...

Մեր ժողովուրդը՝ հեղափոխիչ «կռանի» և կոնտրայի «զնդանի» արանքում

Մեր ժողովուրդը՝ հեղափոխիչ «կռանի» և կոնտրայի «զնդանի» արանքում

Անկեղծ ասած, մենք, Հայաստանի հպարտագույն քաղաքացիներս, հայտնվել ենք բավական ծանր վիճակի մեջ։ Մի կողմից, որ հեռուստակայանը միացնես, գլխիդ լցվում է ռոբասերժական պրոպագանդա, որն օր օրի ավելի ագրեսիվ է դառնում, հեղափոխություն կատարած ժողովրդին տրամադրելով այդ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի դեմ։ Մյուս կողմից, կառավարության մանկապատանեկան թիմը, չունենալով ոչ թե պետական կառավարման, այլ անգամ տարրական քաղաքական փորձ կամ մարդկային հարաբերությունների ապրած «բագաժ», այնքան սխալներ է գործում և այնքան երկար չի կարողանում դուրս գալ ինքնասիրահարման արբեցումից, որ ինքն էլ չի նկատում, թե ինչպես է կամաց-կամաց թուլացնում իր դիրքերը։

Այո, ժողովուրդն ատում է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, նրանց կառուցած ամբողջ թալանչիական համակարգը, ատում է Հանրապետական կուսակցությանը, նրա երիտթևին, որը, ինչքան էլ Նժդեհի անունով ծածկվի, միևնույն է, մնում է կոմսոմոլ, զզվում է այս քսան տարվա մեջ իրենց հետ կոալիցիա կազմած բոլոր քաղաքական ուժերից և հանրային գործիչներից, նրա արժանապատվությունը 20 տարի շարունակ բռնաբարած տարբեր տրամաչափի գողերից և ավազակներից։ Եվ հենց այդ պատճառով էլ հեղափոխություն արեց, Նիկոլին կարգեց վարչապետ և նրանից ակնկալեց  մի բան. օր առաջ ապամոնտաժել այդ համակարգը։ Ինչ պահանջվում էր այդ ամենի համար քաղաքացիներից, նրանք արեցին. ստիպեցին հին ԱԺ-ին Փաշինյանին ընտրել վարչապետ,  հետո քշեցին ԱԺ-ի այդ կազմը տուն, իսկ փետրվարյան ընտրություններին ապահովեցին Նիկոլի թիմի համար սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում, այսինքն՝ 2/3-ը, որը տեսականորեն հնարավորություն պետք է տար ժողովրդավարական իշխանությանն անցկացնել ցանկացած վերափոխում։

Բայց հիմա ժողովուրդն ինքն էլ չգիտի, թե ինչ անի. նորի՞ց շարունակի հայհոյել գահընկեց թալանչիներին, որոնք պահպանել են իրենց գլխավոր բիզնեսները և երկրի գլխավոր հեռուստաալիքները ու ամեն Աստծո օր ձեռ են առնում ողջ հանրությանը, պահանջելով «արդարություն» և «արդարադատություն», թե՞ ջղայնությունն ուղղեն իրենց իսկ ընտրած իշխանությանը, որն ամեն Աստծո օր ցույց է տալիս հեղափոխության գործը ավարտին հասցնելու անկարողությունը։

Հայտնվելով երիտասարդ հեղափոխիչների աննպատակ և անկանոն  խփող «կռանի» ու ագահորեն իշխանական «кормушка»֊ների վերադարձի մասին տրտնջացող սերժառոբական «զնդանի» արանքում, ժողովուրդը, միևնույն է, երբեք չի շրջվի դեպի գաղջ անցյալը։ Բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է շարունակի մնալ իր սելֆիապաշտ երանության մեջ և քալ առ քայլ փոշիացնի ժողովրդից ստացած հսկայական վստահության վարկը։

Գլխավոր բանը, որ պիտի սովորի իշխանությունը, օրակարգ թելադրելն է։ Այսօր օրակարգը թելադրում են իշխանության շուրջ ծագող սկանդալները։ Սկանդալների մի մասը գալիս է հենց կառավարության սխալներից, փնթիությունից և անհետևողականությունից։ Ինչո՞ւ էր պետք հանրությունից գաղտնի պահել նախարարների վարձատրության բարձրացումը։ Ինչո՞ւ չկա համարժեք արձագանք Վանեցյանի մասին մամուլի բացահայտումներին, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի փայատերերի հետ նրա բացահայտված կապերի և բազմաթիվ հակակոռուպցիոն քրեական գործերը արգելակելու ջանքերի մասին։ Ինչո՞ւ չկա համարժեք արձագանք կադաստրի վարչության արդեն նախկին պետ Սարհատ Պետրոսյանի հայտարարության այն մասին, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը սեփական նախագծային ընկերության բիզնես շահերը առաջ տանելու նպատակով։ Կառավարությունը կամ պետք է հերքած լիներ այս տեղեկությունը, կամ ՀՔԾ-ն պետք է արդեն քրեական գործ հարուցած լիներ այդ փաստի առթիվ, իսկ Տիգրան Ավինյանն ու Ավետիք Էլոյանը՝ հրաժարական տված։    

Սկանդալների մյուս մասը գալիս է այն հեշտությունից, որով իշխանությունը կուլ է տալիս ռոբասերժական պրոպագանդայի խայծերը։ Արդարադատությունից խուսափելու, հանրության ուշադրությունը կատարած հանցագործություններից շեղելու նպատակով ռոբասերժական քարոզչամեքենան ամեն րոպե նետում է «տեղեկություններ» նոր կառավարության կողմից ավանդական ընտանեկան և կրոնական հայկական արժեքները քայքայելու, այդ նպատակով, օրինակ, ԼԳԲՏ համայնքին և սատանիստներին աջակցելու, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու ջանքերի մասին։ Ցավոք սրտի, իշխանությունը նման հիմարություններին արձագանքում է ճիշտ այնպես, ինչպես և պետք է արձագանքեր ռոբասերժական ագիտխաբեբաներին։ Օրինակ, երբ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ «այլևս ոչ մի բան չի արգելվի սատանիզմի հիմքով», դժվար է պատկերացնել ավելի մեծ նվեր այդ խաբեբաներին։ Այդ հայտարարությունը հեշտությամբ մատուցվում է հանրությանը որպես աջակցություն սատանիզմին, մինչդեռ Արայիկ Հարությունյանը բացարձակապես կարիք չուներ կրկին հնչեցնելու նետած անհեթեթ մեղադրանքը, դրանով միայն արժևորելով այն։ Էլ չենք խոսում այն մասին, որ կարելի էր արվեստի ֆինանսավորման ավելի լավ մեխանիզմներ մշակել, որպեսզի նման ապաշնորհ ներկայացումները չստանային պետական ֆինանսավորում։

Նման մի այլ անհեթեթություն է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ ստեղծված իրավիճակը։ Զավեշտալին այն է, որ կոնվենցիան, որի վավերացումը բառիս բուն իմաստով ոչ մի բան չի փոխելու մեր կյանքում, բութ համառությամբ ենթարկվում է դատափետման հենց այն ուժի պրոպագանդիստների կողմից, որը Հայաստանի անունից այն ստորագրել է (Սերժ Սարգսյանի կառավարությունը), բայց նաև նույնքան բութ համառությամբ առաջ է քաշվում այսօրվա իշխանությունների կողմից, որոնք նվիրում են դրան քննարկում քննարկումից հետո։  

Փաստորեն, հանրությանը, որին ավելի շատ հետաքրքրում է երկրի անվտանգության, տնտեսական զարգացման, ներդրումների ապահովման, գիտության, առողջապահության և կրթության խնդիրները, թելադրվում է մի անմեղսունակ օրակարգ, որին այն բացարձակապես արժանի չէ։ Եթե իշխանությունը երկրի իրական, հեղափոխական օրակարգի ձևավորումը չկարողանա նորից վերցնել իր ձեռքը, ապա այդ կեղծ օրակարգը կոչնչացնի հեղափոխությունը։ 

Գաբրիել Թորգոմյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1267 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ