի 5 տոկոս կտան:

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

ՎԱՐԿԱՆԻՇ

   10789 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ