Սատիրիկոն
06.12.2019 / 22:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 21:00
Քաղաքական
06.12.2019 / 20:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 19:30
Սատիրիկոն
06.12.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 18:00
02.12.2019   09:30
862

Ոչ հեղափոխական խորհրդարանի մեկ տարին

Շուտով կլրանա յոթերորդ գումարման ԱԺ-ի գործունեության մեկ տարին: Ի՞նչ գնահատական կարելի է տալ մեկ տարվա գործունեությանը: Խորհրդարանի երիտասարդ կազմը չձախողվեց, բայց նաև չարձանագրեց հեղափոխական ճեղքում: Ինչը ինքնին ակնկալվում էր՝ հաշվի առնելով հեղափոխությունը, արդար ընտրությունները և տասնամյակների քննադատությունը, որ խորհրդարանները չեն աշխատում, այլ պարզապես կառավարության դակիչն են:

Պատգամավորների թվի 27-ով ավելացումը նույնպես չհանգեցրեց որևէ որակական արդյունքի: Ինչպես նախկինում, ներկայում նույնպես պատգամավորները շարունակում են կառավարության համեմատ ավելի քիչ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել: Կայացած ժողովրդավարություններում, խորհրդարան-կառավարություն հարաբերակցություններում առավելությունը խորհրդարանի կողմն է:

Մեկ տարվա արդյունքներով, խորհրդարանը չի սկսել իշխող ուժի նախընտրական գլխավոր քաղաքական խոստումների օրենսդրական փաթեթավորման գործընթացը: Սահմանադրական փոփոխությունների մասին խորհրդարանում աշխատում են չբարձրաձայնել՝ սպասելով, թե երբ դրա մասին հարկ կհամարի խոսել Նիկոլ Փաշինյանը: Կուսակցությունների մասին օրենքի քննարկումը մնացել է Լենա Նազարյանի աշխատասենյակի պատերից ներս: Իսկ մինչ այդ նախկին իշխանությունները նոն-ստոպ ռեժիմով գրանցում են մարդ-կուսակցություններ: Գործող իշխանությունը, իր ընդդիմադիր տարիներին քարը քարին չթողեց Դավիթ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի ընտրական օրենսգրքից: Ամենաքննադատվողը վարկանիշային համակարգն էր: Քաղաքական կամք չդրսևորվեց, որ այն փոփոխվի մինչև անցյալ տարվա ընտրությունները, և մեկ տարվա անգործությունը հուշում է, որ դա ամենևին էլ պատահականություն չէր:

Խորհրդարանական դիվանագիտության մեջ չկա ոչ առաջընթաց և ոչ էլ հետընթաց: Նույն շաբլոնային և օրակարգային այցելությունները և հյուրերի դիմավորումը: Չկան նախաձեռնողականություն, հեղափոխության շնորհիվ Հայաստանի վարկանիշի և դերի բարձրացմանը միտված քայլեր: Նույն ստանդարտ գործելաոճը ԵԽԽՎ-ում, ադրբեջանցի պատգամավորների սադրանքներին հակադարձումը, ինչը կար և նախկինում: Նորությունն այն է, որ Հայաստանի պատգամավորներից մեկը կարող է դեմ քվեարկել Ռուսաստանին, բայց հետո ստիպված կազմակերպվում են մերձեցման երեկոներ, որպեսզի բացատրություններ տրվեն: Իսկ բացատրությունը մեկն է՝ նոր ենք, շփոթել ենք քվեարկության էլեկտրոնային կարգը:

Հիմնականում իշխող ուժի ջանքերով, շարունակվում է կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի կարևոր ինստիտուտը մնալ տնային աշխատանքի մակարդակին: Շատ հարցեր տրվում են հանուն ժամանակ շահելու կամ երևալու, մինչդեռ դրանք կարող են տրվել գրավոր:

Ինչպես և նախկինում կան տասնյակ պատգամավորներ, որոնք պետք է ցույց տան վկայականը, որպեսզի հավատանք, որ նրանք պատգամավոր են: Պատահական չէ, որ որոշ պատգամավորներ մինչ այս պահը չեն անջատել իրենց պատգամավոր դառնալու մասին ֆեյսբուքյան գովազդը: Օրինակ, ո՞վ է լսել Մաթևոս Ասատրյանի, Սեդրակ Թևոնյանի, Վահե Ղալումյանի, Եղիշե Սողոմոնյանի, Լիլիթ Ստեփանյանի, Արտաշես Պետրոսյանի անունները, մինչդեռ նրանք արդեն մեկ տարի է, ինչ պատգամավոր են: Այսինքն՝ ժողովրդավարական, արդար և թափանցիկ ընտրությունների շնորհիվ ունենք պատգամավորներ, որոնք ոչինչ չեն անում խորհրդարանում: 

Շատ է ասվում, որ իրավապահ համակարգը մնացել է նույնը և այդ պատճառով նախորդ ռեժիմի հանցագործությունների բացահայտման տոկոսը չափազանց փոքր է: Հարց է առաջանում, ինչո՞ւ խորհրդարանը չի օգտագործում իր լիազորությունները և քննիչ հանձնաժողովների միջոցով առավել հնչեղ կոռուպցիոն գործարքները, դիցուք՝ գույք՝ պարտքի դիմացը կամ գազի 300 միլիոն դոլարի առեղծվածային պարտքի առաջացումը:

Խորհրդարանի աշխատանքները շարունակվում են ընթանալ կիսադատարկ դահլիճի պայմաններում, ինչպես և նախկինում էր ու ինչի համար հանրությունը մշտապես քննադատում էր ոչ լեգիտիմ ճանապարհով ձևավորված խորհրդարաններին:

Այսպիսի խորհրդարանը աջակից չէ հեղափոխական ծրագրերի իրականացմանը և լուրջ վնաս է հասցնում իշխանությունների վարկանիշին:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2019



 Պիտակներ

         Չորրորդ իշխանություն, Արիս Վաղարշակյան

Գովազդ

Ամենաընթերցված













«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 828















Homos Latentus
Homos Latentus
03.12.2019 / 638