...

Միշիկները և դաշնակները Մանվելից կերտելու են ռեժիմի զոհի կերպար

Միշիկները և դաշնակները Մանվելից կերտելու են ռեժիմի զոհի կերպար

Նոր Հայաստանի առաջին խոշոր բացահայտումը՝ Մանվել Գրիգորյանի կողմից բանակը թալանելու գործը լավագույնս է արտացոլում, թե ինչպես կարելի է դանդաղկոտության և կիսատ-պռատ քայլերի հետևանքով պարտվել գրեթե շահած պարտիան:

2018 թվականի հունիսին ողջ հանրությունը ցնցվեց Գրիգորյանի տանը և ամառանոցում արձանագրված բացահայտումներից: Թալանի չափերը և գեներալի անհագ ախորժակն այնքան մերժելի ու եղկելի էին, որ անգամ ՀՀԿ-ականները չկարողացան փրկել իրենց թիմակցին և քվեարկեցին նրան արդարադատությանը հանձնելու օգտին: Մինչդեռ մի քանի ամիս անց համառեցին ու փրկեցին մեկ այլ թիմակցի՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, որը մեղադրվում է 13 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

2018-ի հունիսից անցել է մեկուկես տարուց ավելի, բայց Մանվել Գրիգորյանի դատավարությունը, ըստ էության, չի սկսվել՝ կանգ առնելով խափանման միջոցների միջնորդությունների քննարկման փուլում: Եվ երեկ դատախազությունը ստիպված եղավ միջնորդել փոխել նրա խափանման միջոցը, քանի որ առողջության վատթարացման պայմաններում կալանքի հետագա կրումը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ դատախազության և քաղաքական ղեկավարության համար:

Ստեղծված իրավիճակում, ցանկացած պարագայում, պարտվում է իշխանությունը: Գործող իշխանությունը և անձամբ վարչապետը շարունակում են հայտարարել, որ թալանչիները, գողերը և կոռուպցիոներները ենթարկվելու են պատասխանատվության: Մինչդեռ հեղափոխությունից 20 ամիս անց էլ չկա կոռուպցիոներ, որի վերաբերյալ առկա լինի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, գոնե առաջին ատյանի դատարանի մակարդակով: Ոչ միայն չկա դատավճիռ, այլև մոտ ապագայում էլ չի նշմարվում նման հեռանկար: «Հայաստան» հիմնադրամի տնօրենը ոչ միայն այլևս չի վայելում կալանավայրերում սննդի փոփոխության պտուղները, այլև շարունակում է ազատության մեջ գրառումներ անել և հեգնել հանրությանը:

Ամենևին պետք չէ բացառել, որ առաջիկա մեկ տարում կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կարելի է միայն պատկերացնել նախկինների փաստարկված «քննադատությունը», թե ասում էիք, որ նախկինները թալանչիներ և կոռուպցիոներներ են: Ո՞ւր են դատավճիռները, չէ՞ որ քրեական գործ հարուցելը քիչ է և կարող է դիտարկվել իբրև ճնշում քաղաքական հակառակորդների վրա: Հանրությունն առանձնապես լուրջ չի ընդունելու գործող իշխանության փաստարկները, թե իրենք ինչ կարողացել են՝ արել են: Իսկ դատական իշխանությունը հնի մնացուկ է և իրենց չի ենթարկվում և գործ ունենք սաբոտաժի հետ: Այդ ժամանակ ավելի բարձր և համոզիչ է հնչելու առողջ ընդդիմության ձայնը՝ ո՞ւր է վեթթինգը, ո՞ւր են դատավորների բարեվարքության ստուգման իրական մեխանիզմները և ի վերջո ո՞ւր է քաղաքական կամքը՝ նախկինների հանցագործությունները դատապարտելու առումով: 

Մանվել Գրիգորյանը պետք է դատապարտված լիներ, թեկուզև առողջության պատճառով չկրեր պատիժը: Դրա փոխարեն, երեկվանից ունենք շահարկումներ և մանիպուլյացիաներ միշիկական և դաշնակցական մամուլի էջերում, թե իբր Գրիգորյանի դեմ իրականացվում է հաշվեհարդար՝ կապված 2008 թվականի նրա դավաճանության հետ: Իսկ եթե, Աստված մի արասցե, Գրիգորյանի հետ մի բան պատահի, այդ նույն շրջանակները նրանից կերտելու են ռեժիմի զոհի: Հայկական շահիդ, որն ընկավ գործող իշխանության ապօրինի կալանավորման պատճառով: 

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ