...

Նաիրի Հունանյանից տագնապածներն արդեն հող են նախապատրաստում

Նաիրի Հունանյանից տագնապածներն արդեն հող են նախապատրաստում

Այն բանից հետո, երբ հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը դիմեց վաղաժամ ազատման հայցով, իսկ հետո ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԱԾ մեկուսարանում հանդիպում ունեցավ նրա հետ, հոկտեմբերի 27-ի թեմայի հանդեպ հանրային ուշադրությունը շեշտակի աճեց, մեդիա-դաշտը սկսեց զգալի տեղ հատկացնել դրան:

Մի քանի օրինաչափություն մեր ուշադրությունը գրավեց: Քոչարյանական լրատվամիջոցները միանգամից քարոզչական հարձակում սկսեցին Արման Բաբաջանյանի դեմ: «Որ նա պատվեր է կատարում»-ից մինչև նրա կենսագրության էջերի մանրամասն տնտղումը: Թե հատկապես ինչն է կատաղեցրել քոչարյանականներին և նրանց վարձկաններին, չեն ասում: 

Երկրորդ. քոչարյանական և դաշնակցական մամուլը, այդ ուժերի ներկայացուցիչներին վերջին օրերին ինչ գրում կամ խոսում են հոկտեմբերի 27-ի մասին, սկսել են հատուկ ընդգծել. «հոկտեմբերի 27-ի կազմակերպիչ Նաիրի Հունանյան»: Մինչ այժմ միշտ նշվում էր՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացրած ահաբեկչական խմբի պարագլուխ կամ ղեկավար Նաիրի Հունանյան: Իսկ հիմա միանգամից դարձավ կազմակերպիչ: 

Սա այլ կերպ, քան՝ ինքնապաշտպանական բնազդ, հնարավոր չէ անվանել: Հիմիկվանից արդեն այդ թեզն են շրջանառության մեջ գցում, թե իբր հենց Նաիրի Հունանյանն է եղել ոչ միայն հոկտեմբերի 27-ի կատարողը, այլ նաև՝ հենց կազմակերպիչը: Իզուր տեղը մի շոշափեք այդ թեման, կազմակերպիչներ մի փնտրեք, գործը վերաբացելու, նոր նախաքննություն անցկացնելու մասին ընդհանրապես մոռացեք: Եթե Նաիրի Հունանյանը հանկարծ անուններ տա, ուրեմն, նա դա անելու է իշխանությունների պատվերով, տալու է իշխանություններին ոչ հաճո անձանց անուններ: 
Այսինքն, քոչարյանական-դաշնակցական ուժերը արդեն այժմ հող են նախապատրաստում, որ եթե հոկտեմբերի 27-ի գործով հանկարծ ու բացահայտումներ լինեն, իրական կազմակերպիչների անուններ պարզվեն, այդ ամենը համարեն քաղաքական պատվեր: 

Օրինակ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը թեմայի վերաբերյալ շատ ուշագրավ մտքեր է հայտնել: Վերջինս խոսելով 27-ից հետո տեղի ունեցած զարգացումներից, ասել է, որ երբ վարչապետի պաշտոնից հեռացվեց Արամ Սարգսյանը, իշխանությունը կրկին մնաց Հանրապետականին, վարչապետ նշանակվեց Անդրանիկ Մարգարյանը: 

Նման բան չկա: Իհարկե, Գեղամ Մանուկյանն այստեղ կեղծում է. երբ վարչապետի պաշտոնից հեռացվեց Արամ Սարգսյանը, իշխանությունը մնաց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Հանրապետական կուսակցությունը, կամ՝ խմբակցությունը, առանց Վազգեն Սարգսյանի ու Դեմիրճյանի, մի ամորֆ մարմին էր, որտեղ հիմնականում կամազուրկ, վախկոտ, որևէ սկզբունք չունեցող մարդիկ էին: Արամ Սարգսյանին հանելուց հետո այդ ուժը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրպանի խաղալիք դարձավ: Ինչ ուզում, հետը անում էին: 20 տարի ՀՀԿ-ն հավատարիմ ծառայեց Քոչարյանին, հետո՝ Սերժ Սարգսյանին, այն Սերժ Սարգսյանին, որի հրաժարականն էին պահանջում, իսկ հետո իրենց նախագահ «ընտրեցին»: Սա մի կեղծիք:

Երկրորդ. Գեղամ Մանուկյանն ասել է. ««Տարիների ընթացքում պարբերաբար, կախված իրավիճակից, «Հոկտեմբերի 27»-ը դարձել է այս կամ այն ուժին թիրախավորելու գործիք: Այսօրվա իշխանության մեջ որոշ անձիք այն ժամանակ անսահման հնարավորություն են ունեցել իրականացնել նախաքննություն: Հիմա ժամանակները փոխվել են, մարդիկ փորձում են այլ կերպ ուղղորդել «Հոկտեմբերի 27»-ը:

Եվ նորից դաշնակցական կարկառուն գործիչը կեղծում է. Այսօրվա իշխանության մեջ չկա գեթ մեկը, որը 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո ունենար գործը բացահայտելու անսահման հնարավորություն: Թող ինքը ասի, թե ում նկատի ունի: Եթե նկատի ունի այն ժամանակվա վարչապետ Արամ Զ. Սարգսյանին և գլխավոր զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, ապա նրանք այժմ իշխանություն չեն: Բայց, ընդունենք, հիմա իշխանություն են. նրանց օրոք հոկտեմբերի 27-ի գործով նախաքննություն էր ընթանում, ձերբակալությունների ալիքը հասել էր մինչև Ռ. Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանին, իսկ հետո՝ Քոչարյանը գործից հանեց Արամ Սարգսյանին, Գագիկ Ջհանգիրյանին արգելեց գործի վերաբերյալ զեկույցով հանդես գալ խորհրդարանում, բոլոր ձերբակալվածներին էլ՝ բացի Հունանյանի խմբից, ազատ արձակեց: Բա որտե՞ղ մնաց գործը իրապես բացահայտելու ցանկություն ունեցողների անսահման հնարավորությունը: 

Ոնց որ թե, այդ անսահման հնարավորությունները պատկանում էին հենց Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Ու հիմա, երբ այս երկու անձանց հնարավորությունները, այսպես ասած, այնքան էլ  անսահման չեն ու խոսակցություններ են գնում հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման և կազմակերպիչներին գտնելու շուրջ, դրա համար էլ, տեսեք, թե ինչպես են սկսել ամեն ինչ շուռ տված ներկայացնել, խեղաթյուրել իրականությունը, չեղած բաները իրականություն ներկայացնել: Սա շատ բնական և հիստերիկ ռեակցիա է. Նաիրի Հունանյանի շնորհիվ 20 տարի անսահման իշխանություն են վայելել, կերել ու երկիր վաճառել. հիմա տագնապների մեջ են, որ այդ կերածները կարող են կոկորդին մնալ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6955 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ