...

Մշակույթի 60 գործիչ՝ ջրի երեսին խեղդվողները

Մշակույթի 60 գործիչ՝ ջրի երեսին խեղդվողները

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին մշակույթի գործիչների նամակը թղթի վրա չէր գրվել, այլ հասարակության նյարդերի։ Հակազդեցությունը սուր էր՝ սրանք ովքե՞ր են, որ տարի ու կեսվա մեկուսացումից ծլեն ու «չարության, ատելության, թշնամանքի ու հակամշակութային մթնոլորտից» փորձեն դուրս պրծացնել այդ «մշակույթի» իրական հորը՝ Ռոբերտ Քոչարյանին։

Կարծես թե այդ մարդկանց վերջին մեկ ու կես տարում հիշող չկար։ Ինչու՞ հիշեցրեցին իրենց մասին։ Գուցե մեկ ուրիշի խափանման միջոցի փոփոխություն պահանջեին, քիչ մարդ չկա, որ ցմահ ազատազրկման է դատապարտվել և սպասում է արդարության մի շողի։ Ինչու՞ հենց Ռոբերտ Քոչարյանի, ուրիշ հերոսի անուն չգիտե՞ն։ Կարծես թե ոչ մեկը մտադիր չէր հայհոյելու նրանց, որոնք չքվել էին ասպարեզից։ Բայց էս մարդիկ խոսեցին։ Ու հասարակությունը սուր արձագանքեց, «քֆուր քյաֆարը» կապեց։ Որովհետեւ խաղադրույքը սխալ էր արված։ 

Հասարակության դատն ընդդեմ Քոչարյանի չի ավարտվել, ու երևի վերջինիս դատավճռով էլ չավարտվի։ Մշակույթի 60 գործիչ վերջին 20 տարում ապրել է «երկնքում» հենց այն ժամանակ, երբ հասարակությունը մի կերպ քարշ էր տալիս իր արժանապատվությունը։ Ոչ մեկի ծպտունը չլսվեց, երբ Հյուսիսային պողոտայի խարխուլ տներից մարդկանց դուրս էին շպրտում չնչին փոխհատուցումներով, ոչ մեկի կոկորդից մի թառանչ չլսվեց, երբ նախագահի ընտրություններից հետո մարդիկ ձերբակալվում էին ակնհայտ քաղաքական պատճառներով։ Նման բաները մոռանալ հնարավոր չէ։ Ժողովուրդը որևէ կերպ չխանգարեց, որ այդ գործիչները բարգավաճեն Ռոբերտ Քոչարյանի շուքի տակ, ժողովուրդը էդ մարդկանց վիճակված բարձրաստիճան ողորմածությանը դիմացավ սեղմված ատամներով։ Ոմանց գոյությունից տեղյակ էր, մյուսներին ընդունել էր ի գիտություն։ 

Հիմա ժողովուրդն ասում է՝ ընկերներ, մտեք էն ծակերը, որտեղ հայտնվել եք հեղափոխությունից հետո, ձեր զահլեն ոչ մեկը չունի, մեզ մի խանգարեք վայելել արդարադատությունը, մեզ մի սովորեցրեք, թե փոխված խափանման միջոցով ինչի է ընդունակ Քոչարյանը և ինչի ընդունակ չէ։ Էդ մասին թող վկայեն մարտի 1-ի ցուցարարները, թող նրանք գրեն խափանման միջոցի փոփոխության հայտարարությունը, էդ մասին թող «խոսեն» աֆրիկյան սավաննաների վայրի կենդանիները, նրանք հաստատ Քոչարյանի մասին «ասելու» բան կունենան։ Եթե նրանք լռում են, դուք խոսելու իրավունք չունեք։ 

Փաստն այն է, որ Քոչարյանի օրոք մշակույթից վերցվել էր առաքելությունը, և փոխարենը մնացել էր «արժանիքը»։ Իսկ արժանիքը պարզ էր՝ ո՞վ է անցնում ապօրինության թրի տակով։ Ով անցնում էր, նա դառնում էր «պալատական երգիչ»՝ բանաստեղծը, ճարտարապետը, ռեժիսորը, մուլտիպլիկատորը, երգահանը։ Սկզբունքն այս էր՝ դուք լռում եք Հայաստանի վաղվա օրվա հետ կապ չունեցող մեր արարքների, մեր անբարոյականության մասին, մենք ձեզ եթեր ենք տալիս, մենք ֆինանսավորում ենք ձեր համերգները, պետական մրցանակներ ենք շնորհում, նախագահական գրանտներ ենք տալիս, նախարար ենք նշանակում։ Հիշյալ հայտարարությունը ստորագրածների 95 տոկոսն այդ «բարիքները» վայելել է։ Քոչարյանը ոչ մեկի հետ խոսելու այլ լեզու չգիտեր, եթե նա քաղաքական կողմնորոշում չունի։ Իսկ եթե ունի, ու այդ կողմնորոշումն իր սրտով չէր, կարճ ասած, եթե գործիչը քաղաքացի էր, որը Քոչարյանի պատկերացումներին չէր բռնում, գնում էր բանտ մի քիչ խելքը գլուխը հավաքելու։ 

Հասարակությունը մշակույթի հիշյալ գործիչներին հայհոյեց, որովհետև նրանց «արժանիքների» հետ հաշվի նստելով լավամարդ դառնալն անցյալում է։ Բայց կար այսպիսի մի խնդիր՝ նրանք գլուխներն այլ կերպ պահել չեն կարող, նրանց մոտ պահպանվել է «երկրի գլխից» փող վերցնելու իներցիան։ Իսկ փող Քոչարյանն ունի։ Դե «մշակույթի գործիչներն» էլ ունեն հոտառություն։ Եվ նրանք գրեցին այդ հայտարարությունը, որը ավելի բարդացրեց Ռոբերտ Քոչարյանի վիճակը։ Պարզվեց նրանք չեն վիճարկում Քոչարյանի մեղքը, նրանք վիճարկում են սոսկ այն, որ խափանման միջոցի փոփոխությամբ այդ մարդը կշարունակի մնալ օրինավոր ամբաստանյալ։ Հասկացա՞ք։ Իրենք էլ գիտեն, որ մարդը հենց այնպես չի հայտնվել ճաղերի հետևում, բայց հայտարարություն են ստորագրում, որովհետև ստորագրելու հրավերը ձրի չի արվել։ Հիմա ի՞նչ անեն այս մարդիկ։ Կարծես թե արդարացրել են ստացած «պիցցայի» սպասելիքները, արձանագրել են «չարության, ատելության, թշնամանքի և հակամշակութային մթնոլորտը»։ Բայց պարզվեց դա պիտի չանեին, պիտի խոսեին այդ մարդու անմեղությունից, իսկ Քոչարյանի անմեղությունը նրանց հասկանալի չէ։ Ուստի հայտարարությունը դարձավ մեղավորության արձանագրում։ Հընթացս ամբողջ փաթեթով «վայելեցին» հասարակության հայհոյախառն արձագանքը այն փաստին, որ դեռ կան ու դեռ Քոչարյանի կողքին են։ Էդ մարդիկ փաստորեն դարձան բնության մեջ եզակի երևույթներ՝ դուրս եկան ջրի երես ու խեղդվեցին։ Էսպես էլ բա՞ն կլինի։

Հեթում Մարտիրոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   7255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ