...

«Մեծարգո պրն Քոչարյան». Նաիրի Հունանյանի նամակի ուշագրավ պատմությունը

«Մեծարգո պրն Քոչարյան». Նաիրի Հունանյանի նամակի ուշագրավ պատմությունը

4rd.am-ը սկսում է հրապարակումների նոր շարք, որտեղ կներկայացնի «Չորրորդ իշխանություն» թերթի 1999-2018թթ. հրապարակումներ, որոնք նպատակ ունեն հիշեցնել այն ժամանակաշրջանի իրադարձությունները, զարգացումները, այն ամենը, ինչի միջով անցել է մի ամբողջ սերունդ: Հատկապես այսօրվա սերունդը ավելի նվազ պատկերացում ունի, թե ինչ ծանր ժառանգություն ենք ստացել այդ տարիներին Հայաստանը ղեկավարող վարչախմբերից, ինչ բարքեր, որոնց հետևանքներ մինչև հիմա զգացվում են:

Նշենք, որ շարքը կոչվում է «Ձեռագրերը չեն այրվում», քանի որ որքան էլ այսօր, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին փորձեն ներկայացնել որպես հերոս, կամ՝ Արցախի ու Հայաստանի ազատարար, Հայաստանը զարգացրած, որքան էլ դասագրքերում կեղծեն պատմությունը, միևնույն է, ճշմարտությունը մեկն է, և մեր էջերում դրանք եղել են ու կմնան, և այդ կեղծիքների կոկորդին միշտ փուշ կլինեն:

Իսկ շարքը սկսում ենք 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին հրապարակումով: Ողբերգություն, որը ծանր հարված էր մեր պետականությանը, և որից հետո Հայաստանում արմատավորվեց Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան դուետը:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո գլխավոր ոճրագործն ուղիղ քսան օր սպասել է և ոչ մեկի վրա ոչ մի ցուցմունք չի տվել, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով այն պայմանավորվածությունները, որոնք եղել են նախագահ Ռ. Քոչարյանի, իր և Ալեքսան Հարությունյանի միջև:

Այնուհետև Նաիրի Հունանյանը հասկանալով, որ ինքը «քցված է» (Արամ Սարգսյանը նշանակվել էր ՀՀ վարչապետ), 1999թ. նոյեմբերի 16-ին գրավոր դիմում է հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանին հետևյալ խնդրանքով. «Մեծարգո պրն Քոչարյան, հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո Ձեզ հետ հանդիպման ժամանակ անսալով Ձեր կոչին մենք հանձնվեցինք, հավատալով և վստահելով Ձեզ և Ձեր խոսքին: Դեպքից ավելի քան 20 օր է անցել, և մենք որոշ մտահոգությամբ դիմում ենք Ձեզ, նկատի ունենալով անշուշտ և գիտակցելով, որ որոշ անպատեհություն կա, այնուամենայնիվ խնդրում ենք Ձեզ տաս րոպե զոհել Ձեր թանկագին ժամանակից և ընդունել մեզ: Կանխահայտ շնորհակալությամբ՝ Ն. Հունանյան, Կ. Հունանյան»:

Ոճրագործ Հունանյանների այս խնդրանքը Ռ. Քոչարյանը մերժել էր, որից հետո նրանց նյարդերը տեղի են տվել, և նրանք ցուցմունք են տվել Ռ. Քոչարյանի խորհրդական Ալեքսան Հարությունյանի և մնացած բոլոր այն անձանց դեմ, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են ոճրագործությանը և դրա իրականացման նախապատրաստական աշխատանքներին:

Ն. Հունանյանի և նրա հանցավոր խմբի հավաստիացումների արդյունքում էլ որպես մեղադրյալներ կալանավորվեցին Ռ. Քոչարյանի խորհրդական Ալեքսան Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, Հանրային հեռուստատեսության փոխտնօրեն Հարություն Հարությունյանը, սոցիոլոգ Նաիրի Բադալյանը և այլոք: Ն. Հունանյանի այդ ժամանակահատվածի բոլոր վկայությունները նախաքննական մարմինը հիմնավորել էր նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված կողմնակի ապացույցներով, որոնք էլ հետագայում հաշվի չառնվելով և միայն ոճրագործի ցուցմունքը փոխելով, քրգործը կարճվել էր Ա. Հարությունյանի և մնացած բոլորի մասով, բացի կատարող հնգյակից: Իսկ թե ինչպես է գլխավոր ոճրագործը փոխել Ա. Հարությունյանի և մնացած բոլորի վերաբերյալ ցուցմունքները, նա վկայել է անձամբ (իր և Ա. Հարությունյանի հանդիպման ժամանակ Ա. Հարությունյանը խնդրել է փոխել ցուցմունքները և բազմիցս անգամ նշել իր ցուցմունքներում, որ ինքն ուղղակի ընդառաջել է Ալեքսան Հարությունյանի խնդրանքին: Ամենայն հավանականությամբ, ոճրագործը, թեկուզև ուշացումով, այնուամենայնիվ համոզվել է, որ նախագահի տված երաշխիքները իրագործվում են և միայն դրանից հետո է որոշել ընդառաջել Ա. Հարությունյանի խնդրանքին: Միաժամանակ որոշ բաց տեղեր թողնելով, որպեսզի հետագայում նույնպես «քցված» չզգա:

ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԵՂԵԼ Է ԱԱՆ ԳՈՐԾԱԿԱԼ

Ն. Հունանյանը եղել է ԱԱՆ գործակալ և ըստ նորմալ տրամաբանության, նա իր բոլոր գործողությունները համաձայնեցրել է ԱԱՆ-ի հետ (այդ մասին իրենց ցուցմունքներում վկայել են ԱԱՆ-ի մի խումբ աշխատակիցներ նույնպես): Բայց պարզվում է, որ ԱԱՆ-ի այն ժամանակվա ղեկավարը նույնպես 27-ի վերաբերյալ գաղտնիք ունի, որը չի ասում: Հոկտեմբերի 27-ի հետ կապված Սերժ Սարգսյանն ասում է. «Ես ասել եմ բազմաթիվ անգամ և հիմա էլ կրկնում եմ, որ բացարձակապես չեմ ուզում մեկնաբանել որևէ հայտարարություն: Դա էլ թող մնա իմ գաղտնիքը, իմ սկզբունքը, դրա ժամանակը գալու է: Ես ընդամենը մի հայտարարություն, մի մեկնաբանություն եմ արել և հարյուր անգամ դա կրկնել եմ»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ի հետ կապված ոչ թե մեկ, այլ մի քանի հայտարարություն է արել. «Ինձ և Ռ. Քոչարյանին կասկածողները եռակի անբարոյական են», «ԱԱՆ աշխատակիցները կպատժվեն» («Առավոտ» օրաթերթ), «Ես դեռ իմ ասելիքը կասեմ». ահա սրանք են պարոն պաշտպանության նախարարի և այն ժամանակվա ԱԱՆ նախարարի՝ 27-ի վերաբերյալ արած հայտարարությունները: Մինչդեռ գլխավոր ոճրագործ Նաիրի Հունանյանը 11.16.99 թվին ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին ուղղած իր հայտարարության մեջ նշում է (Թուրքիա մեկնելու հետ է կապված եղել նրա հայտարարությունը): «Այսպիսով որևէ ավելորդ քայլ առանց ԱԱՆ-ի հետ համաձայնեցնելու մեր կողմից չի կատարվել: Խնդրում ենք քննության ընթացքում հաշվի առնել այս բոլոր հանգամանքները, որպեսզի այդ հարցը չշահարկվի (նկատի ունի Թուրքիա մեկնելը): Ն. Հունանյան, Կ. Հունանյան»:

Միգուցե Սերժ Սարգսյանը իր ասելիքը կասի դատարանում, երբ որպես մեղադրյալ հանդես գա 27-ի գործով:

ՈՃՐԱԳՈՐԾՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ Է Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

2000թ. մայիսի 30-ին, երբ արդեն Արամ Սարգսյանն այլես վարչապետ չէր, և ոչ ոք չէր խանգարում Ռ. Քոչարյանին, որպեսզի նա կարողանա լիարժեք իրագործել ոճրագործին տված իր բոլոր խոստումները, Ն. Հունանյանը վստահաբար փոխում է իր բոլոր ցուցմունքները ոչ միայն Ռ. Քոչարյանի խորհրդական Ա. Հարությունյանի վերաբերյալ, այլև մնացած բոլոր 27-ի գործով կալանավորված անձանց, ովքեր ինչ-որ բան կարող էին վկայել (Նաիրիի վստահությունը Ռ. Քոչարյանի հանդեպ վերականգնվել է մայիսի 30-ից հետո) և փոխարենը ցուցմունք է տալիս զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի, քննչական խմբի մյուս անդամների դեմ, միաժամանակ նշելով, որ ինքը բոլորին դեմքով և անուններով ճանաչում է և որ ժամանակը կգա, ինքը պատասխան կպահանջի: Ոճրագործը մայիսի 30-ին և դրանից հետո իր տված ցուցմունքներով ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ապացուցի, որ Ալեքսան Հարությունյանի և ոչ միայն նրա դեմ ինքը ցուցմունք է տվել քննչական խմբի ճնշման ազդեցությամբ և նշում, որ իրեն ու խմբի մյուս անդամներին քննիչները խոշտանգել են ԱԱՆ մեկուսարանի քննչական սենյակներում:

«ՉԻ», օգոստոսի 6, 2002թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ