Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
18.11.2019   09:00
761

Նազարը մոբիլիզացնում է «ժանգոտ թրերից» մինչև «քոսոտ ավանակներ»

Սերժ Սարգսյանն այն գործիչների դասին է պատկանում, ում հաջողվել է իր կառավարման շրջանում շահադիտական նպատակներով օգտագործել այլոց` ընդհուպ այդ մարդկանց փչացնելու և նրանց վաստակը փոշիացնելու գնով:  

Օգտագործումը, որպես այդպիսին, դրսևորման տարբեր ձևեր է ունեցել և շարունակում է ունենալ` յուրաքանչյուր դեպքում համարժեք լինելով օգտագործվողի ներուժին`տաղանդին ու ձեռնահասությանը: Մի դեպքում այդ ներուժը բավականացրել է օգտագործվողին նախագահի կարգավիճակում Հանրային խորհուրդ, մյուս դեպքում` քարտուղարի կարգավիճակում ԱԱԽ գործուղելու, երրորդ դեպքում՝ պատգամավորի մանդատ բաշխելու համար, չորրորդ դեպքում` կոալիցիոն գործընկեր դարձնելու, հինգերորդ դեպքում՝ շքանշան տալու համար: 

Ս. Սարգսյանը մի ամբողջ 10 տարի օգտագործելով իր և ոչ միայն իր քաղաքական թիմի ներուժը` կարողացավ արմատավորել իր իսկ`անփոխարինելի լինելու առասպելը, և որ ամենասարսափելին է` ինքն էլ թիմի մոլեռանդ երկրպագության շնորհիվ սկսեց հավատալ այդ առասպելին` տրվելով իշխանությունը ուզուրպացնելու և վարչապետի պաշտոնում հավերժանալու արկածախնդրությանը: Թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո` հիշում են բոլորը: Ս. Սարգսյանն այս ողջ ընթացքում և այժմ էլ շարունակում է օգտագործել յուրայիններին և նրանցից առնել իր անփառունակ կործանման վրեժը` վերջիններիս մեյդանում պահելով, ստատուս-հոդվածներ գրել տալով, այսպիսով նրանց նկատմամբ անընդհատ հանրային ատելություն ու նզովք սադրելով և իր խայտառակության բեռը կրելուն նրանց ևս մասնակից դարձնելով: Ցավալի է արձանագրելը, թե ինչպես է մերժված ուզուրպատորը անձնական օգտագործման նպատակով  վարկաբեկում ու փչացնում առանց այն էլ արագ փչանալու հակումներ ունեցող այնպիսի ինստիտուտ, ինչպիսին է պատերազմով անցած հերոսների ինստիտուտը: 

Իսկ ահա վերջին օրերի նրա առերևույթ ակտիվացումն ու կոնսպիրատիվ միջոցառումներին մասնակցելը  մեսիջ են հանրությանն ու իշխանությանը, որ ռևանշի հասնելու նախկինների ծրագիրը տարերային վիճակից կամաց-կամաց տեղափոխվում է առարկայական դաշտ: Նշենք, որ Ծաղկաձորում նախորդ շաբաթ տեղի է ունեցել ուշագրավ անվանումով աշխատաժողով` «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը. մարտահրավերներ և լուծումներ»: Հավանաբար պոպուլիզմ ասվածը քննարկման մասնակիցները պրոյեկցել են գործող իշխանության վրա, իսկ «ավանդական քաղաքականություն» ասվածի տակ նկատի են ունեցել տապալված ռեժիմի բանեցրած քաղաքականությունը, որի ողջ տրամաբանությունը մեկ խնդրի էր ուղղված` ինչպես տարիներ շարունակ ապուշացնել հասարակությանը, մենաշնորհել իշխանությունը, ապաև` սահմանադրական բարեփոխում ֆոկուսի միջոցով Սերժ Սարգսյանին դարձնել «անհաղթ հերոս Քաջ Նազար»: 

Հեղափոխությունը թեև ցրեց նազարականությամբ տառապող նախկին նախագահի անհաղթելիության առասպելը, այժմ, վարչապետի պաշտոնավարման մեկ տարվան ընդառաջ, երբ Սահմանադրությունը նախատեսում է վերջինիս անվստահություն հայտնելու հնարավորություն, «Նազարը» սկսել է հաճախակի դուրս գալ դուրս «փարդի հետևից», մոբիլիզացնել իր ռեսուրսները`«ժանգոտ թրերից» մինչև «քոսոտ ավանակներ», սաստկացնել հարայ-հրոցը, որպեսզի հող նախապատրաստի «քարվան կտրելու»`Բաղրամյան 26 վերադառնալու իր մտադրության համար: Ռևանշի այս ծրագիրը սպասարկելու համար ակնհայտ է, որ առկա է համախոհություն Սարգսյանի ու Քոչարյանի թիմերի և նրանց հարող ուժերի միջև: Օրերս այս մասին հավաստող հայտարարություն արեց ՀՀԿ-ի «լուսապսակ ճակատը»` Ա. Աշոտյանը, մասնավորապես նշելով, թե «հասարակության ներսում խորացող հիասթափությունն ու ապատիան» «սասանում են Նիկոլ Փաշինյանի պատվանդանը և խորացնում իր վախերը»: «Նա, ավելի, քան երբևէ, սարսափած է իր ապազգային և ապաշնորհ կառավարության դեմ հասունացող միասնական ճակատի գաղափարից, որի կարևորագույն դերակատարները կարող են լինել հենց Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն և Ռոբերտ Քոչարյանը»: 

Հարց է առաջանում, թե Աշոտյանի ասած` այդ «հասունացող ճակատը» ի՞նչ է անելու և ամենակարևորը` ինչպե՞ս: «Ավանդական քաղաքականությունը» ենթադրում է, որ այդ ճակատը դրսևորվելու երկու ճանապարհ ունի` սահմանադրական, այսինքն` ընտրությունների միջոցով կրկին իշխանությունը վերցնելը` «մին զարկել, հազար ջարդելը», և ոչ սահմանադրական` տվյալ դեպքում`հակահեղափոխական, որը կարող է գործի դրվել տարբեր եղանակներով: Դրանցից մեկն էլ, օրինակ, ազգային ու ռազմահայրենասիրական օրակարգերով տարատեսակ «պարտիզանական ջոկատներ» ստեղծելն է, որոնք իբրև թե մտադիր են հասնել հանրային հաշտեցման և ստանձնել հեղափոխական իշխանությունից հիասթափվածների հույսերն արդարացնողի էստաֆետը: Սակայն հերիք է տնտղել արդեն իսկ ստեղծվածներից մի երկուսի ղեկավարների անցած ուղին ու պարզ կդառնա, թե ում «պսպորն» ենք նրանք և ինչ հանձնարարություն են կատարում: 

Բայցևայնպես, եթե Աշոտյանն ու մյուս «լուսապսակները» հույս ունեն, թե այս ընթացքում տարբեր հարցերի շուրջ ստորգետնյա կամ վերգետնյա «ցնցումներ» կազմակերպելով, միջազգային հանրությանը SOS ազդանշան ուղարկելով  կկարողանան ինչ-որ պահի վայր գցել պատվանդանի վրա հենվածին, ապա դա դեռ երաշխիք չէ, որ այդ պատվանդանը կարող է որպես այդպիսին վերստին ծառայել մեկ անգամ արդեն խայտառակված նազարներին: Այդ պատվանդանն ունի հիշողություն. դրա անունն է ժողովուրդ:   

Հեղինե Մանուկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2019



 Պիտակներ

         «Չորրորդ իշխանություն», Սերժ Սարգսյան, Հեղինե Մանուկյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476