...

Օդն առողջության համար վտանգավոր է դարձել

Օդն առողջության համար վտանգավոր է դարձել

Հին մեքենաների պատճառով Երևանի օդն առողջության համար վտանգավոր է դարձել: Այս մասին ահազանգում է Էկո-Մեդիա ցանցը:

Երեկ Էկո-Մեդիա ցանցը տեղեկություններ էր հայտնել օդի աղտոտվածության համաշխարհային քարտեզում Հայաստանի իրավիճակի վերաբերյալ: Պատկերը, ըստ ցանցի, խիստ մտահոգիչ է։ Պատճառն էլ նշվում է՝ pm2.5 քանակի գերազանցումը։ Դրանք օդը հիմնականում ծանր մետաղներով կեղտոտող նանոմասնիկներն են, որոնք շնչելով թոքային տարբեր հիվանդություններ կարող են առաջանալ: Այսօր էլ քարտեզը երեկվանից ավելի կեղտոտ է ցույց տվել մայրաքաղաքի օդը:

Բնապահպան Կարինե Դանիելյանն այս օրերին բազմաթիվ զանգեր է ստանում քաղաքացիներից: Նրանց մտահոգում է օդի աղտոտվածությունը: Բնապահպանի հետ կապվում են՝ խորհուրդ հարցնելու համար:

Մասնագետը նկատում է՝ օդի աղտոտվածության խնդիր կա: Տարվա հատկապես այս շրջանում խնդիրն ավելի է սրվում: Դրան նպաստում է վերջին շրջանում առկա մառախուղը: Նոյեմբեր ամսվա երկրորդ կեսին ու դեկտեմբերի սկզբին հաճախ է նման պատկեր գրանցվում:

«Մառախուղները շատ աջակցում են, որ թունամշուշ լինի, որովհետև նստում են քաղաքի վրա և հավաքում աղտոտվածությունը: Հիմա օդն աղտոտված է: Եթե նայում ես Շրջակա միջավայրի նախարարության նախորդ ամիսների հրապարակած տվյալներին, առկա տոքսիկ նյութերը նորմայի սահմաններում են»,- «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց բնապահպանը:

Համաձայն Էկո- Մեդիայի հրապարակման՝ երեկվա դրությամբ օդի կեղտոտվածության ամենաբացասական ցուցանիշը Երևանում Վահագնի թաղամասում է գրանցվել, իսկ մարզերից՝ Արմավիրի Մուսալեռ համայնքում:
 
Կարինե Դանիելյանի խոսքով՝ պատճառն առկա ավտոմեքենաների մեծ թիվն ու քաղաքի շինությունների խտությունն է:

«Մենք այդքան խոսում ենք, բայց մեզ ոչ ոք չլսեց: Մտահոգիչ է հատկապես կենտրոնի խտությունը: Մեքենան մի հատ շարժվում է և կանգնում: Շարժվում է և կրկին կանգնում, անընդհատ արտանետումներ է տալիս: Այս առումով Երևանի քաղաքաշինությունը շատ է աջակցում, որպեսզի թունամշուշ լինի քաղաքի վրա և հաշվի չեն առնվում էկոլոգիական ռիսկերը»,- մատնանշեց մեր զրուցակիցը:
 
Օդը ծանր մետաղներով կեղտոտվում է նաև հանքարդյունաբերության միջոցով:

«Երևանի շուրջը 29 հանք է գործում: Դրանք, փառք Աստծո, մետաղական չեն, ոչ մետաղական հանքեր են: Բոլոր դեպքերում, այդ արտանետումները միանում են նաև տրանսպորտային միջոցների արտանետումներին և քաղաքին մատակարարում են փոշի, որի մեջ, ըստ ուսումնասիրությունների, նաև ծանր մետաղներ կան»,- փաստեց բնապահպանը:

Իսկ օդի աղտոտվածության ցուցանիշը մեղելու համար, Կարինե Դանիելյանի կարծիքով, պետք է վերանայվեն քաղաքաշինական նորմերը: Նրա խոսքով՝ շենք-շինությունների խիտ կառուցումը սպանում է քաղաքը:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1732 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ