...

Նախկինների մեդիան այլևս բարոյահոգեբանական ներգործության միջոցներ է կիրառում

Նախկինների մեդիան այլևս բարոյահոգեբանական ներգործության միջոցներ է կիրառում

Մեկ ու կես տարի է, ինչ Հայաստանում քաղաքական դիսկուրսի առաջատար հորիզոնականներում իր ուրույն տեղն է զբաղեցնում հետևյալ փոխադարձ մեղադրանքը՝ բա ինչու՞ չդատապարտեցիք իքս բռնարարքը: Բանավեճի ժամանակ կան նաև մի քանի թեզեր, որ գրեթե միշտ կրկնվում են՝ իշխանությունը սահմանափակում է մամուլի ազատությունը, երկակի ստանդարտներ է կիրառում բռնարարքներ կատարած յուրայինների ու հակառակորդների նկատմամբ, նախկին ռեժիմի մեդիան պատերազմ է հայտարարել ժողովրդին և այլն: Վարչապետը երբեմն նույնպես միանում է դիսկուրսին՝ նշելով, որ իշխանությունների դեմ ընթանում է հիբրիդային պատերազմ:

Շաբաթ օրը մի խումբ երիտասարդներ ակցիա իրականացրեցին «Հայելի» ակումբի խմբագրության դիմաց: Պատերին գրառումներ անելուց զատ, նաև ձվեր նետեցին ակումբի ուղղությամբ: Արագ արձագանքման դատապարտողների խումբը վայրկենապես դատապարտեց ակցիան: Նրանք պահանջում են կալանավորել երիտասարդներին, ճիշտ այնպես, ինչպես կալանավորվեցին Քոչարյանի երկու աջակիցները, որ հետապնդել էին Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին: Այս պահին հարուցվել է քրեական գործ, և ընթանում է նախաքննություն:

Բայց ակնհայտ է, որ սա միայն սկիզբն է, և մենք առաջիկայում ականատեսն ենք լինելու ավելի բուռն զարգացումների:

Ներկայումս նախկին ռեժիմի մնացած բաստիոններից ամենակատաղի դիմադրությունը ցույց է տալիս նրանց վերահսկողության ներքո գտնվող մեդիան: Նրանք այլևս դադարում են տարածել միայն ապատեղեկատվություն, կիրառել միայն մանիպուլյացիա և անցել են պարզապես հոգեբանական գրոհի: Պատերազմը անխուսափելի է, Ալիևը ունի աշխարհի հզորների «դաբրոն», իսկ գործող իշխանությունը զբաղված է պարտության համար նախադրյալներ ստեղծելով: Պատերազմական վիճակում գտնվող երկրի ազգաբնակչության համար խիստ վտանգավոր է կարդալ հայկական լրատվամիջոցի նյութը այսպիսի վերնագրով և բովանդակությամբ՝ «Ալիևի ուշացած, բայց ուժգին պատասխանը Փաշինյանին»: Սա արդեն ոչ ապատեղեկատվություն է և ոչ էլ մանիպուլյացիա: Սա փորձ է ազդել ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա: Հակառակորդի հզորության մասին թեզի տիրաժավորումը հարված է ոչ այնքան իշխանությանը, որքան պետությանը և նրա ժողովրդին: Եվ անպայման չէ, որ իշխանությունը կազմակերպի ինչ-որ խմբերի ակցիաներ նման լրատվամիջոցների դեմ: Ցանկացած մեկի նյարդերը կարող են տեղի տալ:

Մեկ բան հստակ է: Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը խոստացել էր ժողովրդին դարձնել երջանիկ, անցած մեկ ու կես տարում մարդիկ ապրում են ավելի լարված վիճակում, հոգեբանորեն դարձել են ավելի դյուրագրգիռ և դրա առաջնային մեղավորը, կազմակերպողը և նպաստողը մեդիան է: Եվ, ըստ էության, իշխանությունը դրան չի կարողանում ոչինչ հակադարձել և տանուլ է տալիս քարոզչական պատերազմը: Դե ֆակտո պատերազմի մեջ գտնվող երկրի համար դա կարող է ունենալ անդառնալի հետևանքներ:

Իշխանությունը պետք է գտնի ոսկե միջինը: Մի կողմից՝ կանխի ցանկացած ոտնձգություն անկախ լրատվության հանդեպ, մյուս կողմից՝ չեզոքացնի լրատվության անվան տակ հոգեբանական ներգործության փորձերը հասարակության հանդեպ: Ի վերջո, լրատվական աղբը հավաքելու և տեսակավորելու գործը նույնպես պետք է սկսի իշխանությունը:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5222 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ